Շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնությունը հետաձգվել է մի քանի ամսով, իսկ անցկացման վայրը դեռեւս հայտնի չէ:
Ռուսաստանում շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչության տնօրենը հայտարարել է, թե այդ առաջնությունը դժվար թե Ռուսաստանի Դաշնությունում կայանա, թեեւ դա լիովին չի բացառել: Նա ասել է, որ Ռուսաստանն առանց այդ էլ վերջին շրջանում միջազգային նման բարձր մակարդակի պաշտոնական մրցաշարեր է անցկացրել եւ դեռ անցկացնելու է: Դրա համար էլ ՖԻԴԵ-ն հիմա այլ տարբերակներ էլ է ուսումնասիրում: Մասնավորապես, 2012 թվականին Խանտի-Մանսիյսկում է անցկացվել կանանց աշխարհի առաջնությունը, իսկ այս տարվա նոյեմբերի 7-ից 28-ը Սոչիում շախմատի թագի համար մրցելու են աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ հավակնորդ, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:
Ներկայումս միջազգային ֆեդերացիան, որպես կազմակերպիչ քաղաքների, քննարկում է Քիշնեւի եւ Աշգաբադի թեկնածությունները, որոնց վերջերս միացել են նաեւ Աբու-Դաբին եւ Շարմ-Էլ Շեյխը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.09.2014