3- ամյա հիվանդ երեխայի վիրահատությանը հաշված օրեր են մնացել, իսկ դեսպանատունը ծնողներին մերժում է:
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեսողական խնդիրներ ունեցող 3-ամյա Իգորի հայրը` Ռոմա Զաքիյանը, բողոքի ակցիա էր անում. նրան դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել: Մինչդեռ հոկտեմբերի 2-ին երեխայի աչքի վիրահատության օրն է նշանակված Ֆրանսիայի կլինիկաներից մեկում:
Aravot.am-ի հետ զրույցում Ռոմա Զաքիյանն ասաց, որ դեսպանատունն առանց որրեւէ հիմնավորման մերժել է, հայրը որքան էլ բացատրել է, որ երեխայի առողջությունը կախված է դեսպանատան «բարեհոգությունից», չեն ընդառաջել. «Ասում էին` միայն մեկ հոգու համար կարանք վիզա տանք, այսինքն մենակ երեխուն, բայց 3 տարեկան երեխային մենակ ո՞նց ուղարկեմ: Հետո ասացին, որ ընտանիք են գտել, մենք երեխային ուղարկենք վիրահատության, էդ ընտանիքը հոգ կտանի, մենք չհամաձայնվեցինք: Ասացինք` գտեք մարդ, որ մեզ այնտեղից աքսորի, եթե չվերադառնանք»:
Ռոմա Զաքիյանը վստահեցրեց, որ ինքը միտք չունի Ֆրանսիայում մնալ, ինքը հիվանդ ծնողներ ունի այստեղ, աշխատանք ունի, եւ բազմիցս հնարավորություն ունեցել է, որպես փախստական, այսպես ասած` հանձնվել այդ երկրին, բայց երբեք նման քայլի չի դիմել:
Հիվանդ երեխայի հայրն ասաց, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն իրեն ուղղակի արհամարհում է, նվաստացնում. «Դեռ երկու ամիս առաջ վճարել ենք 300 եվրո, հետո մեզանից անընդհատ տարբեր փաստաթղթեր էին ուզում, բոլորը ներկայացրել եմ, էլ հիվանդանոցի հրավերը, 10 հազար եվրոյի կտրոնը, որ մեր հաշվին կա, բայց 2 շաբաթ առաջ մերժեցին, իսկ ես այսօր պիտի հիվանդանոցում լինեի»:
Զաքիյանի ներկայացմամբ` այս տարվա մարտ ամսին երեխայի` Ֆրանսիայի կլինիկայում հետազոտության համար էլի մեծ դժվարությամբ է մուտքի արտոնագիր ստացել. «Այն էլ մի քանի լրատվամիջոց լուսաբանեցին խնդիրը, դրանից հետո վիզան խփեցին: Բայց ինձ ԱԳՆ-ից զանգեցին՝ ասացին, որ դեսպանատան աշխատողները, հյուպատոսը ջղայնացած են իմ վրա»:
Այսօր Ռոմա Զաքիյանը, ինչպես ինքն ասաց, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կողմից երաշխավորագիր է ներկայացրել դեսպանատանը, ու ժամերով սպասում էր, թե երբ նրան կպատասխանեն, սակայն նա մի քանի անգամ մոտեցավ դեսպանատան մուտքին, զանգահարեց, բայց նրա զանգերին չէին պատասխանում:
Երկուշաբթի օրը Զաքիյանին իր մոտ է հրավիրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, երոխայի հայրն ասաց, որ գուցե պատգամավորները կարողանան դեսպանատան աշխատակիցների ու հյուպատոսի խիղճը շարժել:
3- ամյա Իգորի ծնողները շատ են պայքարել նրա լույս աշխարհ գալու համար, ծնվելուց հետո էլ առողջական խնդիրներ է ունեցել, մի որոշ ժամանակ երեխան պայքարել է ապրելու համար, հետո բժիշկներն ասել էին, որ ուղեղի հետ կապված խնդիր կա, բայց հետո նրան վիրահատել են: Մի օր էլ բժիշկները ծնողներին գույժ են հայտնել, որ երեխան կուրանում է: 1,5 տարեկանում, երբ Իգորին հերթական ստուգման են տարել, բժիշկներն ասել են` ձախ աչքը չեն կարողացել բուժել, եւ այդ աչքը կուրացել է, իսկ աջ աչքը կփորձեն փրկել: Տեղական կլինիկաներից մեկում խորհուրդ են տվել տանել Ֆրանսիա եւ այնտեղ բուժել:
Դեռ անցյալ տարվանից Ռոման Զաքիյանը սկսել է դիմել տարբեր ընկերությունների` բարեգործության համար, հիմա երեխայի տեսողությունը փրկելու համար անհրաժեշտ գումարը կա, սակայն արհեստական խոչընդոտներ են առաջանում:
«Երեւի պիտի միրուքով ու քսված գայի, Կոնչիտայի պես գայի, որ չմերժեին, մյուս անգամ տենց եմ գալու, իրենք Կոնչիտաներին չեն մերժում»,-ասաց Ռոմա Զաքիյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ