Այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում «Չի ուան» կազմակերպության համանախագահ Մեհդի Յուսուֆին տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը բազմաթիվ գրասենյակներ եւ ներկայացուցչություններ ունի աշխարհի տարբեր քաղաքներում եւ զբաղվում է մարտարվեստների ու այլ մարզաձեւերի պրոֆեսիոնալ մրցումներ կազմակերպելով եւ սպորտը հովանավորելով: Եվ այս առումով իրենց համար սահմաններ` որպես այդպիսիք, գոյություն չունեն: Ժամանակին իրենք էլ մարզիկ են եղել, զգացել կազմակերպական խնդիրների բացակայությունը եւ այս գործունեությամբ ուզում են լրացնել այդ բացը:
«Ինչ վերաբերում է «Ուշուի Եվրասիական գավաթ» մրցաշարի համար Հայաստանը եւ, մասնավորապես, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան ընտրելուն, Մեհդի Յուսուֆին ասաց. «Հայաստանն Իրանին սահմանակից երկիր է, եւ մենք լավ տեղյակ ենք հայ ժողովրդի ավանդույթներին, կենսակերպին, ինչը մոտ է Իրանի ժողովրդին: Մեզ ավելի հոգեհարազատ են ռազմարվեստները, որի ներկայացուցիչն ենք ես եւ Մեհդի Աֆրայը: Մենք վաղուցվանից ենք ուսումնասիրել Հայաստանի ֆեդերացիաների գործունեությունը եւ պրոֆեսիոնալ մոտեցումով կանգնել ենք Տիգրան Չոբանյանի եւ նրա ղեկավարած ֆեդերացիայի ընտրության վրա: Մեր տարածաշրջանի երկրները Եվրոպական երկրներին շատ բան ունեն տալու եւ Եվրոպական երկրներից շատ բան ունեն ուսանելու: Մենք ցանկանում ենք, որ մեր մշակույթները տարածվեն Եվրոպայում, նրանցը՝ մեր տարածաշրջանի երկրներում: Եվ դա կարող է կատարվել հենց սպորտի միջոցով»:
Բոլոր բանախոսները համամիտ են այն տեսակետին, որ այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական երկրների մարզական կարեւոր խաչմերուկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև