Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը, որի շրջանակներում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունն իր բոլոր շերտերով:
Կոմիտասյան օրերի մեկնարկը տրվեց այսօր՝ Վարդապետի ծննդյան օրը: Մտավորականները, հասարակական և քաղաքական գործիչներն ու երաժշտասեր հասարակությունը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին մեծ կոմպոզիտորի հիշատակին:
«Կոմիտասն ու Մաշտոցը, թերևս, մեր այն երկու գերհսկաներն են, որոնք, շրջանցելով ժամանակային հեռավորությունը, գալիս ու մի տեղ միաձուլվում, եղբայրանում են՝ ասելու համար, որ հայ խոսքը, հայ գիրը, հայ ոգու գրավոր արտահայտությունը, հայ հոգու մեղեդին նույնն են»,- ասաց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ հավելելով. «Երբ մի երեխա մոտեցել է Կոմիտասին ու ասել, որ ինքը երգել չգիտի, ձայն չունի, Կոմիտասն ասել է. «Դու խոսում ես հայերեն, ուրեմն՝ ձայն ունես»… Հայոց լեզվի և հայ երաժշտության գրկախառնումը կոմիտասյան երաժշտության մեջ է ապրում»:
«Տիգրան Մանսուրյանի խոսքերից հետո դժվար է որևէ բան ավելացնելը: Նա, ըստ էության, շատ գեղեցիկ ձևով արտահայտեց բոլոր նրանց զգացմունքները, որոնք այսօր այստեղ են»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նկատելով, որ Կոմիտասը մեր այն մեծերից է, որի շնորհիվ մենք միշտ բարձր ենք պահել մեր գլուխը. «Մարդ, որն ստեղծեց մեր կոմպոզիտորական դպրոցը, մեր արժեքներին տվեց հստակ գնահատական, մեր ինքնությունը վերադարձրեց մեզ, և ես կարծում եմ, որ նույնիսկ դժվար է ասել՝ նա կոմպոզիտո՞ր էր, խմբավա՞ր, հասարակական գործի՞չ, թե՞ գիտնական: Իսկ, ընդհանրապես, մեր ժողովրդի համար կարծում եմ, որ նա Աստված է, և նրա անունը մենք միշտ պիտի հնչեցնենք, պահենք, փայփայենք, որովհետև այն եզակի անուններից է, որը յուրաքանչյուր պահ կպչում է մեր սրտերին ու փոթորիկ առաջացնում»,- ասաց մշակույթի նախարարը:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասյան օրեր» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ