Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ Ֆիլիպի և միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում: Նա իր գոհունակությունն է հայտնել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ՝ անհրաժեշտ համարելով է՛լ ավելի աշխուժացնել խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու առումով:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Հայաստանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:
Հանդիպմանը չեխական կողմը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնելու իր պատրաստակամությունը: Չեխ խորհրդարանականները ԱԺ փոխնախագահին տեղեկացրել են, որ ցուցահանդեսը տեղի կունենա մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել չեխական կողմին և հույս հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Չեխիայի Հանրապետության խորհրդարանը եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Վոյտեխ Ֆիլիպին և Զուզկա Բեբարովա-Ռույբրովային հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ