Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկն ասում է՝ թունաքիմիկատ է, մյուսը պնդում՝ սովորական գոմաղբ է

Սեպտեմբեր 26,2014 16:00

Հարեւանները վիճում են տհաճ ու տարօրինակ հոտի պատճառով

Գեղանիստ գյուղի կենտրոնական մասում տարօրինակ հոտ է ընկել, ոչ այն է՝ թրիքի, ոչ այն է՝ թույնի: Այս հոտը հարեւանների կռվի պատճառ է դարձել:

Մոտ մեկ ամիս առաջ մի գործարար, որը ներկայացավ Սամվել անունով, 20 տոննա «Fertiplus» անունով, իր ասելով` հողը պարարտացնող նյութ է ներկրել եւ գյուղի կենտրոնական մասում գտնվող խանութ-պահեստում տեղավորել: Հենց այդ նույն օրը շրջապատում տհաճ հոտ է տարածվել, ու արդեն մոտ 1 ամիս է՝ հոտը չի անցնում: Գյուղի բնակիչներից մեկը` Դավիթ Մակարյանը, «Առավոտի» հետ զրույցում կասկած հայտնեց, որ այդ նյութից շատ տարօրինակ արտանետում է լինում, իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գլխապտույտ է առաջացել, ու աչքերը սկսել են մրմռալ: Մակարյանը վստահ է, որ դա թունաքիմիկատ է, որի պատճառով իր հարակից օբյեկտը` վարսավիրանոցն ու անշարժ գույքի գործակալությունը, տուժում է. «Մարդիկ չեն ուզում գալ, ես ինքս էլ կլիենտներիս ասում եմ` մի եկեք, գաք` վատանա՞ք»:

Այս պահեստ-խանութի հարակից վայրերում բնակելի տներ են, ալյուրի խանութ ու հացի փուռ: Մակարյանը պնդում է, որ այդ տարօրինակ նյութը թունաքիմիկատ է, իսկ թունաքիմիկատներ թույլատրելի է վաճառել հանրային վայրերից 50 մետր հեռավորության վրա. «Ասում են` էդ թունաքիմիկատը ասթմա է առաջացնում: Ես անձամբ գնացել եմ գյուղնախարարություն ու հետաքրքրվել, ու ինձ ասել են, որ թունաքիմիկատներ ներկրելու համար հատուկ սերտիֆիկատ է պետք, իսկ դրանք վաճառելու համար թույլտվություն է տրվում պայմանով` բնակելի տներից հեռու տեղում վաճառել»:

Պահեստի հարեւանությամբ գործող օբյեկտների աշխատակիցներից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք այդ տարօրինակ հոտն իրենց չի՞ անհանգստացնում, ու գրեթե բոլորն ասացին` ոչ: Գյուղացիների խոսքերով` իրենք տարօրինակ բան չեն նկատում, նման հոտին էլ սովոր են. «Այ քուր ջան, որ մտնես մեր ջերմոցները` ուշքդ կգնա, մենք սովոր ենք հոտին, սաղս էլ օգտագործում ենք թունաքիմիկատ: Թե դրա մեջ ի՞նչ կա, որ բողոքում են»:
Եթե այս բնակիչները ավելի հեռու են պահեստից ու իրենց «նեղություն» չի տալիս, ապա, կարելի է ասել՝ Մակարյանի քթի տակ է պահեստը. «Ինքն աշխատում է, ես՝ չեմ կարում, ամիսը 60 հազար դրամ հարկ եմ տալիս, որ չկարենա՞մ աշխատեմ: 30 տարի է՝ ստեղ եմ, ինձ իմ տարածքից ոնց որ վռնդեն»:

Մակարյանը պատմեց, որ նյութը ներկրող գործարարի ու պահեստի տարածքի սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, որ այդ 20 տոննա վատ հոտ ունեցող նյութը այդ տարածքից կտեղափոխվի: Մակարյանը վստահեցրեց, որ չեն տեղափոխել, իսկ գործարարը մեզ հետ զրույցում պնդեց, որ ամբողջ խմբաքանակը տեղափոխել է տարբեր տեղեր: Մեր այցելության պահին էլ տարածքում գոմաղբի եւ գազի տհաճ հոտ էր տարածված, թեեւ գործարարը վստահեցրեց, որ պահեստում այդ նյութից չկա, ընդամենը մեկ պարկ է ցուցադրված. «Տեղափոխել եմ, ոչ մի հատ չկա, հիմա եթե հոտը մնացել է, տարածքը լվալ կտամ: Ես ոչ մի հոտ էլ չեմ առնում, գյուղի հոտն է, սովորական թրիքի հոտ է, բա դրա համար բողոքի՞»:

tunaqimikat_1

Սա այն նյութն է, որն, ըստ գյուղացու, թունաքիմիկատ է, իսկ ըստ վաճառողի՝ սովորական գոմաղբ:

Այս գործարարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր ներկրած ու տհաճ հոտ հանած ապրանքն ամենեւին էլ թունաքիմիկատ չէ եւ վնասակար չէ. «Իրենք չեն հասկանում՝ ինչ է, խոսում են: Սա հավի ծերտի, ոչխարի ու տավարի թրիքները մաքրած, ախտահանած, չորացրած, խտացրած խառնուրդ է, քիմիա չկա մեջը: Սովորական, սովորականից էլ լավ թրիք է: Դե, հոտն էլ բնական բան է, բա ծերտից ու թրիքից հոտ կգա, որ մի քիչ սպասեր, հոտն էլ կանցներ»:

Իսկ թրիքի հոտից վատացած Դավիթ Մակարյանը նաեւ մտավախություն հայտնեց, որ իր վարսավիրանոցի հարեւանությամբ այդ պահեստը նաեւ վաճառքի կետ է, եւ եթե այս չափաքանակը տեղափոխել են, վաղը-մյուս օրը նորն են բերելու: Այս առնչությամբ էլ գործարար Սամվելն ասաց, որ առայժմ միտք չունի խանութ բացելու: Բայց մեր այցելության պահին այդ խանութ-պահեստը լավ էլ աշխատում էր, եւ գյուղատնտեսական որոշ ապրանքներ՝ խթանիչներ եւ այլ նյութեր, հանված էին վաճառքի: Խանութի ճակատին էլ պարզ ու մեծ տառերով գրված է՝ Թունաքիմիկատներ: «Առավոտի» հարցին` եթե թունաքիմիկատ չէ, ապա ինչո՞ւ են գրել` թունաքիմիկատ, գործարարն ասաց. «Դե, գրել դրել եմ, էլի, բայց հլա միտք չունենք տենց բան վաճառելու»: Մեր հարցին էլ՝ լիցենզիա ձեռք բերվե՞լ է այդ նյութը ներկրելու ու վաճառելու համար, գործարարը վստահեցրեց. «Հատուկ լիցենզիա չունեմ ու պետք էլ չէր, սա թունաքիմիկատ չէ, ես լրիվ օրինական եմ աշխատում»:

Մակարյանը վստահեցրեց, որ ինքը դիմելու է առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարություններին, որպեսզի համապատասխան մասնագետներն այցելեն գյուղ եւ ուսումնասիրեն՝ թունաքիմիկա՞տ է, թե՞ ոչ, թույլատրելի՞ է հանրային ու մարդաշատ վայրում նման բիզնեսով զբաղվել:

«Առավոտի» հետ զրույցում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Միկոյանն էլ ասաց, որ այն, ինչ ներկայացրել է նյութն իրացնող գործարարը, չի կարելի թունաքիմիկատ համարել, այսինք՝ թրիքի ու ծերտի չորացրած խառնուրդը վտանգավոր նյութ չէ, դա կարող է լինել օրգանական պարարտանյութ: Պարոն Միկոյանը վստահեցրեց, որ այսօր իրենց մասնագետները կայցելեն տարածք, կուսումնասիրեն նյութն էլ, պահեստն էլ, որից հետո հստակ պատասխան կտան, թե այդ ինչ է հանված վաճառքի, որ նման տհաճ հոտ է տարածել ու պահեստի հարեւանին անհանգստացրել:

Տեսչության պետը նաեւ բացատրեց, որ եթե այդ պարարտանյութում առկա է ֆոսֆոր եւ ազոտ, ապա եւս չի կարելի համարել թունաքիմիկատ՝ ինչպես հարեւաններն են պնդում, եւ այն ամենեւին էլ վտանգավոր չէ. «Օրինակ՝ սելիտրան ունի ազոտի բարձր տոկոս, այն չի կարելի սննդամթերքի մոտ վաճառել: Բայց մարդիկ տանում են, իրենց տանը պահեստավորում, խնդիր չկա: Թունաքիմիկատն այլ բան է, դրա վաճառքի տեղը հատուկ պայմաններով պետք է լինի»:

Ուշագրավ էր, որ գյուղի բնակելի տներին, այսպես ասած՝ կպած կամ 5 մետր հեռավորությամբ թունաքիմիկատների 2 խանութ կար, իսկ թունաքիմիկատների պահեստավորումն ու վաճառքը բնակելի տներից 50 մետր հեռավորությամբ պետք է կազմակերպել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում` Այն խանութը , որտեղից տհաճ հոտ է տարածվում:
«Առավոտ» օրաթերթ

25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հարգելի ժողովուրդ,
    Կուզենայի տեղեկացնե Ձեզ, որ այս լուսանկարի վրա սովորական ախտահանված օրգանական պարարտանյութ է, այլ ոչ թե թունաքիմիկատ։ Համաձայն <> ՀՀ օրենքի պարարտանյութի վաճառքը դա լիցենզավորված գործունեություն չի համարվում և ոչ մի տեսակի թույլտվություն հարկավոր չի։ Այդքան աղմուկ բարձրացնելու փոխարեն կարելի էր ինտերնետում գտնել այդ պրեպարատի վերաբերյալ տեղեկատվություն, որը ստորև կներկայացնեմ Ձեզ։

    Богатый Fertiplus (N: P: K – 4: 3: 3)
    Богатый Ferti Плюс на 100% органический продукт, и это находится в гранулированной форме. Богатый Ferti Плюс импортируется из Голландии, и это удостоверяется организации здравоохранения для органического земледелия Rich Ferti Plus предоставляет НПК + Гуминовые кислоты + Фульвокислот + все необходимые микроэлементов. Этот продукт 100% органический продукт, который является семян сорняков бесплатно и свободно от любых вредных патогенов. Это полезно для лучшего роста корневой, улучшения свойств почвы, улучшения в воде удерживающей способности, лучше почва-вода-воздух отношения и общий рост растений. Богатый Ferti Plus 65% органического вещества с лучшим идеальным отношение сигнала к шуму / (Carbon: Азот) . Таким образом, этот продукт доказывает лучших в области для лучшего развития белого корня, улучшения физические свойства почв и на всю роста растения. Этот продукт в виде поддона и поэтому очень прост в обращении и применять. Содержание: сухого вещества 88% органического вещества 65% азота 4% Фосфор 3% Калий 3% MgO 1% кальция 9% Сера 0,5% C / шум 9 Другие трассировки Элемент B, Co, Mo, ​​Cu, Fe, Mn, Zn

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930