Թե ինչ է լինում, երբ Սերժ Սարգսյանն «անկեղծանում» է
Չի ստացվում, էլի, չի ստացվում: Ինչքան էլ զանազան, իբր, «իմիջմեյքերները», մասնավորապես՝ ի դեմս ճառեր ու ելույթներ գրող ռեֆերենտների, փորձում են Սերժ Սարգսյանից մտավորականի կերպար կերտել, մեկ է՝ չի ստացվում: Մեկ է՝ նրա էությունը անմիջապես ջրի երես է ելնում, երբ դեմ առ դեմ հանդիպում է չնախապատրաստված զրույցի:
Դե, դա էլ հո «Բազեի» դերաբաշխումով «զրույցը» չի, որ անգիր արած հարցերին անգիր արած պատասխաններ տաս, կամ էլ՝ հո մի հեռուստաալիքին տված «բացառիկ» հարցազրույցը չի, որ ջանադրաբար գրած հարցերն ու պատասխանները ընթերցվեն, ու ամեն ինչ «յուղի պես հարթ գնա»: Մարդիկ են, հուզող խնդիրներ ունեն, ասենք՝ «Տոնուսից» քցվածներ են, հարց են տալիս, պատասխանելու փոխարեն՝ հնչում է. «Մեղադրական տոնով մի խոսեք…» կամ դրա նման մի բան: Մարդ է՝ իր հոգսերն է պատմում նախընտրական հանդիպման ժամանակ, պատասխանը ստացվում է. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: …» եւ այլն:
Հիմա Պրահայի էս՝ արդեն իսկ աղմուկ հանած հանդիպումն է: Իհարկե, մեզնից զատ՝ նաեւ մեր այնտեղ ապրող հայրենակիցներից շատերի համար երեւի թե բոլորովին էլ զարմանալի չէին Սերժ Սարգսյանի«,անկեղծ» պատասխանները. մեծ մասը հետեւում է հայաստանյան լրատվությանը եւ գիտի ամեն ինչ: Նրանք էլ համոզվեցին, որ իրենց հասանելի ցանցային լրատվամիջոցները, ի տարբերություն ըստ Սերժ Սարգսյանի՝ «փոխված, թարմ ու հետաքրքիր» Հ1-ի, չեն խաբում, որ Սերժ Սարգսյանի ռեֆերենտների չնախապատրաստած ամեն մի բառ ու արտահայտություն վերածվում է զավեշտի կամ անեկդոտի: Դե, չի կարողանում, չի կարողանում մարդը թաքցնել իր էությունը:
Կարդացեք նաև
Եվ ստացվում է Սերժ Սարգսյանի երկու դեմքի կամ ավելի ճիշտ՝ դիմակի եւ դեմքի հակասությունը:
Ռեֆերենտի «կերտած» Դիմակն ասում է. «Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ» (տե՜ս ): Կամ՝ «Ճիշտ գնահատականը հետևյալն է՝ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները՝ իբր թե մեզ ստիպում են, որպեսզի մենք արագ և գլխակորույս դառնանք Մաքսային միության անդամ» (տե՛ս ):
Դեմքը հակադարձում է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել» :
Կամ՝ ձեռակերտ Դիմակը պատեհ-անպատեհ խոսում է տնտեսական մրցակցության մասին, մարդկանց հրավիրում Հայաստան, օրինակ՝ Հայաստան-Սփյուռք համաժողովում ասում է. «Պետությունը պատրաստակամ է սփյուռքահայերին հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ինչի նպատակը բարեգործությունից փոխշահավետ գործընկերության անցնելն է» (տ՜ես ):
Դեմքը հակադարձում է. «… Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքա՞ր ներկրեն» ...
Նման համեմատություններ ինչքան ուզեք՝ կարող եք անել: Եվ այս օրերին դրա պակասը երեւի թե չկա: Սակայն Սերժ Սարգսյանի անկեղծացումների մեջ կա մեկը, որին անպայման պիտի անդրադառնամ «Սահմանադրական բարեփոխումներ» կոչվող հերթական «կամպանիայի» ֆոնին:
Հանդիպման մասնակիցն ասում է. «Մենք մեր կարծիքն ենք արտահայտել», իսկ Սերժ Սարգսյանը նրան պատասխանում է. «Դուք ձեր կարծիքը ձեր տանը ասեք»:
Սա կարդալուց հետո սկսում ես մտածել՝ ահա թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը Անկախության օրվա ճառում խոսելով իրավունքի գերակայության մասին: Հավանաբար, Գագիկ Հարությունյան & CO ՍՊԸ-ն արդեն Սահմանադրության մեջ փոփոխություններ է արել եւ 27-րդ հոդվածը խմբագրել այսպես. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց միայն իր ննջարանում, դեմքով դեպի պատը պառկած վիճակում…»: Բա, տեսնո՞ւմ եք, մեզ մոտ իրավունքի գերակայություն է. խոսքի իրավունքը, օրինակ, գերակայում է ննջարանի նկատմամբ…
Զավե՞շտ է թվում: Իսկ ինձ՝ բոլորովին: «Թարս բուսած խիարի», «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել» եւ նման այլ, ներողություն արտահայտությանս համար, մտքեր արտահայտողից ինչ ասես՝ սպասելի է. եթե այսօր մարդկանց «մեծահոգաբար» թույլատրում է սեփական կարծիքները միայն սեփական տանը ասել, ապա վաղն էլ «մեծահոգաբար» կպարտադրի լռել արտակարգ դատարանների՝ «տրոյկաների» առաջ՝ գլխավոր դատախազ Վիշինսկու, ներողություն՝ Կոստանյանի ու ՆԳ ժողկոմ Մուղդուսու, ներողություն՝ Վովա Գասպարյանի խոշտանգիչների խոժոռ հայացքների ներքո: Իսկ հետո…
Դե, հետոն հայտնի է. Պուտինի ջանը սաղ լինի՝ Եվրասիական միությամբ Սիբիրի անծայրածիր անտառները նորից գրկաբաց սպասում են իրենց ննջարաններից դուրս կարծիք արտահայտողներին…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2014
Կոխեք շիշը կդզվի, կդառնա շշաձև խիյար:
https://www.youtube.com/watch?v=fETDo9hSOJ4 Սերժ Սարգսյանն անկեղծանում է
“Հայաստանի Արքունիքում” ս. սարգսյանի “Ճառտախոսական” տեքստերի սպասարկողները, միթե՞ մինչեվ հիմա գլխի չեն ընկել, որ վտանգավոր է առանց նախօրոք գրված տեքստերի, իրականությունից կտրված, տրամաբնելու ունակություններից ԶՈՒՐԿ , Երկրի իշխանությունը ԶԱՎԹԱԾ հանցագործ <>, նամանավանդ արտ – երկրներում , հարց ու պատասխան տարբերակով թույլատրելու ժողովրդի հետ երկխոսելու:
Սրա ապացույցն է նաեվ այս երկխոսությունում, մարդկանց հուզող հարցերին նրա ԴԵՄԱԳՈԳԻԿ պատասխանները…
Սա շատ վտանգավոր իրողություն է, որով էլ էս մարդն երկրի իրադրությունների ընկալման իր “անկեղծ ու հանցագործ գործողություններով”, մարդկանց հարցերի իր բանավոր պատասխաներով, դառնում է ծաղր ու ծանակի առարկա, խայտառակելով անբողջ Հայ ժողովրդին` Հայաստան երկրին …