«Պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք, արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ընդամենը։ Այսքանը ու այսպես։ Սուրիկ Խաչատրյանը մեկ տարի ու չորս ամիս հետո վերանշանակվեց Սյունիքի մարզպետ։ Ի հեճուկս տրամաբանության։ Ի հեճուկս օրինականության։ Ի հեճուկս հասարակության։
Հանուն «Ապահով Հայաստանի», որի իրական ու վերջնական պատկերը կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրեց հայաստանցիներին։ Ինչպես միշտ՝ վերջին պահին։ Օրակարգում նման հարց չունենալով։
Փաստորեն սեպտեմբերը սկզբից մինչև վերջ միջազգային ու տեղական նշանակության անսպասելիությունների ամիս է։ Սուրիկ Խաչատրյանը կվերադառնա իր դարասկզբից տաքացրած աթոռին՝ շարունակելու անօրինականությունների ու բռնությունների շղթան, որի օղակները մեջընդմեջ բացվել ու ներկայացվել են հասարակությանը, ու՝ ոչ մի հետևանք չեն ունեցել։ Որովհետև Սուրիկ Խաչատրյանն այն անփոխարինելի տարրն է, որն ապահովում է ՀՀԿ-ի ձայները։ Սյունիքի սահմանամերձ մարզում։ Բռնաբարություն, ծեծուջարդ, սպանություն, կողոպուտ, ու ոչինչ։ Արդարադատության համակարգը Սուրիկ Խաչատրյանի պայծառ կերպարի առաջ անզոր է՝ նա իշխանության պաշտպանության տակ է։ Իշխանությունն արդարադատության իր գործառնությունը իրականացնում է շարքային մահկանացուների վրա, ոչ ՀՀԿ-ական «անմահների»։ Իշխանությունն այդ նպատակով ունի մի քանի տասնյակ Վոլոդյա Ավետիսյան, Շանթ Հարությունյան, Շահեն Հարությունյան… Նրանց կդատի ու կդատապարտի ու կասի՝ մոտ չգաք, Հայաստանում փայտն ավելի ուժեղ է կրակում, քան հրազենը։ Ու՝ ի՞նչ։ Ոչինչ։ Ավետիք Բուդաղյանը ինքնասպան է եղել։ Ավելի ճիշտ՝ նրան եղբայրն է սպանել՝ Արտակ Բուդաղյանը, բայց դե նրան չենք մեղադրի։ «Ինքնապաշտպանություն էր»։
Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը իրականում ՀՀԿ-ի ինքնապաշտպանությունն է, որ նշանակում է հասարակական կարծիքի սպանություն։ Նշանակում է Հայաստանի ամենամեծ ու սահմանամերձ մարզի սպանություն։ Նշանակում է իշխանության ինքնավարկաբեկում։
Կարդացեք նաև
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում