Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Բաթոյան. «Հաշմանդամ անձինք քաղաքի անցուդարձին չպետք է հետեւեն միայն իրենց պատուհաններից»

Սեպտեմբեր 26,2014 18:03

Երեւանի Մաշտոցի անվան պուրակում այսօր հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպություններ ստորագրահավաք իրականացրին, որը նպատակ ուներ Երեւանի քաղաքապետարանին կոչ անել ավելացնելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար հատկացվող գումարների քանակը: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հույսի կամուրջ» հ/կ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը:

Զառա Բաթոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ստորագրահավաքին պետք է միանան 2796 քաղաքացի, որը համապատասխանում է Երեւանի տարիքին. «Մենք պետք է քաղաքապետարանին ցույց տանք, որ Երեւանի քաղաքացիները եւս ցանկանում են, որպեսզի հաշմանդամ անձանց համար ստեղծվեն պայմաններ եւ ավելացվեն դրանց համար հատկացվող գումարները: Անխտիր, այն պայմանները, որոնք հարմար են հաշմանդամություն ունեցող անձանց համար, հարմար են բոլորի համար: Երեւանցիները իրոք օգնելու այդ ցանկությունն ունեն, ես նրանց հետ ամեն օր շփվում եմ, ես գիտեմ՝ ինչպիսին են նրանք եւ ինչ են ուզում իրենց քաղաքի համար: Ինձ միշտ օգնում են խանութ մտնելիս, համալսարան մտնելիս, ամեն տեսակի օգնություն ցուցաբերում են»:

hashmandam-2

Ստորագրությունները հոկտեմբերի 9-ին տանելու են Երեւանի քաղաքապետարան:

Զառա Բաթոյանի խոսքով՝ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի կողմից որոշակի աշխատանքներ տարվում են, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար լուծվեն տեղաշարժման խնդիրները, սակայն հատկացվող գումարները շատ քիչ են. «Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 195 հազար քաղաքացի, որոնցից 61 հազարը Երեւանում են բնակվում: Սա բավականին մեծ թիվ է եւ նրանց մեծ մասը հիմնականում քաղաքային կյանքի անցուդարձին հետեւում են իրենց պատուհաններից»:

hashmandam-1

Նա տեղեկացրեց, որ այս տարի Երեւանի քաղաքապետարանը մատչելիության համար` ավտոբուսների եւ թեքահարթակների համար հատկացրել է 70 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի շենքերի գունազարդման եւ Երեւանում տեղի ունեցող տոնակատարությունների համար քաղաքապետարանը հատկացրել էր 310 մլն դրամ. «Այսքան գումարով հնարավոր կլիներ 103 վերելակ տեղադրել դպրոցներում կամ այդքան էլ ավտոբուս հարմարեցնել քաղաքում հաշմանդամների համար»: Նա տեղեկացրեց, որ 2014 թվականի ընթացքում պիտի 10 ավտոբուս հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, որը շատ քիչ է:

Մեր զրուցակիցն ասում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար միայն թեքահարթակները չեն, որ կարեւոր են. «Մատչելի միջավայրը շատ ավելին է, քան թեքահարթակը: Մատչելիությունը շատ ավելի լայն հասկացողություն է»:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց նաեւ տեսողության խնդիր ունեցող Հակոբ Կարապետյանի հետ, որը զրույցի ընթացքում պատմեց, որ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար բավարար պայմաններ քաղաքում ստեղծված չեն. «Մեր քաղաքում, որքան էլ վերջին շրջանում փորձում են հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, այնուամենայնիվ բացեր կան: Օրինակ, վերջերս հատուկ ձայնային ազդանշանով լուսակիրներ են տեղադրվել քաղաքի կենտրոնում հենց տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, սակայն այդ ձայնը այնքան թույլ է, որ մեծ ավտոբուսները, երբ անցնում են, գրեթե ոչինչ չի լսվում: Այդ դեպքում հոգեբանական լարվածություն է լինում, որ չշփոթվենք: Ես կուզենայի, որ քաղաքում, եթե ինչ-որ խնդիր լուծվում է, դա չարվի ուղղակի գործ կատարելու համար»:

Հակոբ Կարապետյանը նաեւ պատմեց, որ մետրոն նույնպես անհարմար է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար. «Մետրո հասնելը, մտնելը կամ դուրս գալը խնդիրներ է առաջացնում: Օգնող կամ հուշող ոչինչ չկա»:

Հակոբ Կարապետյանը նաեւ առաջ քաշեց այն հարցը, որ չտեսնող մարդու համար կարեւոր է նաեւ իմանալ, թե որ համարի ավտոբուսն է գալիս. «Ես կանգառ գնալիս ստիպված մարդկանց եմ հարցնում, բայց նրանք միշտ չէ, որ պարտավոր են ինձ ուղեկցել: Առաջարկում եմ քաղաքապետարանին ձայնային ազդանշաններ տեղադրել ավտոբուսների վրա»:

Մեր այն հարցին էլ, թե այս խնդիրը ինչպես է լուծվում մարզերում, Զառա Բաթոյանը ասաց, որ մարզերում իրավիճակը շատ ավելի վատ է. «Եթե ինչ-որ բան արվում է, ապա արվում է Երեւանում: Մարզերում շատ քիչ են նաեւ հասարակական կազմակերպությունները: Մարզերում, օրինակ, Կապան քաղաքում նոր դպրոց են կառուցել, այն ունի թեքահարթակ, բայց չունի վերելակ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930