Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հոգեհարազատ լիներ, ծանրաձող էլ կբարձրացնեինք»

Սեպտեմբեր 27,2014 13:30

Դհոլ եւ դուդուկ նվագող քույրերը
երաժշտական գործիքների միջեւ խտրականություն չեն դնում

Աննա եւ Անահիտ Մխիթարյան քույրերը յուրահատուկ են՝ իրենց նվագած գործիքներով: Անահիտը դհոլահար է, Աննան՝ դուդուկահար: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ մեր օրերի համար ավելի «մոդայիկ» գործիքներ չեն ընտրել, Անահիտը պատասխանեց. «Իրականում մենք մոդայիկ մարդիկ ենք, ինչ վերաբերում է մոդային, եթե դրանով առաջնորդվենք, երգելն է այսօր ամենամոդայիկը: Ես ու քույրս արել ենք այն, ինչը մեզ հարազատ է: Եթե ես եւ Աննան որոշեինք ծանրաձող բարձրացնել, ու դա մեզ դուր գար, հստակ կանեինք: Անկախ նրանից, դուդուկն ու դհոլը տղամարդու գործիք են, թե կանացի, մենք սիրում ենք դրանք»:

Աննան էլ է համամիտ քրոջ հետ ու վիճարկելի է համարում այն միտքը, թե դուդուկ նվագելու համար տղամարդու թոքեր պետք է ունենալ. «Մենք հրաշալի ձայնային տվյալներ ունենք, երգում ենք, բայց առաջնայինը մեզ համար նվագելն է մեր նախընտրած գործիքներով»:

Անդրադարձ եղավ նաեւ վերջերս «Նարեկացի» արվեստի միությունում քույրերի եւ «Բրիջ» ջազային հնգյակի համատեղ համերգին, որի ծրագրում հայկական ժողովրդական եւ ջազային մեկնաբանություններ էին, հնչել էր դուդուկ, դհոլ, կոնտրաբաս, շեփոր եւ հարվածային գործիքներ:

Mxitaryan_2

Աննա Մխիթարյանը հավելեց, որ իրենց հետաքրքրում է ջազային երաժշտությունը, ուրախ են, որ համագործակցել են «Բրիջի» հետ: «Մեզ թվում էր՝ քիչ հանդիսատես կունենանք, դրա համար փոքր դահլիճ էինք վերցրել, բայց, բարեբախտաբար, այն լեփ-լեցուն էր: Անգամ ուշացումներ չեղան եւ համերգն ուղիղ ութին սկսվեց: Բուռն ողջունեցին մեզ, հպարտ ենք, որ մեր հնչեցրած մաքուր հայկական երաժշտությունը պահանջված է»:
Անահիտն էլ շարունակեց քրոջը, ասելով, որ իրենք կողմ են հետաքրքիր համադրություններին՝ բոլոր ժանրերում. «Կարեւորը որակյալ երաժշտությունն է»:
Քույրերը պատմեցին, որ գերդաստանում երաժիշտներ չունեն, բայց ձայնային տվյալները մայրիկից են ժառանգել, որը ընտանեկան պատճառներով չի գնացել ժողովրդական երգի ուղղությամբ: Աննան ու Անահիտն ասում են, որ ժողովրդական նվագարանների ու ազգային ամեն ինչի հանդեպ սերն էլ մայրիկից է գալիս:

Աղջիկներն այս պահին պրոդյուսեր չունեն, մտածում են, որ իրենցից սրտացավ ոչ ոք գլուխ չի բերի իրենց ցանկացածը: «Հասկացանք, որ եթե ուզում ես մի բան անել, ավելի լավ է ինքդ մի փոքր տանջվես, քրտնաջան աշխատես, հետո գուցե մի բան մտածենք»,- ասում է Աննան:

Հավելենք, որ մասնագիտությամբ գենետիկ Անահիտը ներկայումս դհոլ է դասավանդում Ավանի արվեստի դպրոցում, քույրը՝ Աննան, կոնսերվատորիական կրթություն ունի: Քննադատություններից չեն վախենում, եթե դրանք փաստարկված են, իսկ անհիմն քննադատողների մասին ասում են՝ «Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»:

Մենահամերգը իրենց համար գերնպատակ չէ, գտնում են, որ դեռ չի հասունացել այդ պահը: «Մեկ-մեկ մարդիկ գեղեցիկ շոու են կազմակերպում, ամեն ինչ հրաշալի, բայց տեսնում ես, որ մենահամերգի «մեղավորը» դեռ պատրաստ չէ ամեն ինչ հասցնել հանդիսատեսի սրտին: Մենք չենք ուզում նման վիճակում հայտնվել»,- նշում է Անահիտը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930