Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Գրիգորյան. «Մեր քաղաքականությունում բացակայում է հարգանքը փոքրամասնությունների կարծիքի վերաբերյալ»

Սեպտեմբեր 26,2014 11:21

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում լրագրող Մարկ Գրիգորյանն անդրադարձավ շոտլանդական հանրաքվեի՝ Հայաստանին տրված դասերին. «Երեւի թե իմաստ ունի, որ մենք էլ մեր ներքաղաքական զարգացումների մեջ սկսենք մտածել ոչ թե ամիսներով, այլ տարիներով եւ նույնիսկ տասնամյակներով: Երկրորդը՝ երբ որ կուսակցությունները տալիս են նախընտրական խոստումներ, նրանք ուղղակի պարտավոր են այդ խոստումները կատարել»:

Նա նշեց, որ 2011 թվականին, երբ Շոտլանդիայում ընտրություններ էին տեղի ունենում, «Շոտլանդիայի ազգային կուսակցությունը» խոստացել էր հանրաքվե անցկացնել, եւ չնայած այն հանգամանքին, որ ոչ ոք չեր պատկերացնում այդ հանրաքվեի արդյունքները, նա անցկացրեց դա: Մարկ Գրիգորյանը հավելեց, թե քանի որ խոստացել էին, իրենք ուղղակի նահանջելու ճանապարհ չունեին: Իրենք չկարողացան կատարել իրենց նախընտրական խոստումը. Հանրաքվեն չհաղթեց, եւ արդյունքում՝ կուսակցության ղեկավարը պաշտոնանկ եղավ. «Երրորդ՝ ինչո՞ւ պետք է Լեյբորիստական կուսակցությունը դներ Շոտլանդիայի պառլամենտ ստեղծելու կամ վերաստեղծելու հարցը, անգլիացիներին պե՞տք էր շոտլանդացիներին ավելորդ արտոնություններ տալ կամ բարձրացնել նրանց ինքնիշխանության մակարդակը, երեւի պետք էլ չէր: Բայց քանի որ ժողովրդի մի մասը, ժողովրդի փոքրամասնությունը դա էր պահանջում, դա մտավ Լեյբորիստական կուսակցության նախընտրական ծրագրի մեջ»:

Նրա կանխատեսմամբ՝ նման դեպք, եթե լիներ Հայաստանում, ապա կուսակցությունը լուրջ չէր վերաբերվի փոքրամասնության կարծիքին. «Հարգանք փոքրամասնության կարծիքի վերաբերյալ, մի բան, որ մեր քաղաքականության մեջ, ըստ էության բացակայում է: Մենք ունենք քաղաքական մեծամասնություն, որ ասում ՝ ես մեծամասնություն եմ եւ կանեմ՝ ինչ-որ ուզում եմ, եւ ունենք փոքրամասնություն, որը երազում է մի օր դառնալ մեծամասնություն, եւ մի օր ինքն անի այն, ինչ-որ ուզում է: Դա Լենինյան դեմոկրատական կենտրոնականության սկզբունքն է, երբ որ փոքրամասնությունը պետք է ենթարկի մեծամասնությանը, եւ վերջակետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930