Բլոգեր Տիգրան Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանը այժմ միայն մի երկընտրանք ունի՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) կամ չմիանալ:
«Մյուս այլընտրանքը՝ Եվրամիության խորը համապարփակ առեւտրի համաձայնագրի ստորագրումը անէացավ, իսկ Եվրոպան առանձնապես չցանկացավ ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- Aravot.am-ին ասաց պարոն Քոչարյանը:
Ըստ նրա, դժվար է հիմա հաշվարկել Հայաստանի տնտեսական օգուտները ԵՏՄ-ին միանալու դեպքում, որովհետեւ դեռեւս ամեն ինչ նորմալ հաշվարկված չէ. «Բայց երեւում են Հայաստանի հնարավոր կորուստները՝ չմիանալու դեպքում: Ակնհայտ է, որ Հայաստանը խնդիրներ կունենա, եթե Ռուսաստանը որոշի ինչ-որ ձեւով ոչ թե պատժամիջոցներ կիրառել, այլ Հայաստանին իր տնտեսությունից պարզապես դուրս նետել: Այս դեպքում, օրինակ, Հայաստանի արտահանման հետ կապված զգալի խնդիրներ կառաջանան, բավականին թանկ գին ստիպված կլինի վճարել էներգակիրների համար… միակ այլընտրանքը մնում է միանալ Մաքսային միությանը»:
Տ. Քոչարյանը հնարավոր երեք խոչընդոտ է տեսնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում. «Արեւմուտքն էր, բայց Ամերիկան եւ Եվրոպան առայժմ հանդարտ են, չեն արգելում Հայաստանին որեւէ տեղ գնալ, այնտեղից հնարավոր խոչընդոտներ չկան, ինչպես օրինակ Ուկրաինայում եղան: Երկրորդը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հնարավոր «չուզողությունն է»: Բելառուսը եւ Ղազախստանը ժամանակին Ռւոսաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար փորձել են Հայաստանի խաղաքարտը խաղարկել: Բայց նույն Բելառուսը երկար ժամանակ այլևս հարց չի բարձրացնում` Արցախի պատճառով Հայաստանը չներգրավելու մասին, այդ հարցերը Ռուսաստանի հետ լուծված են , իսկ Ղազախստանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական օղակներից վերջին երկու ամիսներին Հայաստանի անդամակցության վերաբերյալ միայն դրական տեղեկություններ են գալիս: Այսինքն, Ղազախստանը Ռուսաստանի հետ ոնց որ թե հարցերը կարգավորել է»:
Կարդացեք նաև
Վերջին խոչընդոտ, պարոն Քոչարյանի համոզմամբ, Հայաստանի բնակչության ներքին դիմադրությունը կարող է լինել. «Բայց Հայաստանի ներսում դիմադրություն առանձնապես չկա, բոլոր սոցհարցումներով հարցվածների մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն: Իսկ դեմ պայքարողների ակցիաները տեսել ենք, թե ինչ սակավաթիվ մարդկանցով են հավաքվում»:
Մեր հարցին, թե երկրում արմատական փոփոխությունների խնդրով համախմբված եռյակի հանրահավաքը հնարավո՞ր է երկրում իրավիճակ սրի, ասաց. «Մեզ մոտ մայդան չի լինելու, որովհետեւ մայդան կազմակերպող ուժերը, երկրները զբաղված են Ուկրաինայով և Իրաքով»:
Նա պատահական չի համարում եռյակի հանրահավաքը հենց հոկտեմբերի 10-ին կազմակերպելու որոշումը: Տ. Քոչարյանի կարծիքով, ընդդիմադիր ուժերը շահարկելու բան կունենան.«Ընդդմիմությունը շահավետ դիրքում է , որովհետեւ եթե այդ օրը ստորագրվի համաձայնագիրը ԵՏՄ-ի հետ, ապա կսկսեն բարձրաձայնել, թե Հայաստանը վաճառել է իր անկախությունը, ամոթ նախագահին, իսկ եթե չստորագրվի, կասեն՝ դավաճանել են ռուսներին, չեն ուզում գնան»:
Մեր հարցին՝ ի՞նչ սպասել եռյակից, ի՞նչ հնարավորություններ ունեն, ասաց. «Պետք է հասկանալ, հերթական թեժ աշո՞ւնն է, թե՞ իրոք պատրաստ են լուրջ քայլեր անել»: Վերջում էլ հավելեց, որ այժմյան ընդդիմությունը ռեսուրս չունի իշխանափոխություն անելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ