Հանրային ծառայություններ մատուցող մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունների հետ քաղաքացիների ու իրավաբանական անձանց շփումները տեսականորեն պետք է կրեին դասական իմաստով քաղաքացիաիրավական բնույթ, այսինքն՝ երկու կողմերն էլ, ըստ էության, պետք է լինեին լիարժեք իրավահավասար: Թե գործնականում որքանով այդ կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները կարող են գնահատվել իրավահավասար, գիտենք յուրաքանչյուրս. բոլոր դեպքերում անվիճելի է այն, որ այդ կազմակերպություններն իրենց իսկ շահույթ ապահովող բազմահազարանոց հաճախորդների հետ վարվում են դասական ենթակայության սկզբունքով: Այս առնչությամբ իրավական պարզաբանումներ ստանալու եւ կուտակված հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ դիմել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանին:
– Հանրային ծառայություններ մատուցող ու, ըստ էության, մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունների հետ մենք կամա, թե ակամա փոխհարաբերվում ենք մշտապես, քանզի խոսքը տարրական կենսապայմաններ ապահովող ծառայությունների մասին է: Միաժամանակ, իրավացի եք, որ անխուսափելիորեն բախվում ենք մի իրավիճակի հետ, երբ այս կազմակերպությունները գործնականում հանդես են գալիս ոչ միայն հանրային իշխանության մարմիններին բնորոշ կարգավիճակով (առանց մեր կամահայտնության սահմանում ու փոխում են մեր հետ կնքվող պայմանագրերի պայմանները, կայացնում են հաճախորդի վիճակն այս կամ այն կերպ վատթարացնող որոշումներ եւ այլն), այլեւ օժտված են մի շարք այնպիսի արտոնություններով, որոնք արդեն բնորոշ են բացառապես առեւտրային կազմակերպություններին: Յուրաքանչյուր քաղաքացի լավ գիտի, որ ինքը չի որոշում, օրինակ, գազամատակարարման պայմանագրի որեւէ պայման, որ դրանք նախապես իր փոխարեն որոշված են եւ տիպային պայմանագրի տեսքով «հրամցվում են» իրեն, եւ ինչպես հայտնի ասացվածքն է հիշեցնում. «Դա մի առաջարկություն է, որից քաղաքացին չի կարող հրաժարվել»:
Այլ կերպ ասած, այս կազմակերպությունները հանիրավի մի արտոնյալ վիճակում են հայտնվել, ընդ որում, երբ հարցը վերաբերում է ծառայությունների մատուցման պայմաններին, վերջիններս նախապատվությունը տալիս են միակողմանի որոշումներ կայացնելու այնպիսի գործելաոճի, որը բնորոշ է իշխանական լիազորություններով օժտված մարմիններին, իսկ երբ հարցն արդեն վերաբերում է քաղաքացիների եւ հանրային ծառայություններից օգտվող իրավաբանական անձանց խախտված իրավունքների առնչությամբ վեճերը քննելուն, ապա հապճեպ «մտաբերում են», որ իրենք սոսկ առեւտրային կազմակերպություններ են եւ դատաքննության ընթացքում բնավ կարիք չունեն ստանձնելու իրենց որոշումների, գործողությունների ու անգործության իրավաչափությունը հիմնավորելու պարտականությունը:
Արդյունքում, դարձյալ գործում է երկակի ստանդարտների սկզբունքը՝ ի վնաս սպառողների շահերի: Նկատենք, որ հանրային իշխանությունների պարագայում իմպերատիվ մեթոդաբանությամբ գործելը միանգամայն իրավաչափ է, սակայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, միաժամանակ, վերապահված է այնպիսի կարգավիճակ, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին այդ նույն մարմինների հետ փոխհարաբերություններում հանդես գալ առավել ողջամիտ ու տրամաբանական իրավիճակում: Մասնավորապես, քաղաքացին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը, վերադաս պետական մարմիններին, վերջապես վարչական դատարան, մինչդեռ, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների որոշումները, գործողությունները եւ անգործությունը բացառապես կարող են վիճարկվել ընդհանուր իրավասության դատարանում, այն էլ՝ քաղաքացիական դատավարության կանոններով, երբ յուրաքանչյուր կողմ, ընդհանուր կանոնի համաձայն, ինքն է պարտավոր ապացուցել իր կողմից վկայակոչած փաստերը: Այլ կերպ ասած, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ դատական վեճի դեպքում հենց այդ մարմիններն էլ պարտավոր են ապացուցել իրենց ակտերի ու գործողությունների իրավաչափությունը, մինչդեռ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների դեպքում նույն այդ ակտերի եւ գործողությունների անհիմն լինելու պարտականությունը դրվում է արդեն քաղաքացու վրա:
Կարդացեք նաև
Բացի այդ, եթե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորված են գործել հնարավորինս հրապարակային ու թափանցիկ, ապա այդ պահանջը որեւէ աղերս չունի նշված կազմակերպությունների գործունեության հետ, իսկ դա նշանակում է, որ հաճախ քաղաքացին հարկադրված է լինում վիճարկել կոնկրետ որոշում կամ անգործություն, որի փաստական հանգամանքների ու իրավական հիմքերի մասին վերջինս զրկված է անհրաժեշտ նվազագույն տեղեկատվությունից:
Այս իրավիճակը, իմ համոզմամբ, հանդիսանում է ինչպես օրենսդրության, այնպես էլ ոչ իրավաչափ իրավակիրառ պրակտիկայի արդյունք, իսկ ելքը, թերեւս, կարող է լինել այն, որ այդ մարմինների հետ նվազագույնը դատական վեճերում արմատապես վերանայվեն ապացուցման բեռին վերաբերող կանոնները: Իհարկե, հարկ կլինի արմատապես վերանայել պայմանագրեր կազմելու իրավական ողջ հենքը:
«Առավոտ» օրաթերթ
25.09.2014