Առաջ անցնելով փաստենք, որ երեւի աշխարհում նման նախադեպ չկա, երբ բողոքեն հարկային բեռի թեթեւացման ( ոչ թե ավելացման ) դեմ, պատճառաբանելով, որ դրա արդյունքում ստիպված պետք է օրենքով աշխատեն:
Տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ կառավարության առջեւ կրկին բողոքի ցույցեր են անցկացնում: Վերջին անգամ բնակչության այս խավի ներկայացուցիչները բողոքում էին մի քանի տարի առաջ` ՀԴՄ-ների ներդրումից, որը կոչված էր բացահայտել մանրածախ եւ մեծածախ առեւտրի ոլորտում փաստաթղթաշրջանառությունը: ՀԴՄ-ները ներդրվեցին, բայց դրանց կիրառումը շարունակվեց ձեւական մնալ, հետեւաբար նաեւ չբացահայտված փաստաթղթաշրջանառությունն ու ստվերային շրջանառությունը մնացին անփոփոխ: Իսկ որ առեւտրի ոլորտում են պտտվում մեր տնտեսության ստվերի ահռելի մի հատված, որեւէ մեկի եւ հատկապես տոնավաճառների առեւտրականների համար գաղտնիք չէ: Դրա դեմ պայքարի ձեւեր գտնելը կառավարության պարտականությունն է: ՀԴՄ-ները թեեւ պարտադիր պայման էին ստվերի բացահայտման համար, բայց ոչ բավարար: Հատկապես հարկման փոքր բիզնեսի համար ստեղծված շրջանառության հարկի պարագայում:
Այս տարվա հունիսին Հայաստանի կառավարությունը արմատական փոփոխություն կատարեց փոքր բիզնեսի եւ մասնավորապես առեւտրով զբաղվողների համար` մի կողմից իջեցնելով հարկային դրույքաչափը, մյուս կողմից` փոքր բիզնեսից պահանջելով փաստաթղթերով աշխատել:
Առեւտրով զբաղվողները 3,5 տոկոսի փոխարեն կվճարեն 1 տոկոս շրջանառության հարկ
Շուրջ 40 հազար առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կառավարությունը դարձրեց 1 տոկոս: Թեթևացնելով փոքր եւ միջին բիզնեսի, մասնավորապես առեւտրային գործունեություն իրականացնողների բեռը, պետական բյուջեն չի ստանա 8 մլրդ դրամ:
Ընդ որում, հարկային բեռի թեթեւացումը արվել է միայն առևտրային գործունեություն իրականացնող փոքր ու միջին տնտեսվարողների համար: Արտադրության եւ ծառայությունների ոլորտների ՓՄՁ-ները շարունակելու են հարկվել շրջանառության հարկի նախկին` 5 տոկոս դրույքաչափով, թեեւ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ճիշտ կլիներ առաջին հերթին հենց այս` արժեքներ ստեղծող ճյուղերի համար հարկային բեռ թեթեւացնել: Սակայն վերադառնանք առեւտրին:
Կարդացեք նաև
Խոշոր բիզնեսը առավելապես տոնավաճառների միջոցով շարունակում է մեծածավալ ստվերային շրջանառություն ունենալ: Բացի դրանից, տոնավաճառները կեղծված, մաքսանենգ, ժամկետանց ապրանքների վաճառքի վայրերն են, ինչից տուժում են թե օրինական աշխատող տնտեսվարողները, թե սպառողները` այսինքն` մենք բոլորս: Առեւտրով զբաղվողների համար փաստաթղթաշրջանառությունը պարտադիր դարձնելը նշանակում է, որ նրանք պարտավոր են իրենց մատակարարներից ստանալ մատակարարված ապրանքի վերաբերյալ փաստաթուղթ` հաշիվ-ապրանքագիր կամ ՀԴՄ կտրոն:
Այդուհանդերձ, եթե ապրանք մատակարարողները չեն ներկայացնում փաստաթուղթ, մանրածախ առեւտրականներն ունեն պատժամիջոցներից խուսափելու այլընտրանք` նրանք պարզապես կարող են հարկային մարմնին հայտնել, թե ո՞ր ընկերությունից են իրենք ձեռք բերել առանց փաստաթուղթ ապրանքը :
Այսինքն, առաջարկվում է մեխանիզմ, որով պետք է բացահայտվի, թե որտեղի՞ց եւ ի՞նչ արժողությամբ ապրանք են ստանում տոնավաճառներում առեւտուր անողները: Նմանապես, թե խոշոր ներկրողները որտե՞ղ եւ ի՞նչ արժողությամբ ապրանք են սպառում: Միանշանակ է, որ առանց այստեղ փաստաթղթաշրջանառություն բացահայտելու, ստվերի դեմ պայքարը կդառնար պայքար հողմաղացների դեմ, այսինքն` անօգուտ եւ անիմաստ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: