«Հովիկ ջան, մենք էդ տարիքից դուրս ենք եկել, որպեսզի հավատանք, թե Սահմանադրական դատարանը…Գիտե՞ք ով ա միշտ ասում`եկեք գնանք դատարան: Ես էլ էի, չէ,՞ ասում… մենք էլ ենք եղել պաշտոնյաներ…ասում էի`բողոք ունեք, պարոն Հակոբյան, դիմեք դատարան»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀԱԿ խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, ասաց ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Հովհաննես Սահակյանն առաջարկում էր, որպեսզի քննարկման ընթացքում բարձրացված հարցերը պատգամավորները վիճարկեն Սահմանադրական դատարանում:
«Ինքնախոստովանական ցուցմունք, ինքնախոստովանության ժամ է»,- միջամտեց Ռուբեն Հակոբյանը: «Ինքնախոստովանությունս ես անցել եմ, պարոն Հակոբյան: Եվ անցել եմ շատ դաժան եւ անարդարացի»,- հակադարձեց Գագիկ Ջհանգիրյանը`չցանկանալով շարունակել թեման, քանզի` «էլի մարդկանց կհիշեմ ու իրանց գրագիտության աստիճանը»: «Վերջացրեցի՞ք, պարոն Ջհանգիրյան»,-հարցրեց Հովհաննես Սահակյանը`նկատի ունենալով`ավարտե՞լ է բանախոսն իր խոսքը: «Ես չեմ վերջացնում, ես ավարտեցի իմ ելույթը»,- պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ