Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Ես գերադասեցի, որ խոսք լինի»

Սեպտեմբեր 25,2014 23:52

anahit papayan anna mayilyan tigran mansuryanԱյսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Անվանի երաժշտին նվիրված մշակութային երեկոն մի դիսկուրս էր հենց նրա հետ, նրա ուղղորդմամբ «Հայ երգ-հայ ռոմանս» թեմայով,  թե ինչ ճանապարհ է անցել հայ երգը, որն է այսօրվա հայ երգչի պատկերը:

Տիգրան Մանսուրյանի հետ քննարկում ծավալեց նաեւ երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը: Այսօրվա հոբելյանական միջոցառման ձեւաչափն առաջարկել էր հենց հոբելյարը:

«Ես գերադասեցի, որ խոսք լինի: Մենք առհասարակ հետ ենք վարժվել հրապարակային քննարկումներից, սա մեր կյանքում միշտ կարեւոր տեղ է զբաղեցրել: Մենք սիրում ենք խնդիրների շուրջ մտածել, խոսել, քննարկել, ժխտել, հաստատել»,- ասում է Տիգրան Մանսուրյանը՝ հիշելով այն ժամանակները, երբ հրապարակային քննարկումները հաճախակի բնույթ էին կրում եւ դառնում բարձրարժեք գործերի ստեղծման առիթ: Հիմա, ըստ երաժշտի, նման քննարկումները պակասել են, եւ դրա հետեւանքով անորակությունն է շատացել:

Խոսելով երաժշտության տեսակներից՝ անվանի հայ երաժիշտն առանձնացրեց ռոմանս երգի տեսակը. «Իմ պատկերացմամբ եւ առհասարակ երգի բնագավառի փոքր ծավալի շարքի մեջ ամենահասուն տեղն է զբաղեցնում ռոմանսը»,- ասաց նա:

Երաժշտագետ Մհեր Նավոյանն էլ կարեւորեց այն, որ  անվանի մտավորականը իր տարեդարձն առիթ է դարձնում մտահոգիչ խնդիրներ արծարծելու, վեր հանելու, արվեստի մեջ դիսկուրս ձեւավորելու համար: Նա եւս խոսեց ժամանակակից երաժշտության, արվեստի խնդիրների մասին, կարեւորեց, որ երբեւէ հայ երաժշտական մշակույթի մեջ հաճույքի խնդիրը որպես թիրախ չի եղել, սակայն եկավ փոփ, ժամանակակից երաժշտությունը եւ խաթարեց հասարակության ճաշակը, դրան նպաստեցին նաեւ մեր դպրոցը, ընտանիքը, կենցաղը:

Տիգրան Մանսուրյանը, հայ երաժշտության ճանապարհի մասին խոսելիս, չմոռացավ հիշատակել Ռոմանոս Մելիքյանի անունը՝ որպես հայ ռոմանսի լավագույն վարպետներից մեկը, ցավով նշեց, որ նա այժմ բացակայում է մեր կյանքում, չենք լսում նրան ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով: «Այնպես չէ, որ շատ է գրել եւ իր շատն ու քիչը կապ չունեն իր արվեստի հետ: Ես ցավում եմ Ռոմանոս Մելիքյանի բացակայության համար, ցավում եմ»,- ասաց Տ. Մանսուրյանը՝ ավելացնելով, որ Ռ. Մելիքյանի արվեստի ներկայությունը կարող էր նշաձող դառնալ երիտասարդների համար, մրցակցության դաշտ ստեղծեր՝ նպաստելով որակյալ երաժշտության ստեղծմանը:

Քննարկումից հետո երաժշտական կատարումներով հանդես եկան Աննա Մայիլյանը եւ Անահիտ Պապայանը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930