Վառելափայտի խնդիրը դեռ լուծված չէ:
Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին Հաղարծին գյուղում միջպետական ճանապարհը փակելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (« Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»): Այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ առավելագույնը 50 հազար դրամի չափով կամ կալանք՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով: Ճանապարհը փակողները դժգոհում էին, որ հնարավորություն չունեն օգտվել անտառներից, ձմռան վառելափայտ հայթայթել:
Դիլիջանի հարակից Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանն ասաց, որ վառելափայտի խնդրի լուծումն ընթացքի մեջ է: Դիլիջանի մոտակա գյուղական համայնքների ղեկավարները կապի մեջ են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Սահակ Մուրադյանի հետ:
Նախատեսվում է, որ վերոհիշյալ գյուղերի յուրաքանչյուր ընտանիքի, որպես ձմռան վառելափայտ, վճարովի հիմունքներով, ինքնապատրաստման եղանակով, կհատկացվի 8 խորանարդ մետր անտառի թափուկ: Ա. Թամրազյանն ասաց, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ ազգային պարկի աշխատողները ազգային պարկի խորքերը տանող ճանապարհներ կբացեն ,որպեսզի այնտեղից թափուկների տեղափոխում կատարվի: Նշենք, որ աշնանային անձրեւները սկսվել են, ինչի հետեւանքով անտառային ճանապարհները դարձել են թաց եւ վտանգավոր:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ