ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին: Հանդիպման նպատակն էր հայ-բրազիլական առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը և համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի քննարկումը:
Պարոն Կարամեկյանը տեղեկացրել է, որ վերջերս Սան-Պաուլո քաղաքում ստեղծվել է Բրազիլիա-Հայաստան առևտրային պալատ, որը հետաքրքրված է Հայաստանում արտադրվող ագրոպարենային ապրանքների արտահանմամբ դեպի Բրազիլիա: Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ծանոթացել է տեղական արտադրատեսակներից շատերին և համոզված է, որ դրանք մրցունակ տեղ կարող են գրավել բրազիլական շուկայում:
Համակարծիք լինելով հյուրի հետ` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պարոն Կարամեկյանին 2015 թվականին Սան-Պաուլոյում կազմակերպել հայ-բրազիլական բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի կողմերին ծանոթանալ երկու երկրներում թողարկվող պարենային ապրանքներին և խթան կհանդիսանա գործարար կապերի հաստատմանը:
«Հայաստանն ունի հնարավորություններ Բրազիլիա արտահանելու գինիներ, հյութեր, պահածոներ և այլն: Վստահ եմ, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրության կարժանանա բրազիլական շուկայում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև նպատակահարմար է համարել մշակել և նախապատրաստել ստորագրման երկկողմ համագործակցության համաձայնագիր:
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին