Համոզված են որոշ հայ արվեստագետներ
«Առավոտի» հետ զրույցներում անվանի արվեստագետների զգալի մասը կարծում է, որ երկրի վիճակը կարելի է բարեփոխել որոշ քաղաքակիրթ երկրների օրինակով, որտեղ մշակույթը դարձել է տնտեսական զարգացման հիմքը: Ըստ կարծիքների, օրինակ, Ավստրիայի բյուջեի մի զգալի հատված գոյանում է օպերային արվեստի «շուկայականացումից»:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը վստահ է, որ մշակույթը կարող է երկիր պահել. «Միանշանակ՝ հնարավոր է: Իհարկե, ունենք դարերից եկած հարուստ մշակույթ, ինչից ոչ միայն անհրաժեշտ է դասեր առնել, այլեւ դրան գումարել նույնչափ արժեքներ: Սա, իհարկե, ժողովուրդը, ամբոխը չէ, որ պետք է անի: Անհրաժեշտ են անհատներ, որոնք կան մեր իրականությունում: Բայց նրանց ոչ մի լծակ տրված չէ: Ովքե՞ր են այսօր մեծարվում: Օրերս արվեստագետների պատվավոր կոչումների հանձնման ժամանակ, իհարկե, որոշ մեկ-երկու բացառությամբ, քանիցս համոզվեցինք, թե ովքեր են մերօրյա մշակույթի «էլիտան»: Դրանք փոփ երգիչներն են ու մասսայական մշակույթի կրողները: Եթե այսօր մեր երկրի էկոնոմիկան վատ վիճակում է, ապա մշակույթը երկու կամ ավելի անգամ վատ վիճակում է»:
Կարդացեք նաև
Ջութակահար Էդուարդ Թադեւոսյանն էլ հավաստիացրեց, որ բարձր մշակույթը, անկասկած, մեծ գումարներ է բերում. «Մենք ավելի շատ խոսում ու հպարտանում ենք մեր հնագույն, բարձրարվեստ մշակույթով, մինչդեռ ամեն ինչ պետք է անենք մերօրյա մշակույթով հպարտանալու համար…»:
Կոմպոզիտոր Յուրի Հարությունյանի խոսքերով՝ խորհրդային կարգերի փլուզումից հետո ոչ միայն տնտեսությունը, այլեւ մեր մշակույթն է իջել զրոյական մակարդակի. «Երկրում շուրջ 25 տարի տգիտությունն է իշխում, չինովնիկների մեծ մասն իրենց տեղում չեն: Ավելին՝ այն տպավորությունն է, որ նրանք մտածում են զուտ իրենց բարեկեցության մասին: Ոչ մի բարձրակարգ մասնագետի խոսք չեն ուզում լսել: Գոնե ականջալուր լինեն մշակույթի անվանի այն գործիչներին, որոնք արդեն 70 տարեկանին մոտ են, ունեն փորձ, գիտելիք: Գոնե «օգտագործեն» նրանց: Իսկ պրոֆեսիոնալը չի կարողանում մի չինովնիկի ասել՝ աչքիդ վերեւ ունք կա, իմանալով, որ նրա մեջքին «սար» է կանգնած: Իսկ տգիտությունը պետք է վերացնել՝ սկսած մանկապարտեզից: Տեսեք, թե մեր երեխաների դասագրքերում դասականների կողքին ի՜նչ անուններ են հայտնվել…»:
Ըստ թատերագետ Արա Խզմալյանի, մշակույթը կարող է դառնալ տնտեսության զարգացման գործոն. «Այս դեպքում անհրաժեշտ է ճշտել՝ ո՞րն է մեր մշակույթի դիմագիծը, ինչո՞վ կարող ենք ներկայանալ աշխարհին, լինել ինքնատիպ ու պահանջված: Իսկ աշխարհին, համոզված եմ, մենք հետաքրքրում ենք առաջին հերթին միջնադարյան մշակութային ժառանգությամբ: Եվ եթե խոսում ենք ներկայից, օրինակ, երաժշտարվեստում ունենք աշխարհով մեկ սփռված հիանալի կատարողներ, որոնք ելույթներ են ունենում լավագույն բեմերում, աշխատում ճանաչված նվագախմբերում»:
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը համոզված է, որ մինչեւ ցանկացած պետության մեջ տնտեսությունը չզարգանա, մարդիկ չսկսեն ապրել բարեկեցիկ կյանքով, մշակույթի մասին խոսք անգամ լինել չի կարող. «Միայն մեկ փաստ բերեմ. իտալական Վերածնունդը հնարավոր եղավ միայն այն դեպքում, երբ այդ երկրի տնտեսությունն ու այլ ոլորտները գտնվում էին զարգացման ամենաբարձր կետում»:
Դերասան Տիգրան Ներսիսյանի փոխանցմամբ. «Մենք այսօր աշխարհին կարող ենք ներկայանալ միայն մշակույթով, որովհետեւ այլ ռեսուրսներ չունենք: Սակայն մեր ժամանակներում մշակույթը մղված է հետին պլան: Պատշաճ ուշադրություն ու վերաբերմունք չի ցուցաբերվում ոլորտին, հետեւաբար Հայաստանում, գոնե մեր օրերում, երկրի տնտեսական զարգացման հիմք մշակույթը չի կարող հանդիսանալ»:
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ անհրաժեշտ է նախ որոշակի ճանապարհ անցնել, որպեսզի մեզանում երկրի զարգացման հիմքը դառնա մշակույթը. «Պետք է փոխել գործող մեխանիզմները: Մշակույթը անհրաժեշտ է ներգրավել կրթական համակարգում, էլ ավելի ակտիվացնել շփումը աշխարհի լավագույն օրինակների հետ, ինչի դերն առաջին հերթին պետք է ստանձնի հեռուստատեսությունը: Ժամանակին կոնկրետ խնդիր դրվեց՝ շախմատում լինել առաջինը, ինչն այսօր այլեւս իրականություն է: Ճիշտ է, լայն մասշտաբով մեր արվեստն այսօր մրցունակ չէ աշխարհում, բայց անհրաժեշտ է սրա մասին ոչ թե տեղի-անտեղի բարձրաձայնել, այլ գործել: Իհարկե, ֆիլմերը մրցունակ չեն, թատերական ներկայացումները՝ նույնպես: Այս առիթով ոչ մեկը չի կարող բերել գոնե մեկ օրինակ, որ հայտնի փառատոներում արվեստի այս ոլորտներն ունեն հաջողություններ: Բայց պոտենցիալ կա: Կրկնում եմ՝ պետք չէ ասել, թե մրցունակ չենք: Անհրաժեշտ է գործել»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2014
Շնորհակալություն, որ ժամանակ առ ժամանակ Սամվել Դանիելյանը հրապարակ նետած իմ մտքերն ու դատողությունները դարձնում է իր հարցախույզների առանցք՝ այդպես էլ մոռանալով նշել աղբյուրը կամ, գոնե հանուն բարեկրթության, հարցնել նաև նրա կարծիքը, ում միտքն է դնում շրջանառության մեջ: Ես երկու տարի առաջ եմ հրապարակավ, հեռուստատեսությամբ հայտարարել, որ մեր մշակույթը կարող է տարեկան մեր բյուջե ապահովել առնվազն 1 մլրդ դոլարիմուտք…
Շնորհակալություն լրագրող Դանիելյանին, որ միայն արժանի արվեստագետներին է հարցեր տվել:
Լևոն, լավ կլինի միայն քո թատերագիտությամբ զբաղվես, բայց մի քիչ որակյալ: Լրագրողը գիտի ում հարց տա, ում՝ ոչ:
Շնորհակալություն Ռաֆիկին և Ալվարդին, որ հուշում են, թե ինչպես պետք է զբաղվեմ թատերագիտությամբ: Նրանց որակյալն ինձ համար անորակն է: Զգացված եմ:
Խնդրեմ, Լևոն: Այս լրագրողին պետք չէ կպչել: Նա հարցազրույց է վարել հավասարակշիռ արվեստագետների հետ: Իսկ որակյալ թատերագիտության համար նախ պետք է լավ մարդ լինել:
Ալվարդ, ուզում եմ իմանալ, եթե իսկապես Ալվարդ ես, քեզ ինչո՞վ եմ վառել… Իսկ լրագրողն իմ մտերմագույն ընկերն է… Նա, երևի, ձեր փաստաբանության կարիքը չունի… Ի դեպ, կարդացել ու զարմացել է, որ ինքնահռչակ փաստաբաններ ունի… Եվ հետո, երևի լավ կլինի ճաշ եփելուց խոսեք, ոչ թատերագիտությունից…
Թատերախոսականներն էլ եք այդպես գրում? Ճաշ եփողներ ունեմ, և հետո դա քեզ չի վերաբերում: իսկ մտերմագույն ընկերոջը չեն խայթում: Ինձ չես էլ կարող վառել: Բառապաշարդ կապ չունի թատերագետի բառապաշարի հետ: Սոցիալական կայքը քեզ համար ճաշարան չի: