Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկին կարոտ ենք ելույթներից անցնել ավելի գործնական քայլերի»

Սեպտեմբեր 26,2014 17:00

Հայաստան-Սփյուռք համաժողովի արդյունքներն ամփոփում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը

– Պարոն Աճեմյան, վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՍԴՀԿ ԿՎ-ն տեղափոխվում է Հայաստան: Համապատասխանո՞ւմ են արդյոք այս լուրերն իրականությանը:

– Կարծում եմ, որ իր օրին եւ ժամին բոլորն ավելի մանրամասն տեղեկություն կունենան: Հիմա այդ մասին խոսելը վաղաժամ կհամարեմ:

– 2015 թվականին Հայաստանն ու Սփյուռքը պետք է նշեն Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ եք կարծում՝ բացի պաշտոնական արարողություններից, ի՞նչ դեպքեր կարող են զարգանալ:

– Նախ՝ հանուն արդարության պետք է նշենք, որ այսօր ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Սփյուռքը գոնե մոտավոր պատկերացում չունեն, թե Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին ինչ պետք է հետեւի: Այսինքն՝ եթե վաղը Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ քայլեր պետք է հետեւեն դրան: Ունե՞նք արդյոք մենք հավաքական տեսակետ, թե ինչ պետք է պահանջենք Թուրքիայից: Հողե՞րը, վանքերն ու եկեղեցինե՞րը, դրամական փոխհատուցո՞ւմ… Այս ամենը դեռ որեւիցե փաստաթղթում ամբողջացված չէ: Նույնիսկ ժամանակին 3 ավանդական կուսակցությունները մեր առաջարկով փորձեցին միասնական դիրքորոշում որդեգրել, որը, սակայն, շարունակականություն չունեցավ: Պետք է ինքնաքննադատաբար մոտենալ եւ ասել, որ ՍԴՀԿ-ում նույնպես այս առումով միասնական պահանջ չկա: Բայց կարծում եմ, որ առաջիկա ամիսներին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն իր պաշտոնական տեսակետը վերջնական եւ փաստաթղթին հանձնված կհայտնի:
Ի դեպ, ինչ վերաբերում է Հայրենիք-Սփյուռք ժողովին, ապա այստեղ կրկին կարոտ ենք ելույթներից անցնել ավելի գործնական քայլերի: Գործնական, աշխատանքային բաժինը շատ տկար էր: Հուսանք, որ առաջիկայում այս իրավիճակը կշտկվի: Ավելի լավ է ուշ, քան երբեք…

– Հայաստանում այս օրերին հատկապես քննարկվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցը: Անգամ նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը պետք է ստորագրի անդամության փաստաթուղթը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացին:

– Նախ՝ Հնչակյան կուսակցությունը մեկ անգամ չէ, որ այդ մասին խոսել է, մենք ունենք նաեւ ՍԴՀԿ համագումարի որոշում: Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը բխում է նախ եւ առաջ հայ ժողովրդի շահերից: Սա, անշուշտ, չի նշանակում, որ Հայաստանը պետք է իր հարաբերությունները վատացնի Արեւմուտքի հետ, սակայն մեր ազգային անվտանգության շահերը մեզ թելադրում են շարունակել ռազմավարական հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ: Չմոռանանք, որ մենք ունենք Արցախի խնդիր, իսկ այդ հարցի լուծումը, իմ խորին համոզմամբ, ուղղակիորեն կախված է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից:

Բացի այդ, կա նաեւ տնտեսական բաղադրիչ: Հայաստանը, միանալով Մաքսային միությանը, գտնում է բազմամիլիոնանոց շուկա: Սա նաեւ հրաշալի առիթ է այդ շուկայում իրացնելու մեր ապրանքները:

– Հայաստանում քաղաքական կրքերը կարծես հասունանում են, զուգահեռաբար էլ նախապատրաստվում են սահմանադրական բարեփոխումներ: Առանցքային կետը, կարծես, կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելն է: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը:

– Անձամբ ես այս ամենի մեջ որեւիցե արտառոց երեւույթ չեմ տեսնում: Սրանք բնականոն քաղաքական գործընթացներ են: Երկրում կան ահռելի սոցիալական՝ ընկերային անարդարություններ, մենաշնորհներ, օլիգարխիկ տնտեսական համակարգ: Բնական է, որ ժողովուրդը պետք է ընդվզի: Չեմ ասում, որ Հայաստանում ամեն ինչ շատ վատ է, սակայն որքան որ վատ երեւույթներ կան, դրանք բավական են՝ շատ դժգոհ լինելու համար: Միայն արտագաղթն արդեն ազգային աղետ է: ՍԴՀԿ-ն միշտ իր գործունեությամբ շարքային քաղաքացիների, սովորական աշխատավորի կողքին է:

Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա ՍԴՀԿ Հայաստանի կառույցն այս մասին առիթ ունեցել է խոսելու, սակայն շատ ավելի հստակ հայտարարություններ անելու եւ գործողությունների անցնելու համար ժամանակ եւ բյուրեղացում է պետք:

– Հոկտեմբերի 10-ին խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», մեծ հանրահավաք են նախատեսում: Մինչ այդ քառյակի ֆորմատով 12 պահանջներ էին հրապարակվել: Հանրահավաքում ի մի է բերվելու պահանջների կատարողականը, եւ հետագա գործողությունների քայլեր են մշակվելու: Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

– ՍԴՀԿ Հայաստանի վարչությունն այդ հարցին մի քանի անգամ անդրադարձ կատարել է: Ես չեմ ցանկանում կրկնվել:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930