Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Գաֆէսճեան քանդակների պարտեզը սեպտեմբերի 30-ին հանդիպատեղի կդառնա «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասուն», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշոհավքեր», «Սասնածռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ» և այլ խմբերի ու ազգագրական երգուպարով հետաքրքրվող մարդկանց համար: Այդ օրը կմեկնարկի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում՝ շնորհիվ ազգագրական երգուպարի նվիրյալների՝ «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանի, «Սասուն» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանի:
Փառատոնին կմասնակցեն ինչպես արդեն հայտնի, այնպես էլ սկսնակ, նոր ձևավորված խմբեր, որոնք այսօր Գաֆէսճեան արվեստիկենտրոնում, Կարապի լճի մոտակայքում և Ազնավուրի հրապարակում անցկացրին ազգային երգուպարով ուղեկցվող ֆլեշմոբ, որի նպատակը առաջիկա փառատոնի մասին հանրությանը տեղյակ պահելն էր:
«Ես միշտ երազել եմ, որ Հայաստանում ունենանք ազգագրական երգի-պարի փառատոն՝ ոչ մրցութային ձևաչափով,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը,- բոլոր խմբերը կունենան իրենց համերգային ծրագիրը՝ մոտ 20 րոպե տևողությամբ: Կունենանք նաև մի կարևոր էջ, որը կոչվում է անդրադարձ մեր երախտավորներին՝ Հայրիկ Մուրադյանին, Ժորա Հակոբյանին, Ստեփան Պողոսյանին և ուրիշների: Հուսով ենք, որ փառատոնը շարունակական կլինի և հաջորդ տարի կնվիրվի մեր այն երախտավորներին, որոնց չենք հասցնի անդրադառնալ այս տարի: Ընդհանրապես այս փառատոնում մեզ համար շատ կարևոր է արժևորման սկզբունքը: Պիտի կարողանանք մեր հասարակության մեջ արժևորել հատկապես այն հայորդիներին, որոնք իրենց անձը դարձրել են միջոց՝ ծառայելու մեր ժողովրդին ու պետությանը»:
Aravot.am-ի հարցին՝ ազգագրական երգի-պարի փառատոնի կազմակերպումն անհրաժեշտությո՞ւն է արդյոք, թե՞ ցանկալի միջոցառում, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ անհրաժեշտություն է. «Ես այդպես եմ կարծում, որովհետև սա միայն ցանկության հետ չէ կապված: Այս փառատոնը լոկ համերգ չէ, դաստիարակչական գործ է նաև, որովհետև եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ մեր ազգագրական երգերը մեզ միշտ են ուղեկցել: Դրանք երբեք ընդհատակ չեն անցել ոչ պատերազմի ժամանակ և ոչ էլ խաղաղության մեջ: Այսինքն՝ այս երգերը շատ կարևոր են հայի տեսակը պահելու առումով, և եթե չենք ուզում կորցնել մեր՝ իբրև արարող ժողովրդի տեսակը, ուրեմն պիտի պահպանենք այդ երգերը, որոնք դարերով պահել են մեզ»,- համոզված է Ա. Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ