Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը դասախոսություն կարդաց Լեւոն Մարտիրոսյանի համար

Սեպտեմբեր 26,2014 13:46

«Երբ Յանուկովիչը որոշեց, որ կոնտր-տեռորիստական օպերացիաներ պիտի անի ամբողջ Ուկրաինայի տարածքով մեկ, երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում օրինակ բերեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը`«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծի ներկայացման ժամանակ: «Սկզբում Ուկրաինայի դեմ սկսեցին պայքարել կամավորները, հետո այդ կամավորները շեվրոներ հանեցին, եկան ուրիշ կամավորներ, հետո եկան զինված կազմավորումներ` Ուկրաինայի մի մասը միանգամից տարան, մյուս երկու մասերը տանում են»,- շարունակեց պատգամավորը`հավելելով, որ զինված ուժերի կիրառումը շատ վտանգավոր է:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը միջամտեց Գագիկ Ջհանգիրյանին. «Դրա համար էլ ասում եմ`կիրառենք, որ մի մասը չտանեն»:

«Քաղաքական խնդիրները պետք է լուծել քաղաքական միջոցներով, ես հենց էդ եմ ասում Սահակյան»,- հակադարձեց Գագիկ Ջհանգիրյանը` նկատելով, որ 2008 թվականի մարտի մեկից հետո մեր օրենսդրական զարգացումը գնացել է հետեւյալ ուղով. «Ինչ ապօրինություններ գործել ենք մարտի մեկի նախօրյակին եւ հետո, հետագա բոլոր օրենքներով փորձել ենք դրանց օրինական տեսք տալ: Նախագահի մասին օրենքում փոփոխություններ ենք կատարել, որպեսզի հիմնավորենք, որ այո, կարող էինք նախագահի թեւերը բռնել ու հարկադրել նրան`տեղափոխել դուռ, հավաքների մասին նոր օրենք ենք ընդունել, որտեղ գրել ենք, որ կարող ենք ցրել էսինչ խաղաղ հավաքը` էսինչ դեպքերում, Քրեական օրենսգրքի հոդվածներ ենք փոխել`իբր թե անորոշ են, որպեսզի դատախազության մոգոնած օրենքները հիմնավորենք, ընդունել ենք արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք, որպեսզի մարտի մեկի Քոչարյանի ապօրինի հրամանագիրն օրինականացնենք ու հիմա էլ`ատամներով պաշտպանում ենք: Կարող եմ էլի թվարկել»:

Քննարկման ժամանակ բավական անհարմար դրության մեջ հայտնվեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն, որը փորձում էր ստանալ հարցի պատասխանը`արդյոք գործող Սահմանադրության մեջ սպառի՞չ չեն զինված ուժերի գործարկման դեպքերը: Գագիկ Ջհանգիրյանը երկար փորձում էր պատգամավորին բացատրել, թե ի՞նչ են զինված ուժերը եւ ի՞նչ դեպքերում, ի՞նչ կերպ կարող են օգտագործվել: Ի վերջո, Ջհանգիրյանի նյարդերը տեղի տվեցին: «Ցավոք դուք մեր պաշտպանության մասին օրենքին ծանոթ չեք, երեւի չեք էլ ծառայել»,- ասաց նա`հավելելով որ պատգամավորը փորձում է փոխել քննարկման առարկան:

Իրավիճակը փրկեց Հովհաննես Սահակյանը`ընդհատելով բանավեճը`ասաց, որ Մարտիրոսյանի բարձրացրած հարցը կարգավորվում է արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքով: «Ապրես: Ուրեմն, իմ լեկցիան իզուր էր»,- հեգնեց Գագիկ Ջհանգիրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930