Հայ-թուրքական սահմանին գտնվող Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի եկեղեցին, որը կառուցվել է 986 թվականին եւ կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, այսպես ասած, պատանդ է մնացել փշալարերից այն կողմ: Եկեղեցին թեեւ գյուղի վարչական տարածքում է, սակայն գյուղացիները այնտեղ հասնելու, աղոթելու, մոմ վառելու, պսակադրություն կատարելու իրավունք չունեն:
Կարող են գնալ միայն ռուս սահմանապահներից հատուկ թույլտվություն ունենալու դեպքում, իսկ այն ոչ միշտ է իրենց տրվում:
Ինչպես պատմում էին գյուղացիները, մոտ 15 տարի առաջ թուրքերը մեծ քանակությամբ անասուններ են գողացել գյուղից, որն էլ պատճառ է դարձել հսկողությունը սահմանին ավելի խստացնելու:
Գյուղի նախկին իշխանությունները դիմել են երկրի կառավարությանը՝ խնդրելով լուծել եկեղեցին փշալարարից ազատելու ու այն վերանորոգելու հարցը: Խնդրին, ըստ գյուղացիների, քաջատեղյակ է նաւեւ կաթողիկոսը, սակայն մինչեւ օրս լուծում չի գտել:
Կարդացեք նաև
Այսօր մենք ռուս սահմանապահների ուղեկցությամբ այցելեցինք եկեղեցի. գյուղի անբաժան մասը կազմող սրբավայր հասնելու համար ստիպված եղանք հսկա ճանապարհ կտրել: Եվ սա այն դեպքում, երբ փշալարեր չլինելու դեպքում մոտ 5 րոպեի ճանապարհ էր: Ինչեւէ, եկեղեցու խաչի վրա ակնհայտ էին կրակոցների հետքեր…
Ինչպես տեղեկացանք գյուղացիներից՝ փշալարերերից այն կողմ պահպանվում են նաեւ այսպես կոչված գլխատման երկու քարերը, այսինքն՝ այդտեղ թուրքերը գլխատել են հայերին:
Այստեղի բնակիչների մեծ մասը գաղթել են Մուշից ու Բասենից: Չնայած գյուղի սոցիալական պայմանները վատն էին, ճանապարհներն ահավոր էին, տրանսպորտը՝ նույնպես՝ բնակիչները բողոքում էին, որ իրենց գյուղի մոտով անցնող գնացքը չի կանգնում, Հարավ-կովկասյան երկաթուղին իրենց մարդ չի համարում, այդուհանդերձ, նրանք չեն ուզում լքել իրենց տեղանքը:
«Մեր հարեւան Խարկով գյուղում արդեն գիտեք ինչ վիճակ է , մի բնակիչ է մնացել, Անիի ավերակների մոտի գյուղը լրիվ դատարկվել է: Վստահեցնում ենք, որ նման ուրախություն չենք պարգեւի թուրքերին: Մենք չենք լքի մեր գյուղը, թող թուրքերը չքվեն մեր տեսադաշտից, մեր պատմական հողերից», -մեզ հետ զրույցում ասաց գյուղի 60-ամյա տղամարդկանցից մեկը: Այս տեղանքի գյուղացիները խոսում էին չափավորված, առանց ավելորդ զգացմունքայնության, մեր միջոցով իրենց առաջարկություններն էին անում երկրի նախագահին:
Գյուղի խնդիրներին ու նաեւ ցեղասպանությունից փրկված բնակիչների պատմություներին կանդրադառնանք մեր հետագա ռեպորտաժներում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ