Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջայինի վնասը

Սեպտեմբեր 26,2014 13:43

(Հետաքրքիր պատմություններ շարքից)

Գործերով մեկնելու էի Մոսկվա: Բարեկամս մի հասցե ու հեռախոսի համար տվեց, որտեղ կարող էի հանգրվանել, եթե հյուրանոցի հարցում դժվարություններ առաջանային: Իհարկե, բախտս չբերեց և իմ դիմած էժանագին հյուրանոցներում տեղ չգտնվեց, իսկ ազատ տեղերով հյուրանոցների համարները շատ թանկ էին: Ինձ մնում էր ապավինել բարեկամիս տված հեռախոսի և հասցեի օգնությանը:

Տան տերը` Պանտելեյմոն Իսակիչը շատ բարյացկամ գտնվեց և ինձ սիրով հյուրնկալեց, տեղ հատկացրեց իր երկսենյականոց բնակարանում: Գիշերը հանգստանալուց հետո, առավոտյան մեկնեցի համապատասխան կազմակերպություն` ատենախոսության հարցերով բանակցություններ վարելու: Սակայն, երբ գործերս ավարտելով վերադարձա հարգելի Պանտելեյմոն Իսակիչի բնակարան, տեսա մի անծանոթ աղջկա, որը հետագայում պարզվեց, որ նա տանտիրոջ զարմուհին էր և գործերով ժամանելով Մոսկվա հյուրընկալվել էր իր քեռու տանը: Ինձ մնում էր շնորհակալություն հայտնել տանտիրոջը և լքել նրա բնակարանը, քանի որ այլևս գիշերելու տեղ չէր մնացել: Իհարկե, Պանտելեյմոն Իսակիչը իրեն վատ էր զգում, բայց հո չէր կարող իր զարմուհուն տնից դուրս վռնդել: Այստեղ են ասում` հայի բախտ:

Ես, իհարկե, իմ պահուստային բնակատեղին էլ էի կանխատեսել և զանգահարեցի քեռուս աներոջ տղային, որը վաղուց բնակվում էր Մոսկվայում:
-Բարև Ձեզ, Դավիթ ջան, Արմենակն է խոսում, ինձ մոտ խնդիր է առաջացել, գիշերելու տեղս կորցրել եմ, հնարավո՞ր է, որ մեկ օրով ինձ պատսպարես,-հարցրեցի ես:
-Մեծ սիրով, իհարկե, խնդրեմ, բայց կարո՞ղ ես գտնել մեր բնակարանը, Մոսկվան մեծ է,-հարցրեց նա:
-Դու ինձ բացատրիր, մի կերպ կգտնեմ:
-Ուրեմն կգաս մետրոյով, հետո կիջնես Արբատի կայարանում, մետրոյից դուրս կգաս, կնստես 113 համարի ավտոբուսը, կիջնես 17-րդ կանգառում, ինձ կզանգահարես և ես քեզ կդիմավորեմ:
-Լավ,-պատասխանեցի ես ու լքեցի Պանտելեյմոն Իսակիչի բնակարանը:
-Որ տեղ հասնես, անպայման կզանգահարես,-խեղճացած ասաց Պանտելեյմոն Իսակիչը` ինձ ճանապարհելով:

Դեկտեմբերյան ցուրտ օր էր, երեկոյան ժամը տասնմեկի կողմերը հասա Դավիթի նշած երթուղու կանգառը և որոշեցի զանգահարել, սակայն հեռախոսս չգտա: Սկզբում նայեցի վերարկուիս այն գրպանը, որտեղ սովորաբար դնում էի հեռախոսը, բայց այնտեղ չկար, հետո հերթով փորփրեցի վերարկուիս մնացած երեք գրպանները, հեռախոսը չկար ու չկար, մարմնովս սարսուռի առաջին ալիքն անցավ ու ես ինձ մի պահ կորցրի: Հետո սկսեցի հերթով սանրել կոստյումիս բոլոր վեց գրպանները, նույնիսկ յոթերորդը` մանր դրամների համար նախատեսված գրպանը, բայց հեռախոսը չկար:
Փորձեցի Դավիթի նկարագրածով գտնել նրա բնակարանը, բայց ապարդյուն, այն հասցեն, որտեղ ես ներկայացա, այլ մարդիկ էին ապրում: Հետագայում պարզվեց, որ գոյություն ունի §կվարտալ¦ հասկացողությունը և չորրորդի փոխարեն երրորդն էի գնացել, որի մասին Դավիթը մոռացել էր ինձ զգուշացնել:

Ի՞նչ պիտի անեմ գիշերվա կեսին, մտածում եմ ես: Եվ հանկարծ հիշեցի իմ մի հին ծանոթին, որի բնակարանում երկու անգամ վարձով էի ապրել մի քանի օրով: Նույն համարի ավտոբուսով և մետրոյի միջոցով ժամը տասներկուսի մոտ ծեծեցի ծանոթիս բնակարանի դուռը: Քար լռություն: Մի քանի փորձից հետո, ստիպված էի մտածել մի այլ ելքի մասին, որը շուտով գտնվեց: Ես մեկնեցի Կուրսկի երկաթուղային կայարան և շրջելով ուղևորների սպասասրահում ազատ տեղ գտա, հարմարվեցի և սպասեցի լույսը բացվելուն:
Սակայն լուսաբացին քունս հաղթել էր և պառկել էի նստարանին ու քնել: Երբ ինչ-որ աղմուկից արթնացա և փորձեցի շրջվել մյուս կողմի վրա` մարմինս հարմարեցնելու, սակայն մի կոշտ առարկա սեղմեց կողոսկրիս: Սա ի՞նչ բան է, զարմացա ես ու ձեռքս տարերայնորեն տարա կոշտ առարկայի ուղղությամբ: Բջջային հեռախոսս էր: Պարզվեց, որ վերարկուից և կոստյումից բացի հագիս կար նաև հաստ բրդյա սվիտեր, որի գրպանում իմ անփութության շնորհիվ հանգրվանել էր բջջային հեռախոսս:

Գիտակցելով, որ բոլոր դեպքերում երկու մարդ կանհանգստանա իմ անհայտացման դեպքով, ես զանգահարեցի Պանտելեյմոն Իսակիչին և Դավիթին ու պատմեցի եղելությունը: Իսկ հետո զանգահարեցի իմ հին ծանոթին:

-Հարգելիս,-ասաց տարեց մարդը,-դու չգիտես, որ ես վատ եմ լսում ու մի քիչ էլ խմել էի, խնդրեմ համեցիր, ես քեզ կսպասեմ:

Այդպես էլ արեցի:

Խորհուրդս այն է, որ եթե գործուղման կամ այլ նպատակներով հեռավոր երկրներ եք գնում, մի մոռացեք ձեր նոթատետրում նշել` թե որտեղ եք դրել անհատական օգտագործման բջջային հեռախոսը:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930