Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդներից մեկը բանտի էր նմանեցրել հոգեբուժարանը

Սեպտեմբեր 26,2014 14:03

«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանի նյարդահոգեբուժական հաստատություններում» զեկույցն այսօր ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը: Նա հայտնեց, որ մշտադիտարկում է անցկացվել մի շարք նյարդահոգեբուժական հաստատություններում, մասնավորապես՝ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում, Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում: Ինչպես նշեց մոնիտորինգի մասնագետ Մարիետա Թեմուրյանը, 316 հոգու հետ հարցազրույց է արվել, որից 44-ը եղել են արտահիվանդանոցային բուժում ստացածները: Ըստ Մ. Թեմուրյանի, իրենք ուսումնասիրել են բուժհաստատությունների շենքային պայմանները, ճաշասրահները, խոհանոցները: Սեւանի հոգեբուժարանում հիվանդներից մեկը բանտի էր նմանեցրել հիվանդասենյակը եւ մշտադիտարկումն իրականացնողին ասել էր, թե «վեչնի կոյկա չենք ուզում դառնանք»:

sakunc-2

Ելույթ ունեցողները մասնավորապես առաջ քաշեցին այն կարծիքը, որ հոգեբուժարաններում շատերը չգիտեն իրենց իրավունքների մասին, մասնավորապես հաշվի չի առնվում նրանց անգործունակության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրամադրման ժամանակ նրանց մասնակցության հարցը, պատժի միջոցների կիրառումը դիտվում է որպես բուժում: Առհասարակ, անմխիթար էր նաեւ հիվանդներին դեղորայքով ապահովելու հարցը: Ըստ բանախոսների՝ հայրենական դեղեր են նրանց տրվում, որոնք արտասահմանյանի հետ համեմատած՝ արդյունավետ չեն: Մոնիտորինգի ժամանակ պարզվել էր, որ դրսից ուղարկված դեղորայքը պացիենտներին չի տրվում, շատ քչերը կան, որոնց տրվում է օլանզապին դեղը, որը, ի դեպ, ցանկով է տրվում առողջապահության նախարարության կողմից: Բավական է նշել, որ 28 կոճակն արժե 100.000 դրամ: Հաճախակի են դեպքերը, երբ բժշկի նշանակումից հետո արտերկրից հարազատներն են դեղորայք ուղարկում: Ինչ վերաբերում էր հոգեբուժարանում զբաղվածության խնդրին, հիվանդները, պարզվել է, որ մաքրություն են անում բաժանմունքում, մաքրում զուգարանը, հիվանդասենյակները, լվանում ամանները եւ հայտնել էին դիտարկումն իրականացնողին, որ, օրինակ, հաստատությունը ստացել է 7 տոննա կարտոֆիլ, որի բեռնաթափմանն են մասնակցել, չնայած ունեցել են թեթեւակի առողջական խնդիրներ: Ավանի կլինիկայի աշխատակիցներից մեկի խոսքերով՝ «Մեկը ճաշերն է բերում, մեկը վամպիրի սենյակն է մաքրում, մեկն էլ լվացքն է տանում լվացքատուն»: Մշտադիտարկման ժամանակ Նորքի կլինիկայում պացիենտներից մեկը անձրեւի տակ ոտաբոբիկ լվանալիս է եղել կլինիկայի աշխատակցի ավտոմեքենան:

sakunc-3

Մարիետա Թեմուրյանը հայտնեց, որ հիվանդներից մեկին արգելել էին հեռախոս ունենալ, այն դիտելով սառը զենք, պատճառաբանելով, թե հոսանքի հետ կարող է գործ ունենալ, վտանգել առողջությունը, սակայն այդ նույն հիվանդը տեղափոխել էր բավական ծանր իրեր. այս դեպքում կարծես մոռացվել էր առողջությանը սպառնացող վտանգի մասին:
Անդրադարձ եղավ զսպման միջոցների կիրառմանը: Մասնավորապես, ըստ դիտորդների, ֆիզիկական զսպման ժամանակ օգտագործում են պարաններ (Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր), Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում՝ մագնիսական գոտի, Սեւանի հոգեբուժարանում՝ զսպաշապիկ՝ խիստ ագրեսիվության դեպքում, Նուբարաշենի կլինիկայում գոտի, սավան, Նորքի կլինիկայում՝ «սպիտակ լենթ»: Կիրառում են նաեւ ներարկում:

Ի դեպ, առողջապահության նախարարությունից մասնակցում էր պարոն Սողոյանը, որը հոգեբույժների միջազգային ասոցիացիայի պատասխանատուներից մեկն է: Նա ասաց, որ առողջապահության նախարարը եղել է բոլոր բուժհաստատություններում եւ կարեւոր է, որ այդ հաստատություններում մարդիկ գտնվեն բուժվելու նպատակով եւ ոչ թե խնամքի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ս. Ավագյան says:

    Այն վիճակը, որ առկա է Հայաստանի Հոգեբուժական հիմնարկներում, խոսում է Հայաստանի Կառավարության և մասնավորապես Առողջապահության նախարարության ցինիզմի մասին: Այլ տերմին գոյություն չունի նկարագրելու համար իրավիճակը:
    Մուրազներդ փորներդ մնա, լավ օր չունենաք, Ձեր երեխաներն ու Ձեր հարազատները այդ հիվանդանոցներում բուժման արժանանան: Ձեր հոգիները դժոխքում են այրվելու:

  2. Ս. Ավագյան says:

    Միաժամանակ այդ իրավիճակը խոսում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական ու հասարակական կառույցների անգործորության մասին: Գուցե գրանտներ վայելելը ավելի կարևոր է, քան թե մի հիվանդի իրավունքներին հետամուտ լինելը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930