Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ուրեմն թող մաքսակետ դնեն նաև Ղրիմի սահմանին»

Սեպտեմբեր 26,2014 14:20

«Առաջինը մաքսակետի, երկրորդը՝ սահմանակետի տեղադրումն է, երրորդը՝ ռուս զինվորների ներկայությունը: Սա անընդունելի է, ինչը կարող է բերել հերթական ցեղասպանության սպառնալիքի մեր եղբայրների ու քույրերի գլխին»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ՀՀ-ի անդամակցության պայմանագրի որոշ խնդրահարույց կետերին՝ իր մտահոգությունները հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց ԵՏՄ-ին՝  Հայաստանի միանալու պայմանագիրը` իր հավելվածներով:

Պարոն Արզումանյանն ասաց, որ այդ պայմանագրին վաղուց էր ծանոթ, այդ կետերն իր համար նորություն չէին, դրա համար էլ բազմիցս ասել է, որ մաքսակետի հարցն արդիականանում է: Պարոն Արզումանյանի կարծիքով՝ վտանգավոր են այն մեկնաբանությունները, որ երեկ լսեցինք: Նա մանրամասնեց. «Հայտարարվեց, որ մենք նման հարցեր դեռ չենք քննարկում: Սա կարելի է բնութագրել՝ որպես լեզվի սայթաքում՝ ըստ Ֆրեյդի: Այսինքն՝ ենթագիտակցության մեջ արդեն կա, որ քննարկելու են»: Պարոն Արզումանյանի կարծիքով՝ սա ՀՀ-ի համար լավ առիթ է վերանայել մեր մոտեցումները և մեր գործընկերներին ասել, որ դա մեզ համար անընդունելի է: Հետաձգման տարբերակը Ալեքսանդր Արզումանյանը խելամիտ է համարում. «Գուցե հետաձգենք լրացուցիչ վերամշակման համար կամ նաև առաջարկենք մեր կողմից, որ մաքսակետ դրվի Ղրիմի և Ռուսաստանի միջև: Ես կողմնակից չեմ երկակի ստանդարտների կիրառմանը մեր եղբայր և ռազմավարական բարեկամ երկրների հետ: Կամ մաքսակետ դնենք և′ Ղրիմի, և′ Ղարաբաղի սահմանին, կամ չդնենք»:

Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ ԵՏՄ-ն չի կայանալու, ուստի որևէ տարբերություն չի տեսնում ՀՀ-ի հետ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի՞ն, թե՞ նոյեմբերին, միևնույն է՝ ուժի մեջ է մտնելու հունվարից:

Նա նկատեց, որ մեկ տարի առաջ, երբ հայտարարեցինք մեր՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, իրավիճակն այլ էր, հիմա գործ ունենք պատժամիջոցների տակ և մեկուսացած Ռուսաստանի հետ: Պարոն Արզումանյանը հորդորում է չհետևել հայկական ասացվածքին ու «ոչ թե գնալ ընկերովի մահվան, այլ ավելի լավ է հարսանիքի գնանք՝ առանց այդ ընկերների»:

Պարոն Արզումանյանը վրդովված է նաև ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի արտահայտություններից: Դա Ալեքսանդր Արզումանյանը համարում է ոչ այլ ինչ, քան ճնշում ու նշում. «Բա այդ լկտի արտահայտությունները, որ նախկին դեսպանը իրեն թույլ է տալիս, և մենք հանդուրժում ենք, դրանք հենց ճնշումներն են, և այն գինը, որ տալիս ենք: Զարմանալի է, որ այդտեղ արձագանքներ չեն լինում, պետք է արժանապատվություն ունենանք և պատասխան տանք նրանց որպես ՀՀ քաղաքացի: Այն էլ այն Կովալենկոն է իրեն թույլ տալիս ամբախ-զամբախ արտահայտություններ անել այն պարագայում, երբ մենք լավ գիտենք, որ նրան երբ և ինչի համար վռնդեցին Վրաստանից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930