Մենք միշտ խոսում ենք պատմության դասերի մասին, սակայն, չգիտես ինչու, չենք հիշում պատմության թողած դասամիջոցները:
Դասամիջոցները, գուցեեւ կարճատեւ, թերեւս այն խաղաղ ժամանակներն են, երբ որ կարելի է հանգիստ խորհել, ծանրութեթեւ անել մեր արածն ու անելիքը: Այսինքն թե` գնալ պատմություն, սերտել պատմության դասերը եւ նայել առաջ: Չնայած ինձ միշտ թվացել է եւ գրեթե համոզված եմ, որ ոչ թե անցյալն է ձեւակերպում ապագան, այլ ապագայի տեսիլքն է, որ իմաստավորում է անցյալը:
Թեեւ թիրախի վրա չկա տասնմեկերորդ շրջանակը, բայց որպեսզի կարողանանք խփել ուղիղ տասին, թերեւս պետք է նշան առնենք թվացյալ տասնմեկերորդին:
Վեց հարյուր տարի առաջ մեր պետականությունը կորցնելուց հետո մինչեւ առաջին հանրապետության ծնունդը մենք ազգովին ապրում էինք խոսքի հայրենիքում: Եվ միջնադարյան թանձր թմրությունից եկած ինքնության փշրված հայելու բեկորների մեջ մխիթարում էինք ինքներս մեզ, որ մեր օրն էլ կգա՝ օրը միասնության:
Եվ օրն այդ եկավ:
Մենք կարողացանք ազգովին հաղթահարել աղետալի երկրաշարժը, մենք կարողացանք հաղթել մեզ պարտադրված Ղարաբաղյան պատերազմը, ազատագրել մեզ՝ իր տիրոջը կարոտած մեր հայրենի հողը, որը վաղուց արդեն տաք ու համբուրելի պետություն է:
Հաղթեցինք: Եվ մեր իսկ հաղթանակի դիմաց մնացինք չհասկացված: Ուրիշ ժողովուրդների ճակատագրերը որոշող մեծ տերությունները նույնպես երկար ժամանակ լուռ էին…
Այսօր էլ են կարծես թե լռում, երբ հաղթանակած մեր երկիրը շրջափակված է:
Եվ որպես հաղթող երկիր՝ առաջին քայլը մենք արեցինք. ձեռք մեկնեցինք մեր հարեւան Թուրքիային, աշխարհի աչքի առաջ ստորագրվեցին արձանագրությունները:
«Թուրք լինեմ՝ թե սուտ ասեմ». այդպես էր երդվում Սանչո Պանսան Դոն Կիխոտի դեմ:
Եվ թուրքն իսկապես ստեց:
Կարդացեք նաև
Կարելի էր նույնիսկ չզարմանալ, որովհետեւ պատմության մեջ միշտ կրկնվել է դա, բայց որ ստում են քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ՝ արդեն պիտի ամաչի այդ քաղաքակիրթ աշխարհը:
Ամաչի մի ազգի դեմ, որի ստեղծած քաղաքակրթությունից սերվել են նաեւ իրենք: Մի ժողովուրդ, որ իր կյանքի ընթացքում աշխարհին տվել էր իր հնագույն՝ ութհազարամյա լեզուն, բրոնզի, երկաթի ձուլման արվեստը, գինին, անիվը, նույնիսկ առաջին ազնվացեղ վարժեցված ձիերը, որոնք ապրում էին հայոց ծաղկած հովիտներում եւ սովոր չէին խմել պղտոր ջրեր:
Թող ինձ ներվի ասել, սակայն աշխարհը մեզ պարտք է:
Իսկ վատ է այն զավակը, ով մոռանում է իր հորը, իսկ մենք հայրն ենք քաղաքակիրթ աշխարհի:
Եվ ընդամենը երկու օր առաջ մեր երկրի նախագահը, երկիր, որն, ինչպես ասեցի, աշխարհի հայրն է, նույն քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ արժանապատվորեն շրխկացրեց դուռը Մեջլիսի գզրոցներում արդեն փոշոտվող արձանագրությունների վրա:
Եվ համոզված եմ, որ բոլորի համար հստակ տեսանելի էր, որ մեր նախագահի շրխկացրած դռան տակ մնացին թուրքերի եւ մեր հարեւան չկայացած թուրքերի մատները:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2014