Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆՈՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Սեպտեմբեր 26,2014 10:50
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասնութերորդ

ՎԱՆՈՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Եվ Հավատացյալը ժպտալով շարունակեց՝ «Վանոն ինձ որ տեսավ, մեքենայից իջավ, հարգանքով բարեւեց ու հարցրեց՝ «ի՞նչ կա-չկա, Խորեն ջան, ո՞նց ես», եւ ես ժպտալով Խորենին հարցրի՝ «բա դո՞ւ ինչ ասիր», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ի՞նչ պիտի ասեի. ասեցի՝ փառք Աստծո, լավ եմ», եւ ես հարցրի՝ «բա ի՞նքն ինչ ասեց», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասեց՝ էրեւա, խոսանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա դո՞ւ ինչ ասիր», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ մի բան էլ չասեցի. ի՞նչ պիտի ասեի. իրար հաջողություն ասինք, գնաց», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞. էրեւացի՞ր», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ո՞ւր պիտի էրեւայի. կարող ա՞ գնայի Էմվեդե» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտն ասած, մի անգամ մի հարց կար, բայց մոտը չմտա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ, չկարողացա մոտը մտնեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հարց էր», եւ Խորենն ասաց՝ «փեսիս ախպերը Սովետի վախտերից միլիցա էր, ու Վանոյի օրոք գործից հանել էին, փեսես խնդրեց, որ Վանոյին ասեմ՝ վերականգնի», եւ ես հարցրի՝ «ասեցի՞ր», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն ասած, փորձեցի մոտը մտնեմ, բայց չստացվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հետո մտածեցի՝ երեւի խերն էդ էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ հաջողացնեիր մոտը մտնեիր, հաստատ խնդրանքդ կաներ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ էլ կասկածում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց, պարզվում ա, իրա մոտ մտնելը համարյա անհնարին ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մեր ընդհանուր ընկերներից մի քանիսն էնտեղ են աշխատում. իրանք կարային քեզ օգնեին, որ Վանոյի մոտ մտնես», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չօգնեցին», եւ ես հարցրի՝ «ո՞վ չօգնեց», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անունները չտամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձնից լավ գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «երեւի իրանք ավելի շատ են փոխվել, քան՝ Վանոն», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ մեկը՝ հաստատ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «բայց իրանք չեն զգում, որ փոխվել են», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «բայց դու ի՞նչ գիտես, որ փոխվել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կարող ա միշտ էլ էս են էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ արարածն էդքան հեշտ ու էդքան արագ չի փոխվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եթե փոխվում էլ ա, դեպի լավն ա փոխվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ՝ Աստծով ու դանդաղ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մարդ արարածը մենակ հավատքի ուժով ու հավատքի շնորհիվ կարա դեպի լավը փոխվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մեր օրերում շատերը դեպի վատն են փոխվում», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «լավ կանես՝ դեպի լավը փոխվածներին նկատես», եւ ես ասացի՝ «դեպի լավը փոխվածները շատ քիչ են», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հենց իրանց փնտրես, մեկից կշատանան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մինչեւ իրանց չփնտրես, ոչ իրանց կնկատես, ոչ էլ՝իրանց փոխվելը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իհարկե, խոսքս դեպի լավը փոխվածներին ա վերաբերում», եւ ես ժպտալով հարցրի՝ «հիմի որ Վանոն չի փոխվել, էդ լավ ա՞, թե՝ վատ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սովորաբար պաշտոնը մարդկանց դեպի վատն ա փոխում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Վանոն որ չի փոխվել, էդ արդեն լավ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բանաստեղծը որ հանկարծ Էմվեդեի մինիստր ա դառնում, էդ արդեն արտակարգ իրավիճակ ա», եւ ես Խորենին ուղղելով ասացի՝ «Վանոն ոչ թե բանաստեղծ ա, այլ՝ արձակագիր», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծ հաշվով նույն բանն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը վախտին «Գարունի» մեջ բանաստեղծություն էլ ա գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «ուժեղ հիշողություն ունես», եւ Հավատացյալը ժպտալով ասաց՝ «մոռանում ես, որ ես էլ էի մի ժամանակ բանաստեղծություններ գրում», եւ ես ժպտալով հարցրի՝ «հիմա չես գրո՞ւմ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «չեմ ուզում ձեր հացը կտրեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «մի ժամանակ լավ էլ կտրում էիր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դեռ հարց ա՝ ով ում հացը կտրեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու ինձնից ահագին ուշ ես սկսել բանաստեղծություններ գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մոռացել ես, որ առաջին բանաստեղծություններդ ինձ ես ցույց տվել», եւ ես ժպտալով ասացի՝ «հիշում եմ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ կարդալ տվիր, հետո նոր տարար «Գարունի» խմբագրություն», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ հիշում ես», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «մեր կյանքն ա. մենք որ չհիշենք, ուրիշը չի հիշի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ հիշում» եւ հիշելով ավելացրի՝ «էդ բանաստեղծույթուններս Օֆիկի կաֆեում կարդացիր» եւ մի քիչ մտածեցի ու հիշելով ավելացրի՝ «էդ բանաստեղծություններս ահագին գովեցիր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ դուխ էի տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էն ժամանակ ջահել սկսնակ էիր» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ես էլ էի էն ժամանակ ջահել», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի էլ առանձնապես բիձա չենք», եւ, հիշում եմ, մեր էդ խոսակցությունն արդեն շատ հետո էր՝ նոր հազարամյակի առաջին տարիներին՝ Մանկական երկաթուղու ձորում, ուր էդ թվերին ամառները համարյա ամեն օր Նաբերեժնու չռիկի տակ լողանում էի, եւ ինձ շատ ջահել էի զգում, որովհետեւ ոչ միայն ջահել էի, այլեւ բացարձակ առողջ էի, եւ էդ ամառ Հավատացյալ Խորենն էլ էր համարյա ամեն օր Նաբերեժնի գալիս, որովհետեւ արդեն պարկինսոն կոչվող հիվանդության տեր էր եւ մաքուր օդի կարիք ուներ, եւ էդ ամառ համարյա ամեն օր Կոնդի եկեղեցի մտնելուց հետո դանդաղաքայլ իջնում էր Մանկական երկաթուղու ձոր, եւ էդ ամառ համարյա ամեն օր ձորում հանդիպում ու երկարբարակ զրուցում էինք, եւ երբ էդ օրն իրեն ասացի՝ «հիմի էլ առանձնապես բիձա չենք», ինքը թախծոտ ժպտալով ասաց. «իմ հայհայը գնացել՝ վայվայն ա մնացել», եւ ես իրեն ասացի՝ «տեսքիցդ չես ասի, թե՝ վայվայդ ա մնացել. առաջվա նույն Խորենն ես», եւ Խորենը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «հիմի էլ դու ե՞ս ինձ դուխ տալիս»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930