Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ դեղագործության մրցունակության 6-րդ համաժողովը

Սեպտեմբեր 26,2014 17:03

Հայաստանի ավելի քան 500 բժիշկների, դեղագործների և գիտնականների մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց «Ֆարմա Արմենիա 2014» դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը: Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, զարգացման հեռանկարները, նախաձեռնած նոր ծրագրերը և բարեփոխումները:

ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը նշեց, որ այս համաժողովների անցկացումը դարձել է մի ավանդույթ, որը փաստում է Հայաստանի դեղերի ոլորտի ընկերությունների միասնականությունը, փորձի անընդհատ փոխանակման կարևորությունը. «Այս համաժողով-ցուցահանդեսները դարձել են մի հարթակ, որտեղ գեներացվում են դեղագործության ոլորտ տանող գաղափարներ և դրանց իրագործման շնորհիվ է, որ հայրենական դեղարտադրության ծավալները վերջին մի քանի տարիների ընթացքում կայուն աճ են գրանցում»,-ասաց Զաքարյանը:

«Լիկվոր» դեղագործական ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը կարևորեց համաժողովի շրջանակում դեղերի ոլորտի օրենսդրության կատարելագործման հետ կապված հարցերի քննարկումը: Ըստ նրա՝ Հայաստանն ԱՊՀ այն եզակի երկրներից է, որտեղ գործում են եվրոպական պատշաճ արտադրական գործունեության կանոնները (ՊԱԳ). «Լիկվոր»-ն առաջինն էր Հայաստանում, որ 2013 թ. ստացավ ՀՀ եվրոպական պատշաճ արտադրական գործունեությանը համապատասխանող հավատարմագիր»,-տեղեկացրեց Մաթևոսյանը:

«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ հույս հատնեց, որ առաջիկայում հանրային քննարկումներից, մասնագիտական վերլուծություններից հետո «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի. «Օրենքն ամբողջությամբ կարգավորելու է դեղերի շրջանառության ոլորտը՝ սկսած դեղի արտադրությունից, մինչեւ դեղի գրանցում եւ իրացում»:

Ինչ վերաբերում է դեղագործության ոլորտում առկա ցուցանիշներին, ապա, ըստ Թոփչյանի, վերջին տարում արտադրությունը զգալի աճ է գրանցել:

Նշենք, որ համաժողովին զուգահեռ անցկացվեց նաև «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ամենամյա դեղագործական ցուցահանդեսը:

«Արփիմեդ» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների արտադրանքին և վերջին ձեռքբերումներին: Ըստ նրա՝ «Արփիմեդ» դեղագործական ընկերությունն արտադրում է դեղեր, ստոմատոլոգիայում օգտագործվող պրոֆիլակտիկ և բուժիչ միջոցներ, հականեխիչ և ախտահանիչ լուծույթներ, դիագնոստիկ և կոսմետիկական միջոցներ. «Ընկերությունն արտադրում է ավելի քան 145 անուն դեղամիջոց: Արտադրանքը, բացի հայրենական շուկայից, ներկայացված է նաև արտասահմանում՝ Ուկրաինա, Վրաստան, Ուզբեկստան, Քաթար»:

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930