Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը միանում է Եվրոպական ժառանգության օրերին:
Սեպտեմբերի 27-ին Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Հետադարձ հայացք. 100 տարի անց» խորագրի ներքո կբացվի ժամանակավոր ցուցահանդես՝ «Երեւանյան էտյուդներ, Հին Էրիվան՝ սպենդիարյանական վայրերով»:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, միջոցառումն ամենամյա է: Նրա խոսքով, ցուցահանդեսը նպատակ ունի գրաֆիկական աշխատանքների միջոցով, որի հեղինակը իրենց նախկին գիտաշխատող Սարգիս Հովհաննիսյանն է, հին Էրիվանի այն մթնոլորտը ստեղծել, որտեղ 20-ական թվականների սկզբներին ապրել է Սպենդիարյանը: «Նկարներում հիմնականում կենտրոնի տներն են՝ Աբովյան, Աստաֆյան, նախկին Սունդուկյան եւ այլ փողոցների, որոնցով ճանապարհը տանում էր դեպի Կոնդ: Սպենդիարյանը Կոնդում էր ապրում»,-ասում է տիկին Օթարյանը: Նաեւ ցավով հավելում է, որ Սարգիս Հովհաննիսյանի պատկերած հին շենքերից շատերն այսօր այլեւս չկան:
Ինչ վերաբերվում է Սպենդիարյանի «Երեւանյան էտյուդներ» ստեղծագործությանը, այն «Ալմաստ» օպերայի հետ միասին կոմպոզիտորի ամենահայտնի գործերից է: Թանգարանի տնօրենի ձեւակերպմամբ՝ քսանական թվականներին ՀՀ կառավարության հրավերով ի թիվս այլ գործիչների, Հայաստան եկավ Ալեքսանդր Սպենդիարյանը, որն անմիջապես իր ձեռքը վերցրեց Հայաստանի երաժշտական կյանքի զարգացման ծանր աշխատանքը ու մաս կազմեց երկրի մշակութային դիմագծի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ