Հատված «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցից:
– Վերջերս հաճախ եք ընդգծված համակրանքով խոսում քառյակի (թե՝ եռյակի), հատկապես ԲՀԿ-ի մասին։ Պարոն Իսագուլյան, այս առակը զի՞նչ ցուցանե։
– Շատ պարզ բան։ Հայկական քաղաքական իրականության մեջ առաջացել է մի իրավիճակ, երբ տարբեր հայացքների և ուղղվածությունների տեր քաղաքական ուժերն ընկալել են մի պարզ իրողություն, որ ներկա ձախողումների հիմնական պատճառը գործող իշխանություններն են՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» քաղաքական ուժի գլխավորությամբ, որի միակ խնդիրը ոչ թե պետության ու ժողովրդի հոգսերն են, այլ վերարտադրվելու մոլուցքը, և պայքարում են դրա դեմ։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կերպարով, Հայաստանի քաղաքական մշակույթ է բերում մի երևույթ, որտեղ ակնառու է, թե ինչպես ոչ մի խնդիր չունեցող հաջողակ գործարարն ու քաղաքական գործիչը իր անձնական բարեկեցությունն ու շահը ստորադասում է պետության ու ժողովրդի բարեկեցությանն ու շահին։
– Վիճելի տեսակետ է, որին ևս կանդրադառնանք առաջիկայում։ Այսօր, խնդրում եմ, պատասխանեք վերջին մի հարցի. ինչպե՞ս ընդունեցիք այն իրողությունը, որ այսօր Սյունիքի մարզպետ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
– Այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում, երբ սպանվել էր ՀՀ պատվարժան քաղաքացի, և ծանր վիրավորվել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպա, ու նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ամենում հիմնական կասկածյալը Սուրիկ Խաչատրյանն է, ու գործը դեռևս ամենևին էլ ավարտված չէ, սա կարող է նշանակել մեկ բան. նպատակ կա ժողովրդին վերջնականապես ահաբեկելու, քանզի վաղը միայն նման մեթոդներով ներկա իշխանությունները կարող են ունենալ վերարտադրման հնարավորություն։ Այս քայլը բարոյական տեսանկյունից վերջնականապես բացահայտեց, որ գործող իշխանություններն ունակ չեն ձեռնարկելու մի գործընթաց, որը բխում է պետության ու ժողովրդի շահերից, այդ թվում նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում