«Վերջին քառօրյայի ժամանակ մոտ 150 նախագծեր չքննարկվեցին, դուրս մնացին և դա բնական էր: Մենք առաջարկում ենք, որպեսզի ավելի ռիթմիկ, պրոֆեսիոնալ լինի ԱԺ աշխատանքը: Առաջարկում ենք նիստերը հրավիրել ոչ թե երեք շաբաթը մեկ, այլ երկու շաբաթը մեկ: Այդ դեպքում ավելի շատ հնարավորություն կունենանք թե ելույթներ ունենալու, թե հարցեր քննարկելու համար»,-այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ներկայացնելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի նախատեսում է քառօրյա նիստերի աշխատանքային ռեժիմից անցում կատարել եռօրյայի: Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ նախկինում այդպես են աշխատել եւ եթե ավելի ռիթմիկ աշխատանք լինի, արդյունքն էլ ավելի արդյունավետ կլինի:
Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, թե նիստերի ժամանակ ամեն հարցի քննարկումը շատ երկար է տևում, քանի որ պատգամավորներից ամեն մեկը ցանկանում է իր տեսակետն արտահայտել, և որ ավելի նպատակահարմար է եղած ռեժիմով աշխատելը, այսինքն` քառօրյա:Նրա համոզմամբ` պետք չէ մեղադրել քաղաքական մեծամասնությանը, որ լավ չի աշխատում խորհրդարանում, որովհետև եթե մոնիթորինգ անեն բոլոր խորհրդարանական ուժերի շրջանում, կպարզվի, որ հենց քաղաքական մեծամասնության պատգամավորներն են կատարում օրինաստեղծ հիմնական աշխատանքը. «Չի կարելի մեղադրել անընդհատ քաղաքական մեծամասնությանը` քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Դեմ ենք այս նախագծին, որովհետև այն կծանրաբեռնի ու կկազմալուծի խորհրդարանի աշխատանքը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ եռօրյան ծանրաբեռնվածություն է առաջացնելու պատգամավորների համար: Ինքը որպես մեծամասնականով ընդգրկված պատգամավոր, չի հասցնի գնալ իր ընտրատարածք և հանդիպել իր ընտրողների հետ: Պատգամավորի խոսքով` նախագծի նպատակները ավելի շատ քաղաքական են, քան տեխնիկական. «Ընդամենը մեկ շաբաթ է մնում օրինագծերը լուրջ քննարկելու համար, դա որակի խնդիր կառաջացնի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ ներկայացված նախագիծը այդքան էլ արդյունավետ չէ` որակյալ օրենքներ մշակելու առումով, որովհետև օրենքների ուսումնասիրությունը և մշակումը ժամանակ է պահանջում: Նա եւս կարծում է, որ ծանրաբեռնվածությունը պատգամավորների աշխատանքում այդպիսով կմեծանա:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ կարծիք հայտնեց, որ Ռուբեն Հակոբյանը լավ օրից չէ, որ նման նախագիծ է բերել քննարկման: Նրա խոսքով` ԱԺ պատգամավորները օրինաստեղծ գործունեությամբ չեն զբաղված, այլ ավելի շատ օրենքներ ընդունող մարմին են: «Ինքս կողմ եմ այս նախագծին, որովհետև կողմ եմ պրոֆեսիոնալ խորհրդարան ունենալուն, բայց ունեմ մտավախություն, որ այն գործիքները, որոնց հետ մենք աշխատում ենք, հարմարեցված չեն այս աշխատանքի համար: Օրենսդիր մարմինը պետք է օրենսդիր քաղաքականություն մշակի, այլ ոչ թե միայն վավերացնի»:
Իր եզրափակիչ խոսքում Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ ինքն ընդամենը կանոնակարգային փոփոխություն է առաջարկում, այնինչ քաղաքական մեծամասնության պատգամավորները ասում են, թե քաղաքականացնում է: Ըստ նրա, լիագումար նիստերին ակտիվ պատգամավորներն են նույնքան ակտիվ հանձնաժողովներում: Մնացածները, մանավանդ գործարար պատգամավորները, քառօրյայի դեպքում հնարավորություն ունեն հանգիստ զբաղվել իրենց գործարարությամբ: «Միջազգային պրակտիկայում օրենքների միայն 35 տոկոսն է կառավարությունը բերում, բայց ոչ թե մեր երկրի նման, որտեղ կառավարությունը բերում է օրենքների 95 տոկոսը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Առաջարկվեց նախագիծը հետ վերցնել և ևս մեկ անգամ ևս խորհրդակցել քաղաքական ուժերի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ