Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի հանրահավաքի մասին. «Եվրամիության դրոշ չի եղել, ուրեմն դրանք ԿԳԲ-ի գործակալներ են»

Սեպտեմբեր 26,2014 17:23

«Մարդկային է, երբ շատ ես վրդովված, բայց բարեհունչ չէ»,-Aravot.am-ի հարցին` երեկ Աբովյանում կազմակերպված հանրահավաքին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` ժողովրդին հղում կատարելով հնչեցրած «տիրոջ մերը» արտահայտությունն արդյոք կոռե՞կտ էր, այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նաև շեշտեց, թե ինքը կաշխատեր այդպիսի արտահայտություններ թույլ չտալ, և լավ է, որ պատշաճության կանոնները հարգվեն:

Պարույր Հայրիկյանը հանրահավաքից, մեղմ ասած, տպավորված չէ: Նրան հատկապես վրդովվեցրել է այն, որ Եվրոպական միության դրոշներ չեն եղել: Այս առիթով նա ասաց. «Աբովյանում եվրոպական միության դրոշ չի եղել, ուրեմն դրանք ԿԳԲ-ի գործակալներ են: ՀՀ-ն միայն մեկ ճանապարհ ունի. լինել քաղաքակիրթ աշխարհի հետ: Այլ բան է, երբ 11-րդ բանակը եկել խեղդում էր, ՊՆ նախարարն էլ քեզ դավաճանում էր և սպաներին տալիս գերության»: Պարույր Հայրիկյանը Աբովյանի հանրահավաքից ստացել է այն տպավորությունը, որ դեռ միասնական գործելաոճ չկա:

Հետաքրքրվեցինք` հոկտեմբերի 10-ին եռյակի նախաձեռնած հանրահավաքին մասնակցելո՞ւ է, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Եթե զգամ, որ կան հարցադրումներ, որ կարևոր են մեր ժողովրդի համար, ապա ոչ միայն ես, այլև մերոնք կմիանանք: Բայց եթե ՀՀ ազատ քաղաքացին ցույցի է դուրս գալիս առանց եվրոպական դրոշի, դա հավասարազոր է նրան, որ ութսունականներին գոռում էին Լենին, պարտիա, Գորբաչով, երբ մենք եռագույնն էինք բարձրացնում: Նրանք, ովքեր իրենց անկախական են կոչում և ՀՀ մեկուսացման կողմնակից են, այսօր ոչ պակաս վտանգավոր են, քան անմիջապես ՀՀ-ի դեմ գործող որևէ ուժ»:

Հետաքրքրվեցինք` մտահոգիչ չէ՞ այն, որ համապատասխան երեկ հրապարակված` ՀՀ-ի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագրի հավելվածների` ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ կդրվի, պարոն Հայրիկյանն արձագանքեց. « Տաս հատ էլ մաքսակետ դնեն, ՀՀ-ն ու Արցախն իրարից բաժանել հնարավոր չէ: Բայց կարողանում են ամբողջ հասարակությանը շեղել այդ ուղղությամբ: Այդ ԵՏՄ-ն, Մաքսային միությունը մեզ պարտադրվող խուժանություններ են, ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ անվտանգության տեսանկյունից դրանք ձեռնտու չեն: Բայց, ամենակարևորը, քաղաքակրթական արժեքներից ՀՀ-ի հեռացումն է: Ամբողջ երևույթն է վտանգավոր, և այդ մեծ վտանգի մեջ մաքսակետ լինել-չլինելը երկրորդական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930