Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը՝ Չինգիզ խանի ժամանակների, Սուրիկ Խաչատրյանի նշանակման ու չեկիստների հետ զուգահեռի մասին

Սեպտեմբեր 27,2014 12:30

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ժամանակ հնչած Սերժ Սարգսյանի ելույթը՝ ասաց, որ դրանում կար որոշ հոխորտանք, որը կարող էր գոհացնել, նույնիսկ երջանկացնել պլեբեյին. «Նա հավատարիմ էր իր արցախակենտրոն մտածելակերպին, այսինքն՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը օգտագործում է, որ հայկական հարցն ու ցեղասպանությունը հանգեցնի Արցախի հարցին: Իմ կարծիքով՝ ՀՀ անկախությանը պատրաստվող, դրան պատրաստված, ինքն էլ իր հերթին, այս մարդու կարծիքով՝ դա նույնիսկ վնասարարություն է հայ ժողովրդի արդարացի իրավունքների նկատմամբ: Որպեսզի մերկապարանոց չլինեմ, ասեմ, որ ԱԻՄ ներկայացուցիչների հուլիսյան հանրահավաքում ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ ընդունեցինք եւ հայեցակարգ տվեցինք իշխանություններին: Այնտեղ ասվում էր, որ ոչ միայն ցեղասպանության մասին պետք է խոսել:

Նա նախ շնորհակալություն է հայտնում, բայց ամենաբարձր ատյանը, որը ցեղասպանության մասին որոշում է ընդունել՝ Եվրոպական միությունը չի ընդգծվում, երկրորդ՝ Եվրոպական միությունը շատ խելացի, պատմականորեն ճշգրիտ սահմանում է տալիս՝ այսինքն՝ 1915-1923թթ. ցեղասպանություն, իսկ սա նույնպես անտեսվում է, այս տեսակետից ամենակարեւորը պետք էր նշել, թե ինչ է կատարվել, մեկ ու կես միլիոն հայերի սպանեցին ու արտաքսեցին, Թուրքիայի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացու սպանեցին կամ արտաքսեցին, եւ երրորդ՝ կան միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքներ, իսկ ցեղասպանության հետեւանքով Հայաստանը կորցրեց տարածքների ութսուն տոկոսը: Ախր, եթե գրած-տված չլինեի…հո սա էլ իշխանության կռիվ չէ, գաղափար է, մոտեցում, պատմական փորձառության ամփոփում, տրված էր, որ նա այդպիսի ամբիոններից մատուցի, իսկ նա գնաց, ինչ ասեց: Մեկ ու կես միլիոն մարդ է սպանվել, շատ վատ է, ցեղասպանության չճանաչումը բերում է նոր ցեղասպանության եւ այլն: Նա այնպես չմատուցեց, որ ամեն մարդ ասի՝ սպասեք, այս ինչ է ասում Սերժ Սարգսյանը: Ես դա համարում եմ վնասարար ելույթ, որովհետեւ մեր ազգի անունից էր խոսում: Նա խոսում էր նախաձեռնողականության մասին, բայց այնտեղ չկա նախաձեռնողականություն: Իհարկե, ուրախ եմ, որ ՀՀ նախագահն այդ բարձր ամբիոնից օգտագործում է այն, ինչի մասին ինքը չէր էլ պատկերացնում, այսինքն՝ Հայաստանի միջազգային իրավունքի ենթակա լինելու ընձեռած հնարավորությունը եւ ելույթ է ունենում: Լավ, եթե քո օգնականներն այդքան խելք ու մակարդակ չունեին, բայց կա, չէ,՞ անկախության համար ժողովրդին նախապատրաստած մարդ, որը քեզ նյութեր է տվել, ինչու չես օգտագործում, դրանից ավելի հիմնավոր ինչ պետք է ասեիր…»:

Դիտարկմանը՝ տեղի՞ն էին, արդյոք, Սերժ Սարգսյանի շնորհակալությունները, Պարույր Հայրիկյանը նշեց, որ շնորհակալություններն, իհարկե, տեղին էին, բայց պետք է սկսեին ԵՄ-ի ընդգծումով եւ շեշտվեր, որ ԵՄ-ն նշում է 1915-1923 թթ., քանի որ դա ԵՄ տված բանաձեւն է, եւ նրանք ավելի խորն են երեւույթներն ընդունել, քան մենք:
Պատասխանելով հարցին՝ երեկ ՄԱԿ-ի ամբիոնից նա գրողի ծոցն ուղարկեց արձանագրությունները, իսկ այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետ, սրանով, արդյոք, գրողի ծոցը չուղարկվե՞ց նաեւ հայ ազգը, որովհետեւ մինչեւ երեկ բողոքի ցույցեր էին՝ նրան դեմ արտահայտվողների մասնակցությամբ, Պարույր Հայրիկյանն ասաց. «Ձեր հարցում արդեն հարցի պատասխանը կա: Բայց սկսեմ գրողի ծոցից: Հիշում եք, որ Արգենտինայում, երբ նա խոսեց Ռուսաստանի՝ զենք մատակարարելու դեմ, ասաց, հիացած եմ, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, բայց Հայաստանում մարդիկ դժգոհում են, այսինքն՝ ինքը չի դժգոհում, հիմա այստեղ էլ, ինքը գրողի ծոցը չուղարկեց, մի շփոթեք, ասաց՝ մարդիկ ասում են… Ինքը չի ասում, վկայակոչում է ուրիշին, իսկ սա դիվանագիտական զգուշավոր քայլ է: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը, նրա մասին չեմ ուզում շատ բան ասել, քանի որ ավելին, քան Սերժ Սարգսյանը, որ վերջինը, մեղմ ասած, լավագույն նշանակումը չէ: Մի նրբություն կա, Սուրիկ Խաչատրյանը կապված է հայ ազգի համար կենսական նշանակություն ունեցող զինվորականության ներկայացուցչի նկատմամբ ծանր հանցագործության հետ: Նրա անունը կապված է բռնարարքի հետ, եւ այստեղ պետք էր գոնե բացառիկ նրբանկատություն դրսեւորել: Հիշում եք՝ Արթուր Բաղդասարյանի մասին Ռոբերտ Քոչարյանն ասաց դավաճան: Թվում էր, թե իր պարտնյորը, Ռոբերտ Քոչարյանի նշանակած ժառանգորդը, պիտի հարգեր իր նախորդի կարծիքը, բայց կարծես հենց դա էլ նրան թելադրեց ազգային անվտանգության քարտուղար նշանակել մի մարդու (ես չեմ ասում Արթուրը դավաճան է, թե չէ, դա Ռոբերտ Քոչարյանն էր ասել, Սերժ Սարգսյանին նախագահ կարգողը), ով դավաճան էր բնութագրված: Չինգիզ խանի մոտ կար այդպիսի մոտեցում, ընդհանրություններ եմ տեսնում, հետո չեկիստներն էին այդպես վարվում, արատավորված մարդու նշանակում բարձր պաշտոնների, որպեսզի նրանք հլու-հնազանդ լինեն»:

Հաջորդ հարցին էլ՝ այստեղից էլ կարող ենք մի հետեւություն անել, որ ամենաթողություն է մեր երկրում, եթե հանցագործը կարող է ազատության մեջ շրջել, որպես օրինակ նշեմ նաեւ ոսկու շուկայի Վաղարշին, որ հենց այս պահին ջարդուփշուր է անում այն մարդկանց սեղանները, որոնք գնացել են կառավարության շենքի մոտ բողոքի: Այսինքն՝ այս ամենը չի վկայում այն մասին, որ օրենքներ մեզ այնքան էլ պետք չեն, որովհետեւ դրանով չենք առաջնորդվում, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ հարցի համար, ինչպես նախորդ հարցում էր, սրա մեջ էլ կրկին պատասխանի իննսուն տոկոսը կա: Բայց մի նրբություն էլ կա, հարցը միայն իշխանավորին չի վերաբերում: Ամբոխը, որի վրա իշխում են ձեր մատուցմամբ այդպիսի նկարագրի տեր մարդիկ՝ երեւի իրենք են մեղավոր: Կարող էին, չէ՞, այդ մարդիկ միանալ այն մարդուն, որն իր կյանքով ապացուցել էր, հո չէի ասում՝ եկեք գնանք, կրակենք, ջարդենք: Ինչու ես պիտի հիսուն, հարյուր հոգով անեմ ձեր երեք միլիոնի գործը: Ես հստակ ասում էի՝ այսպիսի ձախողումներ ապրած, սխալներ թույլ տված մարդը իրավունք չունի նախագահ լինելու…»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Պ.Հայրիկյան Դուք ճիշտ եք,բայց ափսոս,որ շատ քիչ եք։ Նախագահն էլ՝ ամբոխահաճո նախագահ է եւ ոչ թե՝ժողովրդահաճո։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930