Երաժիշտ Անդրեյ Դավիդյանը, որը, թերևս, հանրությանն առավել հայտնի է «Ռուսաստանի ձայնը 2» նախագծից, Հայաստանում է:
Մեր հայրենակիցն առաջին անգամը չէ, որ այցելում է Հայաստան, բայց համերգային ծրագրով հայ հանդիսատեսին ներկայանում է առաջին անգամ: Սեպտեմբերի 27-ին նա ելույթ կունենա երևանյան “Yans” ակումբում, իսկ 28-ին հանդիսատեսին կողջունի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից:
Երգիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ուրախությունն արտահայտեց երևանյան համերգի առթիվ և անկեղծանալով ասաց, որ փոքր-ինչ անհանգստանում է, որովհետեւ չափազանց մեծ պատասխանատվություն է հայրենիքում առաջին անգամ ելույթ ունենալը. «Կփորձեմ արժանապատվորեն ներկայացնել այն երաժշտությունը, որն այնքան շատ եմ սիրում, և որն այնքան հոգեհարազատ է ինձ՝ ռոք, ջազ, ֆանք, սոուլ… Ես հուզվում եմ, նյարդայնանում, որովհետև շատ լուրջ եմ վերաբերվում երաժշտությանը, այն մաքուր է, ինչպես մանկան արցունքը: Երաժշտություն ասելով չպետք է պարզունակ ինչ-որ բան հասկանալ: Երգը պիտի դիպչի սրտիդ, ինչ-որ նոր բաներ բացահայտի քեզ համար ու անպայման դրական մի բան տա՝ ուրախություն, լուսավոր թախիծ… Երբեմն երգը կարող է ամեն ինչ լինել»,- ասում է երգիչը:
Մոսկվայում ծնված և մեծացած Ա. Դավիդյանին երաժշտությունն ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում, որովհետև ծնվել է երաժիշտների ընտանիքում: Հայրը ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, տենոր Սերգեյ Դավիդյանն է, մայրը՝ դաշնակահարուհի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ