Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի բողոքի քննությունը՝ ընդդեմ դատախազության որոշման, հետաձգվեց: Դատախազը չէր ներկայացել, իսկ հայցվոր կողմից դատարանը լրացուցիչ փաստաթղթեր պահանջեց:
Հիշեցնենք, որ որ կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ «Աֆրիկյաննների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը կայացրել էր որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Որոշման դեմ կազմակերպության բերած բողոքը մերժել է դատախազությունը՝ օրինական համարելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի որոշումը:
Դատական նիստից հետո կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ասաց, որ Աֆրիկյանների տան հետ կատարվածը ճարտարապետական ժառանգության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտում է. «Կոնվենցիայի շրջանակներում իրավունք չունեին հուշարձան տեղափոխել, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ հուշարձանի պահպանությունն է հարկադրում տեղափոխել, բայց Աֆրիկյանների տան դեպքում նման հարկադրանք չի եղել: Բայց կառավարությունը որոշում ուներ, որ տեղափոխվի, ու չնայած որոշումն ընդունվել էր 2006-ին, բայց գործընթացը սկսվեց այս տարի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ