Հայաստանյան լրագրողները բուռն արձագանքեցին Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Վիոլա վոն Քրանոնի այն դիրքորոշմանը, որ հայկական կողմը՝ ի դեմս նախագահի, պետք է Ադրբեջանին հանձնի օկուպացված տարածքները՝ այդպես փոխհամաձայնության գալով հարեւան պետության հետ, վերջ դնելով կոնֆլիկտին: Քննարկումը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում էր՝ Taz. Die tageszeitung հիմնադրամի նախաձեռնած՝ լրագրողների համար նախատեսված սեմինարի ժամանակ:
Հայ լրագրողներն անմիջապես արձագանքեցին, թե ինչպես կարող ենք տարածքներ զիջել, երբ ամեն անգամ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, սպանվում են հայ զինվորներ, իսկ Ալիեւի նույնիսկ ամանորյա ուղերձները լի են հայատյաց կոչերով: Բունդեսթագի նախկին պատգամավորը, ով մասնագիտացված էր Արեւելյան Եվրոպայի՝ հատկապես Ուկրաինայի եւ Հարավային Կովկասի հարցերում, նշեց, որ Լեռնային Ղարաբաղում երբեք չի եղել, այդ պատճառով շատ բան չի կարող ասել, բայց, այնուամենայնիվ, ավելացրեց. «Իհարկե, Հայաստանը կարող է իր օրինակը ցույց տալ, որ նա բարի կամք ունի: Ես գիտեմ, որ ադրբեջանական կողմը ունի մեծ բանակ, ես միայն զարմանում եմ, թե ինչու Հայաստանը հետ չի տալիս Ադրբեջանին երեք, չորս, հինգ շրջաններից, որոնք օկուպացրել է: Դա կլիներ ազդանշան: Հայերն, իհարկե, հարցնում են՝ ո՞վ կտա մեզ անվտանգության երաշխիք, ո՞վ կերաշխավորի, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դրանից հետո կլինի խաղաղ եւ անվտանգ»:
Վիոլա վոն Քրանոնը տարակուսում է՝ գուցե բոլոր այս հարցերը քննարկվել են, հետո ավելացնում է. «Ես երբեք չեմ ունեցել այն տպավորությունը, որ հայերն իսկապես ուզում են դա անել, ուզում են ցույց տալ բարի կամք եւ վերադարձնել այդ օկուպացված տարածքները»:
Հետո նախկին պատգամավորը փորձում է հիշել Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման պայմանագրերից մեկը, որն ըստ նրա՝ լավագույն համաձայնությունը կարող է լինել իրավիճակը լավացնելու համար, բայց համաձայնության անվանումը՝ «Մադրիդյան սկզբունքներ», նրան հիշեցնում են հայ լրագրողները: «Շատ լավ պայմանագիր է փոխհամաձայնության, երբ դու տեսնում ես, թե ինչ կարող է անել մի կողմը, ինչ՝ մյուսը»,- ասում է նա՝ նշելով, որ այս համաձայնության հետ Հայաստանի նախագահը պետք է համաձայնվեր, եւ եթե նույնիսկ հայ հասարակությունը դա չընդուներ, պետք է բացատրեր դրա կարեւորությունը. «Նա պետք է ասեր՝ այո, մենք մի քայլ հետ պետք է գնանք, բայց պարոն Ալիեւը պետք է անի սա, բայց նա դա չարեց… Ոչ մի կողմից չկա բարի կամքի դրսեւորում: Ես հասկանում եմ՝ ինչու եք դուք դա անում, բայց Հայաստանի կողմը մի անգամ չի փորձում փոխհամաձայնության գալ»: Նախկին պատգամավորը դեռ երկար կփորձեր բացահայտել իր «չհիշած», բայց կոնֆլիկտի համար իր կողմից լավագույն համաձայնագիր համարվող «Մադրիդյան սկզբունքները», հետո դժվարությամբ կհիշեր նաեւ հակամարտությունը կարգավորող ինստիտուտի՝ Մինսկի խմբի անվանումը, բայց ներկա հայ լրագրողները հիշեցրին Ալիեւի եւ նրա վարած ռազմատենչ հայտարարությունները, վերջին ամիսներին սահմանում կատարվող իրադարձությունները: Քննարկումը գուցե ավելի երկարեր, եթե չմիջամտեր Ադրբեջանից մասնակից լրագրողը՝ իր հարցով, որը վերաբերում էր Ադրբեջանում քաղաքացիական նախաձեռնությունների ճնշմանը երկրի ղեկավարության կողմից:
Կարդացեք նաև
Եվրոպացի նախկին պատգամավորն այս առիթվ էլ ուներ իր մտահոգությունը. «Մարդիկ իսկապես ճնշման տակ են, միակ խնդիրն այն է, որ դուք ունեք գազ եւ նավթ: Եվ հենց այդ պատճառով Եվրոպան մշտապես ցանկանում է կապը ամուր պահել Ադրբեջանի հետ: Սա ցավ է, սա հիվանդություն է, դժվար է տեսնել, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունն այսպես ճնշվում Ադրբեջանում, մարդիկ ծեծվում են, ոստիկանությունը չի կարողանում պաշտպանել նրանց, շատերը հայտնվում են ճաղերի հետեւում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2014
մի խոսքով, “չուտել մարդու միս, ուտել հաց ու պանիր”: թազա շմայս եք գտել, ուզում եք տեսնեք ինչքան անտեղյակ ու անկապ պատասխաններ կտա: արդեն մարդն ասել էր կոնֆլիտկտի մեջ մասնագիտացած չի, ԼՂՀ-ում չի եղել: Էլ ինչ էյիք շարունակում: իսկ եթե սպասում էյիք, որ հեսա ձեզ խելոք պատասխաններ կտա մենակ նրան համար որ Գերմանացի պատգամվոր է, ավելի վատ ձեզ համար: նա էլ ասեց “գնացեք, գնացեք … բարի կամք, մարդու իրավունքներ, պիվա”:
Փաստորեն, եթե Ադրբեջանը չխախտի հրադադարը ու հայ զինվորներ չզոհվեն, կարելի կլինի տարածքներ զիջել: Եթե սա հայ մարդն է ասում, էլ ի՞նչ եք ուզում օտարից: