Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. «Խարխլում են լրագրող եւ լրատվության աղբյուր փոխվստահության մթնոլորտը»

Սեպտեմբեր 26,2014 10:55

«Այդ որոշման սաղմերը մենք տեսանք դեռեւս մայիսին, երբ գլխավոր դատախազը հատուկ հրաման արձակեց այն մասին, որ լրատվության միջոցների հանդեպ պետք է ավելի խիստ լինել, եւ գաղտնի լրատվության աղբյուրները պետք է բացահայտվեն,- ասում է Ինֆորմացիայի կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ նկատի ունենալով ilur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի վերաքննիչ բողոքի մերժման մասին որոշումը: -Մենք դա ընդունեցինք, որպես օրենքին հակասող հրաման, որովհետեւ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը նշում է, որ միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների գործերի քննության ժամանակ եւ այն էլ դատարանի որոշմամբ կարող է պարտադրվել լրատվամիջոցներին աղբյուրը բացահայտել»:
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը եւ ilur.am կայքը հրապարակել էին տեղեկություն, որ իրենց հավաստի աղբյուրները հայտնում են, թե այս տարվա մայիսի 7-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն անսթափ վիճակում զենքով սպառնացել է Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյան եղբայրներին եւ ատրճանակի կոթով հարվածել է Ռաֆայել Ալեքսանյանին: Հրապարակումները մեծ աղմուկ էին առաջացրել, ոստիկանությունը հերքել էր տեղեկատվությունը: Դատախազության պահանջով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել պարտավորեցնել iLur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Լրատվամիջոցների վերաքննիչ բողոքը դատարանը օրեր առաջ մերժել էր:

«Մենք լուրջ վտանգ տեսանք եւ փաստորեն դրա տրամաբանական շարունակությունը եղավ, եւ դատական գործընթաց մտան ilur.am-ի եւ «Հրապարակի» դեմ գործերը, եւ փաստորեն մերժեց դատարանը: Դատարանը պահանջեց, որ լրատվամիջոցները իրենց աղբյուրները բացահայտեն: Դատարանի այդ որոշումը խիստ մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես նախադեպ է դառնալու մամուլի համար, որ առաջիկայում մամուլի համար վաղը լրատվության մյուս աղբյուրները, ում հետ աշխատում են լրագրողները (իսկ լրագրողն ու լրատվության աղբյուրը ամենակարեւոր հարաբերություններն են մամուլի աշխատանքում, որովհետեւ առանց այդ գաղտնի աղբյուրների, լրագրողները չեն կարողանում բացահայտել լուրջ ապօրինությունները- Շուշան Դոյդոյան), մտածեն՝ եթե ես տեղեկատվությունը տրամադրում եմ գաղտնիության պայմանով, կարող են լրագրողին շատ հանգիստ պարտադրել, եւ ինքը պարտադրված լինի բացահայտել: Այսինքն՝ խարխլում են լրագրող եւ լրատվության աղբյուր փոխվստահության մթնոլորտը, ինչը իսկապես կարող է լուրջ վտանգ ներկայացնել մամուլի ազատության եւ ընդհանրապես մամուլի դերի հարցում»,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը:

Այս ամենը նրան անհանգստացրել է, եւ նա «ահազանգել է» նույնիսկ «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, որը նույնպես անհանգստացած է կատարվածով: Տիկին Դոյդոյանը համոզված է, որ դատարանի՝ լրատվամիջոցների նկատմամբ կիրառած այս որոշումը էականորեն կազդի նաեւ Հայաստանի վարկանիշի վրա: «Որովհետեւ աղբյուրի գաղտնիության պահպանման իրավունքը լրագրողի ամենակարեւոր իրավունքներից է, որը երաշխիք է մամուլի ազատության համար»,- ասում է նա՝ նշելով, որ այս գործը տեղեկատվության գաղտնի աղբյուրի բացահայտման առաջին նախադեպն է հայկական մամուլում, եւ բացասական գործընթացն արդեն սկսված է:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարդ says:

    Այ մարդ ես չեմ հասկանում, էդ գործը սկզբում փակեցին, ասեցին բան-ման չի եղել, հմի ինչի ով ուզեց, որ նորից բացվի?, ինչ աղբյուր ինչ բան,խայտառակ կեղնիք աշխարհով մեկ , որ սաղը իմանան, որ չեմպիոնին տղու գլխին ըդպես բան է բերվել, փոխանակ ձեները կտրեն օրգանները, նորից սաղ պատմությունը անըդհատ կշրջանառեն , մի բան էլ լրատվամիջոցների վրա կդնեն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930