Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի համար Թուրքիայի հետ կամուրջներն այրված չեն

Սեպտեմբեր 27,2014 16:00

Քանզի, ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի,
Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկեց ոչ թե իր, այլ ՀՀ քաղաքացիներից շատերի անունից:

Arman_Meliqyan

– ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ինչպե՞ս կգնահատեք: Որոշակի տեսակետ կա, որ իր պաշտոնավարման ընթացքում արտաքին աշխարհին ուղղված Սերժ Սարգսյանի խոսքը բավական կոշտ, միաժամանակ հավասարակշռված եւ ճիշտ շեշտադրումներով է: Համամի՞տ եք:

– Տարօրինակ որակում է՝ խոսքը կարող է լինել կոշտ, մեղմ կամ հավասարակշռված: Այն չի կարող լինել միաժամանակ եւ կոշտ, եւ հավասարակշռված: Այլ հարց է, թե այդ կոշտությունը որքանով է արդարացված ու համարժեք առկա իրավիճակին: Իմ կարծիքով՝ համարժեք է, քանի որ առնվազն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված հախուռն ջանքերի տապալումն է հավաստում: Մեծ հաշվով՝ սա 2008-ին մեկնարկած գործընթացի եւ տխրահռչակ ու դեմագոգիկ հայ-թուրքական արձանագրությունների անհեռանկար լինելու վերաբերյալ խոստովանություն էր՝ արված ՄԱԿ-ի ամբիոնից: Սովորականի պես՝ պարոն Սարգսյանը Ադրբեջանի ու Արցախյան հակամարտության համատեքստում խոսեց ամեն ինչի մասին՝ բացի ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրից՝ հետեւելով իր նախորդների կողմից հաստատված վնասակար ավանդույթին: Առանց այս խնդիրն արծարծելու՝ հակամարտության այլ հիմնատարրերի մասին խոսելը ժամանակի անիմաստ ու անպտուղ վատնում է՝ հակամարտության կարգավորման համատեքստում սա միակ հարցն է, որի առարկայական ու համակողմանի քննարկումը կարող է ի վերջո բերել իրական լուծումների:

– Ինչո՞ւ ներքին քաղաքական կյանքում էլ Սերժ Սարգսյանը չի կարողանում կամ ձգտում հավասարակշռությունը պահել:

– Սա աշխատաոճի խնդիր է, որը, գուցե, փոխկապակցված է նաեւ որոշակի աշխարհայացքային առանձնահատկությունների հետ: Ես շատ կուզեի, որ նա ու նաեւ նրա բոլոր հաջորդները որպես հավասարակշռություն ապահովելու կարեւոր քայլ որդեգրեն ենթակաների ու սովորական քաղաքացիների հետ «Դուք»-ով խոսելու վարվեցողությունը: Հոգեբանական առումով խնդիր է, երբ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձնավորությունն իր ենթակաների կամ շարքային քաղաքացիների հետ շփումների ժամանակ նրանց «դու»-ով է դիմում՝ քաջ գիտակցելով, որ նրանք իրեն «դու»-ով դիմել չեն կարող: Նա պետք է գիտակցի, որ իշխանական համակարգի բոլոր հատվածներն առաջնորդվում են իր մատուցած օրինակով: Վստահեցնում եմ, որ այս՝ առաջին հայացքից գուցե ոչ էական թվացող մանրուքը միանգամայն նոր մթնոլորտ կարող է ձեւավորել՝ իշխանությունը պարտավոր է իրեն պատշաճ բարձունքում գտնվել:

– ՄԱԿ-ի ամբիոնից խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ Սերժ Սարգսյանն ուղղակիորեն «գրողի ծոցն» ուղարկեց դրանք` ասելով. «Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները, միայն եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»: Մինչդեռ ժամանակին ինքն արձանագրությունների թիվ մեկ ջատագովն էր: Այդ ելույթը նաեւ նախապատրաստական հո՞ղ էր արձանագրությունները Հայաստանի խորհրդարանից ետ կանչելու համար:

– Նա գրողի ծոցը դրանք ուղարկեց ոչ թե իր, այլ ՀՀ քաղաքացիներից շատերի անունից, այնպես որ՝ անձնապես իր համար կամուրջներն այրված չեն: Արձանագրություններն ի սկզբանե մեռելածին էին, եւ կողմերը դրանք նախաստորագրեցին զուտ մարտավարական նկատառումներից ելնելով: Հայ-թուրքական թշնամանքը հարմարավետ քաղաքական գործիք է օտարների ձեռքին սեփական աշխարհաքաղաքական շահերը մեր տարածաշրջանում ապահովելու համատեքստում: Եթե դրան գումարենք նաեւ այն, որ թուրքական ու հայկական միջավայրերում էլ տասնամյակների ընթացքում ձեւավորվել են այդ թշնամանքի քարոզչությունից անմիջական օգուտներ քաղող խմբավորումներ, ապա հասկանալի կդառնա, որ հարաբերությունների իրական կարգավորումն այսօր ավելի շատ գործուն հակառակորդ ունի, քան կողմնակից:

– Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի նախագահին ուղղված Հայաստան ժամանելու պաշտոնական հրավերքի ֆոնին արձանագրությունների ետկանչն ի՞նչ դեր, նշանակություն կունենա եւ հետագա զարգացումների առումով ի՞նչ կբերի: Թուրքիան կգնա՞ Հայաստանի նկատմամբ ավելի կտրուկ քայլերի՝ մանավանդ, որ ժամանակին Էրդողանն ինքն ակնարկեց Թուրքիայում անօրինական բնակվող եւ աշխատող 70 հազար հայերի մասին:

– Հայ-թուրքական հարաբերություններն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերեն հատուկ կարեւորություն հատկապես Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ահագնացող համակարգային ճգնաժամի համատեքստում: Չի բացառվում, որ պարոն Սարգսյանի նման կտրուկ պահվածքը նույնպես պայմանավորված է այս հանգամանքով՝ ակնհայտ է, որ նա իր խոսքն ուղղել է Թուրքիայի նորընտիր նախագահին ու նորանշանակ վարչապետին, որոնք, հավանաբար, կկառավարեն իրենց երկիրն առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Կարծում եմ՝ հնարավոր է հաշվարկել, թե այսօր ում է անհրաժեշտ սրել հայ-թուրքական հարաբերությունները:

– ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂՀ հարցին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի` Ադրբեջանի կողմից չիրականացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի փաստարկները գործնական արձագանք կարո՞ղ են ստանալ, թե՞ պարզապես անհրաժեշտ փաստագրումներ էին:

– ՄԱԿ-ի չորս բանաձեւերն էլ ընդունվել են արդեն սկսված պատերազմի պայմաններում եւ գերազանցապես վերաբերում են պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու խնդրին: Դրանցում Հայաստանի Հանրապետությունն իսկապես ներկայացված չէ որպես պատերազմող կողմ: Հայր Ալիեւի՝ Ադրբեջանի նախագահ դառնալուց հետո Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանը ստիպված էր ինքն իրեն ճանաչել հակամարտության կողմ եւ այդ կարգավիճակով ստորագրել հրադադարի պայմանագիրը: Եթե մենք ուզում ենք դուրս գալ այս արատավոր շրջանից, ապա պետք է հանդես գանք նոր փաստարկներով ու հիմնավորումներով:

– Երեկ հրապարակվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթղթի նախագիծը: Ի՞նչ վտանգներ կան դրանում՝ ըստ Ձեզ:

– Մենք պատրաստվում ենք ինտեգրվել մի ընդհանուր տնտեսական տարածք, որի հանդեպ արդեն իսկ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, ինչը չի կարող չանդրադառնալ մեր տնտեսության վրա: Օգուտ կքաղենք, թե կվնասվենք՝ ժամանակը ցույց կտա: Նախ պետք է ստորագրվի պայմանագիրը, այնուհետեւ աստիճանաբար կսկսեն կիրառվել դրանով նախատեսված նորմերը: Որքան հասկանում եմ՝ Հայաստանի համար սահմանված են որոշակի ժամանակավոր արտոնություններ ու առավելություններ: Բայց իրադարձություններից առաջ չընկնենք, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր հարեւան տարածաշրջաններում այնքան արագ են ընթանում, որ արդեն մի քանի ամսից կարող ենք միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնվել:

– Հոկտեմբերի 10-ին, ըստ նախատեսվածի, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը կստորագրվի՞, թե՞ դեռ հույսեր կան, որ կողմերից մեկը կխոչընդոտի դրան:

– Սա քաղաքական մարտավարության խնդիր է՝ կարեւորն այն է, որ ՀՀ գործող իշխանությունը հայտարարել է այդ միության մեջ մտնելու իր ռազմավարական որոշման մասին, իսկ թե որ պահին այս հռչակումը կամրագրվի նաեւ փաստաթղթի տակ ստորագրելով՝ այնքան էլ կարեւոր չեմ համարում:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930