Ձեզ ենք ներկայացնում Հովհաննես Սահակյանի հետ «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցից հատված։
-Եռյակի հիմնական նպատակադրումը, դատելով ամենից, սահմանադրական փոփոխությունների դեմն առնելն է։ Հնարավո՞ր է, որ իշխանությունները ինչպես ընդառաջ գնացին ընդդիմության պահանջներին՝ սկսելով բարեփոխումների գործընթացը, այնպես էլ հրաժարվեն դրանից՝ դարձյալ ընդառաջելով եռյակին։
-Իմ կողմից ճիշտ չի լինի այս պահին տեսակետ հայտնել պարզ պատճառով. ակնկալվում է, որ հոկտեմբերի 15-ին մասնագիտական հանձնաժողովը փոփոխությունների ամբողջական հայեցակարգը կներկայացնի հանրապետության նախագահին։ Երբ ներկայացվի, այն ժամանակ կարող ենք դատողություններ անել, մեկնաբանել, գնահատականներ տալ, դիրքորոշում հայտնել նախագծի վերաբերյալ։
Մինչ այդ մի բան կարող եմ ասել՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը հանրապետության նախագահն է, բայց տերը ժողովուրդն է. մեր տեսակետները քարացած չեն. ժողովուրդը ինչ որոշեց՝ այդ որոշումը պարտադիր կլինի բոլորի համար։
-Այնուամենայնիվ ինչո՞ւ ընդդիմությունն այդքան «սրտին մոտ» ընդունեց նախագահի նախաձեռնությունը. գուցե պատճառը ընտրական ինստիտուտի նկատմամբ ավանդական անվստահությո՞ւնն է։
Կարդացեք նաև
-Խնդիրը հետեւյալն է. իշխանությունն ունի որոշակի պարտավորություններ, որ իրականացնում է, ընդդիմությունն էլ հանգիստ պատրաստվում էր 2017-18թթ. ընտրություններին, եւ հանկարծ այն առաջարկները, որով իրենք հանդես էին գալիս 2012-13թթ.՝ սահմանադրական բարեփոխումներ, անցում խորհրդարանական կառավարման համակարգի, իրականացնում է իշխանությունը նախագահի նախաձեռնությամբ։
Դրա համար էլ ասում են՝ չէ, հիմա դրա ժամանակը չէ, ավելի կարեւոր խնդիրներ կան։ Մնացել են երկու ջրի արանքը՝ իրենց նախկին մոտեցումնե՞րը պաշտպանեն, թե՞ գործող սահմանադրությունը, որը, իրենց իսկ ասելով, խոչընդոտում է երկրի զարգացմանը։
Եթե խոսելու լինենք կառավարման մոդելի մասին, պիտի ասեմ, որ ամենաքիչը ՀՀԿ-ն է շահագրգիռ կիսանախագահական համակարգի փոփոխությամբ. մենք ունենք գործող նախագահ, ունենք խորհրդարանում մեծամասնություն եւ կարողանում ենք մեր առջեւ դրված խնդիրները լուծել։
Ընդդիմության մեր գործընկերները պետք է մի բան միշտ հիշեն՝ եթե չհիշեն, կհիշեցնենք. քաղաքական հարթակներում ամբոխավարությամբ զբաղվելով, հայհոյախառն ելույթներ ունենալով՝ հարց չի լուծվում, ընդդիմության կշիռը չի բարձրանում՝ դա անօգուտ է եւ ոչ մեկին պատիվ չի բերում։ Ինձ էլ պատիվ չի բերում, որ նստած եմ նույն խորհրդարանում։
Գնացեք մարզեր եւ տեսեք՝ հեռավոր ծայրամասային որ գյուղում քանի անդամ, համակիր ունեն, կարողանո՞ւմ են Ընտրական օրենսգրքով իրենց վերապահված ընտրական հանձնաժողովի մեկ անդամի տեղը ապահովել։ Չե՛ն կարողանում՝ սրա՛ մասին պետք է մտածել։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: