Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վադիմ Շուբլաձեին հայերն ընդամենը կրծքանշանով են պատվել

Սեպտեմբեր 26,2014 13:30

Այն էլ խորհրդային ժամանակաշրջանում

Այսօր վրաց ճանաչված դիրիժոր Վադիմ Շուբլաձեն դառնում է 80 տարեկան: Արվեստագետի բեմական գործունեությունը սկսվել է Հայաստանում: Շուբլաձեն 1967-77թթ. հանդիսացել է հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը ու մինչ օրս շարունակում է տարածել նաեւ հայ կոմպոզիտորների երկեր: Ժամանակին «Առավոտի» հետ հարցազրույցում դիրիժորն ասաց, որ խորհրդային երկրներում եւ արտերկրում իր ղեկավարած համերգներում մշտապես տեղ են գտել բարեկամների՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Վլադիլեն Բալյանի եւ մյուս կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հայտնեց նաեւ, որ ժամանակին Մեծ թատրոնի, Ռուսաստանի մեծ սիմֆոնիկ եւ ժողգործիքների նվագախմբերի հետ ձայնագրել է հայ հեղինակների ավելի քան 100 երկ: Ճի՞շտ է, որ ժամանակին դիրիժորը տուժել է հայամետությունից եւ միայն 60 տարին լրանալուց հետո է Վրաստանում արժանացել կոչումների, մեր զրուցակիցը չհերքեց ասվածը, պատասխանելով. «Առաջին բեմելս կայացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Պատկերացնո՞ւմ եք, դա իմ դիպլոմային աշխատանքն էր: Իսկ պետական քննությունը գնահատելու համար Երեւան էին եկել Վրաստանի կոնսերվատորիայի անվանի պրոֆեսորները: Այսօր արդեն կոչումների ու տիտղոսների պակաս չունեմ: Դրանք սկսվում են Վրաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչումով, ավարտվում՝ ակադեմիկոսով»:

Դիրիժորը հիշեց, որ Խորհրդային Հայաստանում էլ են իր ստեղծագործական աշխատանքը գնահատել՝ շնորհելով «Աշխատանքային արիության համար» կրծքանշան: Հարցին էլ՝ անկախ Հայաստանի կառավարությունից սպասո՞ւմ է որեւէ ուշադրություն, Շուբլաձեն պատասխանել էր, որ հայաստանյան իր գործունեության ընթացքում, 1972թ. իրեն ներկայացրել էին վաստակավոր արտիստի կոչման. «Բայց ինձ այդ կոչմանն արժանանալու փաստը վաղ թվաց, խնդրեցի հետաձգել, ասելով, որ դեռ ողջ ստեղծագործական կյանքս առջեւում է…»:

Շուրջ 6 տասնամյակ աշխարհի ճանաչված նվագախմբերի եւ օպերային թատրոնների ցանկալի հյուր Վադիմ Շուբլաձեն խոսելով ընդհանրապես մշակույթի, իսկ մասնավորապես՝ հետխորհրդային շրջանի մասին, նշում է. «Պետք է հասկանալ մեկ բան՝ մշակույթ ստեղծողը, ներկայացնողը, պահպանողը, զարգացնողն ու փոխանցողը ժողովուրդն է։ Այս դեպքում «դրսի» ոչ մի ուժ չի կարող, մեծ ցանկության դեպքում անգամ, միջամտել այլ ազգի մշակույթի։ Ինչ խոսք, «պերեստրոյկայից» տուժեցին թե՛ վրաց, թե՛ հայ, թե՛ ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթները։ Բոլոր ժամանակներում այս ոլորտում ամեն ինչ արվել ու պետք է արվի անձնական կապերի շնորհիվ»։ Ռեպլիկին՝ իսկ մշակույթի նախարարների դե՞րը, անվանի դիրիժորը պատասխանեց. «Չանտեսելով մշակույթի նախարարների դերը, այնուամենայնիվ, պետք չէ հույս դնել նրանց վրա. ժամանակ առ ժամանակ նրանք գալիս են ու գնում։ Կրկնում եմ, գլխավոր դերը ժողովրդինն է»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում`  Վադիմ Շուբլաձեն (ձախից)՝ Էդուարդ Թադեւոսյանի եւ Ժան Տեր-Մերկերյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930