Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցնդաբանությունների շարքից է այն, որ հնչակյանները կարող են հանդես գալ իշխանամետ դիրքերից»

Սեպտեմբեր 26,2014 12:30

Հայտարարում է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալաստյանն «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հնչակյան կուսակցության ղեկավար մարմինը Բեյրութում որոշում է կայացրել կուսակցության կենտրոնը Հայաստան տեղափոխելու մասին, եւ ճի՞շտ են այն լուրերը, թե հնչակյանները մտադիր են հաստատվել Երեւանում ու սկսել իրենց ակտիվ քաղաքական գործունեությունը, հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Նախ ասեմ, որ Հնչակյան կուսակցությունն ակտիվ քաղաքական գործունեության մեջ է, եւ միշտ է եղել: Բացի այդ, Հնչակյան կուսակցությունը ոչ թե Բեյրութում է նման որոշում կայացրել, այլեւ նրա վերջին երկու համագումարների ժամանակ որոշում կար կուսակցությունը դարձնել հայաստանակենտրոն, այսինքն՝ կենտրոնական վարչության տեղափոխումը Հայաստան: Այդ որոշումներն ի կատար ածվելու ճանապարհին են, եւ ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մամուլը եւ հասարակությունը պատշաճ տեղեկություն կստանա կուսակցության բոլոր որոշումների մասին շատ ավելի մանրամասն»:

Հաջորդ հարցին էլ՝ լուրերն այն մասին, թե սփյուռքում հայկական կուսակցություն ունենալն այլեւս իմաստ չունի, եւ փոխարենը հնչակյանները որոշել են Հայաստանում հանդես գալ իշխանամետ դիրքերից, Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Դա ցնդաբանությունների շարքից է, թե հնչակյանները որոշել են իշխանամետ գործունեություն ծավալել, կամ՝ որ դրսում այն այլեւս անիմաստ են համարում: Հնչակյան կուսակցությունն աշխարհասփյուռ կառույց է իր բոլոր մասնաճյուղերով, այն կենտրոնաձիգ կառույց է ու սփյուռքում շարունակում եւ էլի շարունակելու է իր քաղաքական հստակ գործունեությունը ծավալել: Հնչակյան կուսակցության հայաստանյան կառույցն ունի իր հստակ դիրքորոշումը, իսկ դրա մասին մեկ անգամ չէ, որ ասվել է, այն ունի հստակ ընդդիմադիր դիրքորոշում, իսկ նմանատիպ որոշումները սովորաբար կայացվում են համագումարներում»:

Դիտարկմանն էլ՝ Հայաստան տեղափոխվելու պարագայում ՍԴՀԿ-ն ի՞նչ կարեւոր ներգործություն կարող է ունենալ ՀՀ քաղաքական գործընթացներում, Նարեկ Գալստյանն ասաց. «Կապրենք՝ կտեսնենք»: Ապա ավելացնելով, որ առաջիկայում այդ ամենի մասին մանրամասներ կհայտնեն Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետը, նրա անդամները, մանավանդ որ՝ իրենց որոշումներն իրականացնելը «յոթ սարի հետեւում» չէ:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930