Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Մախսուդյանը բարկացավ. «Մենք պատվաստող մասնագետ չունեի՞նք, որ Իտալիայից եք բերել»

Սեպտեմբեր 26,2014 16:05

Վերահսկիչ պալատը 2013-ի հաշվետվության մեջ ներկայացրել էր «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրությանը» ծրագրի չարաշահումները: Այդ ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր սեփականատերերին հայկական մրգի, պտղի արտադրության մեջ ներգրավելով՝ նպաստել նրանց ունեցվածքի մեծացմանը: Այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն, որը 100 տոկոսով պետական է: ՎՊ-ն ստուգման արդյունքում տեսել էր, որ 700 հա ծիրանի այգու փոխարեն 4 հա նեկտարենու պայմանագիր են միայն կնքել՝ Տավուշի մարզում: Այնուհետեւ Իտալիայից ձեռք են բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացուներ՝ 16.5 մլն դրամով: Այնուհետեւ վարձել են իտալացի փորձագետ, որը պիտի կատարեր այդ պատվաստումը: Վերահսկողությամբ պարզել են, որ այդ 10 հազար պատվաստացուն 100 տոկոսով փչացել է: Այնուհետեւ Արագածոտնից գնել են եւս 10 հազար պատվաստակալ, 2.5 մլն էլ դրան են տվել, որ փչացած պատվաստացուները պահպանեն: Արդյունքում չհաջողված պատվաստման համար 24.6 մլն ծախս են արել, անարդյունավետ է եղել:

Այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահանական հարցերի հանձնաժողովում ՎՊ-ի հաշվետվության այս հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը, լսելով իտալացի մասնագետի անհաջող փորձի մասին՝ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին հարցրեց. «Մեր Հայաստանում մասնագետ չունեի՞նք, որ դուք Իտալիայից եք բերել ու այդքան միլիոն էլ վճարել եք»: Փոխնախարարը միանգամից պատասխանեց. «Մասնագիտորեն ասեմ՝ ոչ: Ընկուզենու պատվաստման փորձ մենք չունեինք»:

Վահագն Մախսուդյանը զայրացավ ու սկսեց ձեռքով, ոտքով բացատրել, թե ինչպես պետք է պատվաստումն արվեր. «Փորձ չունեինքը ո՞րն է, ճեղքը անում էիք, մտցնում էիք մեջը, ուրիշ ի՞նչ պիտի անեիք»:

ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ արձագանքեց. «Եթե այդպես անեին, չէր փչանա ախր, ուրիշ ձեւ են արել, որ փչանա»:

Փոխնախարարը պարզաբանեց, որ փորձեր են արել, արդյունքը կազմել է 4-5 տոկոս: Իտալացի փորձագետն առաջարկել է մի մեթոդ, որը մեկ տարվա ընթացքում պիտի ունենար պատվաստված ընկուզենու ծառ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930