Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այստեղ բոլորն էլ ճանաչում են հայազգի Արթուր Աբրահամին, Հենրիխ Մխիթարյանին»

Սեպտեմբեր 26,2014 13:00

Բեռլինի եկեղեցական համայնքի
ղեկավարը պատմում է համայնքի կյանքի մասին

Բեռլինի եկեղեցական համայնքը ձեւավորվել է նախորդ դարի վերջերին, դեռ ծաղկման խնդիր ունի, փորձում է ծառայել իր հիմնական նպատակների իրականացմանը՝ հայապահպանությանը: Այս մասին մեզ պատմում է Հյուսիսային Գերմանիայի հոգեւոր հովիվ, եկեղեցական համայնքի ղեկավար տեր Գնել քահանա Գաբրիելյանը:

Berlin_2

Գերմանիայում ապրող մոտ 40 000 հայերից 4000-ն ապրում է Բեռլինում, տեր Գնել քահանա Գաբրիելյանի խոսքով՝ բեռլինահայության կորիզը Թուրքիայից ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած հայերն են, վերջին տարիներին շատացել է Հայաստանից եկած ընտանիքների թիվը, այստեղ են նաեւ գալիս եւ անօրինական ճանապարհներով ճամբարներում ապաստանում բազմաթիվ հայեր: «Բոլորի հետ հիմնականում կապ ունենք: Ես ինքս գնում եմ, փորձում եմ իմ աջակցությունը ցուցաբերել, բայց, ցավոք, չենք կարողանում օգնել, որովհետեւ իրենց խնդիրներն ուրիշ են»,- ասում է նա, նշում, որ համայնքում էլ դժվարություններ կան: «Բայց դրանք ժամանակի, նաեւ ջանքների միջոցով հաղթահարելի են» ,- տեղեկացնում է նա, ավելացնում, որ հայ համայնքը Բեռլինում եկեղեցական արարողություններն ու ծիսակատարությունները նշում է վարձակալած եկեղեցիներից մեկում: Այստեղ նաեւ գործում է «Հայ տունը», որը յուրօրինակ հավաքատեղի է դարձել քաղաքում ապրող հայերի համար:

«Մեր «Հայ տունը» գտնվում է քաղաքի մի մասում, իսկ ժողովուրդը տարբեր տեղեր են ապրում: Դա խնդիր է, որովհետեւ Բեռլինը Երեւանի նման փոքր քաղաք չէ, որ որտեղ էլ լինես, կարողանաս գալ: Հիմա նույնիսկ երբեմն կազմակերպվում են պատարագներ Գերմանիայի արեւելյան հատվածում, այնտեղ եւս եկեղեցի ենք վարձել, երկու ամիսը մեկ մեր պատարագներն ենք անում, որտեղ հայությունը շատ է, եւ նոր եկած հայությունն է: Ունենք նաեւ երկու դպրոց, որոնցից մեկը գործում է «Հայ տանը»,- ասում է տեր Գնել քահանա Գաբրիելյանը, ավելացնում, որ առաջիկայում նպատակ ունեն «Հայ տունը» ընդլայնել,- նաեւ տեղափոխել ավելի կենտրոնական տեղ, որպեսզի այդտեղ գալու հարցը բոլորի համար ավելի հեշտ լինի: Հիմնական խնդիրը ժամանակն է: Ավելի տարիքով մարդիկ ժամանակի խնդիր չունեն, երիտասարդները հիմնականում կամ ուսանող են, կամ էլ աշխատում են: Այստեղ դժվար է ամեն ինչ հասցնելը. առավոտյան ժամը վեցից-յոթից դուրս են գալիս տանից, հստակ ունեն իրենց ծրագիրը: Երիտասարդների համախմբումը շատ ժամանակ չի հաջողվում: Կարող է մեկին հարմար լինի, տասին հարմար չլինի»:

Եկեղեցական համայնքի ղեկավարը նաեւ նշում է, որ չնայած երիտասարդությանը համախմբելու դժվարությանը, յուրաքանչյուր քաղաքում, որտեղ որ կան համայնքներ, գործում են երիտասարդական կազմակերպություններ, որոնք վերահսկվում են համայնքի կողմից:

«Կազմակերպվում են տարբեր սպորտային միջոցառումներ, գիտաժողովներ, այցելություններ տարբեր քաղաքների միավորման նպատակով, դասախոսություններ, գիտաժողովներ»,- ասում է տեր Գնել քահանա Գաբրիելյանը՝ հավատացնելով, որ նման միջոցառումներում երիտասարդության ներգրավվածությունն արդեն բարձր է լինում:
Բեռլինի եկեղեցական համայնքի ղեկավարի ձեւակերպմամբ. «Համայնքների ձեւավորումը հենց հավատքից է գալիս, որովհետեւ եթե հավատք չլիներ, համայնքները չէին լինի, որովհետեւ իրապես հավատքի շնորհիվ են հայերը Գերմանիայում կարողանում իրենց երեխաներին հայ պահել»:

Այս ընթացքում, առաջիկայում եւս Գերմանիայի հայ համայնքի ջանքերն ուղղված են լինելու Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը: Բեռլինի հայ համայնքն այդ հարցում համագործակցում է նաեւ Գերմանիայում Հայաստանի դեսպանատան հետ, չնայած որոշակի միջոցառումներ նաեւ ինքնուրույն է նախաձեռնում: «Մեր համայնքը ներկայացնում է իր ծրագրերը, օրինակ՝ Հալե քաղաքը, որտեղ մենք ունենք արդեն մեր սեփական եկեղեցին, անցյալ տարի արդեն պաշտոնապես ճանաչեց «ցեղասպանություն» բառը: Մյուս տարի մայիսին արդեն խաչքար պետք է կանգնեցվի Թալե քաղաքի կենտրոնական մի վայրում՝ դատարանի շենքի առջեւ՝ մայիսի 10-ին՝ հարյուրամյակի հետ կապված: Քաղաքը իր մեծ մասնակցությունը կունենա այդ միջոցառմանը՝ եւ աջակցության առումով, եւ հովանավորչության»:
Խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Գերմանիայից ակնկալիքների մասին՝ տեր Գնել քահանա Գաբրիելյանն ասում է. «Իրականության մեջ միշտ տպավորություն է ստեղծվում, որ երբ մենք ցեղասպանությունից ենք խոսում, ցույց ենք տալիս մեր խեղճությունը: Բայց իրապես այդպես չէ, այլ ընդհակառակը՝ մենք ցույց ենք տալիս, թե ինչ անարդարացի քայլեր են եղել մարդկության նկատմամբ: Դրանով եթե իրենք կարողանան նայել ճշմարտությանը եւ կարողանան իրապես ընդունել Հայոց ցեղասպանությունը, հավատացեք՝ աշխարհում շատ բաներ կփոխվեն, որովհետեւ այդ ամենն ընդամենը սիրո բացակայություն է»:

Բեռլինի եկեղեցական համայնքի ղեկավարը տեղեկացնում է, որ համայնքը հարաբերություններ ունի նաեւ Գերմանիայի մյուս եկեղեցիների հետ: Հոգեւորականի ձեւակերպմամբ, ընդհանրապես հայերը Գերմանիայում ամեն տեղ են ներկայացված, այստեղ բոլորն էլ ճանաչում են հայազգի Արթուր Աբրահամին, Հենրիխ Մխիթարյանին, շատերն են սիրում նրանց եւ երկրպագում, հայ ազգի պատիվն այստեղ բարձր են պահում նաեւ արվեստի գործիչները, հայազգի բժիշկներն ու բժշկուհիները, նրանց շնորհիվ է ստեղծվում մեր դեմքը օտար երկրում, համակրանք ստեղծվում մեր ազգի նկատմամբ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930