Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլինայում ընթանում է «Երիտասարդության եւ զարգացման» համալսարանը

Սեպտեմբեր 25,2014 20:21

Սեպտեմբերի 21-ից 28-ը Իսպանիայի Մոլինա քաղաքում Եվրախորհուրդը, Իսպանիայի կառավարության և գործընկեր միջազգային կառույցների հետ համատեղ կազմակերպել է 15-րդ «Երիտասարդության և զարգացման համալսարանը», որը մեկտեղել է շուրջ 300 մասնակից աշխարհի գրեթե 50 երկրից: Համալսարանի շրջանակում տարբեր միջազգային կազմակերպություններ իրականացնում են սեփական ծրագրերը, ինչպես նաև համատեղ միջոցառումներ, քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ և այլն: 

Համալսարանի կազմակերպական թիմում որպես դասընթացավար Հայաստանից ներգրավված է Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանը, ով համակարգում է նաև գլոբալ միգրացիային վերաբերող «H.O.M.E» ծրագիրը: 

Համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատումների՝ ամեն տարի մոտ 4 մլն մարդ արտագաղթում է առանց համապատասխան թույլտվության: Միգրանտներին հաճախ վտանգավոր ճամփորդություն է սպասվում, նրանք հանդիպում են դժվարին աշխատանքային ու կենցաղային պայմանների և անհանդուրժողականության, երբ ոտք են դնում օտար հող: Խոցելի կարգավիճակի պատճառով նրանք հաճախ վախենում են  օգնություն փնտրել, երբ իրենց իրավունքները ոտնահարվում են: «H.O.M.E» ծրագրի նպատակն է քննարկել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների փորձն ու գիտելիքները, բարձրաձայնել առկա խնդիրները, փորձել փոխել հանրության ընկալումը, ստեղծել անվտանգ տարածք ներգաղթյալների և փախստականների համար, զարգացնել նրանց ունակությունները և ծանոթացնել իրենց իրավունքներին: 

Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ «վերջին տարիներին Իրաքում, Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով Հայաստանում հանգրվանած մեկ տասնյակ հազարից ավելի սփյուռքահայերի գերակշիռ մասը, չնայած փախստականի կարգավիճակ չունի հայրենիքում, սակայն թե՛ ֆինանսապես, և թե՛ հոգեպես կայանալու կարիք ունի: Իսկ մյուս կողմից, մարդկանց արտագաղթը Հայաստանին կանգնեցրել է նոր մարտահրավերների առաջ, որոնք բնորոշ են աշխարհի բազմաթիվ երկրների, ու Համալսարանը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում սեփական խնդիրները բարձրաձայնելու և դրական փորձի փոխանակության համար»: 

«Երիտասարդության և զարգացման համալսարանը» կավարտվի սեպտեմբերի 28-ին՝ ամփոփելով բոլոր արդյունքներն ու ստեղծելով նոր հարթակ հետագա աշխատանքի համար: 

Արման Գրիգորյան 
Մոլինա, Իսպանիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930