«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր Աբովյան քաղաքում եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ պետք է սկսվի մի շարժում, որը Հայաստանին ներքին ազատություն ու փոփոխություններ է բերելու:
«Որովհետեւ ինչ այսօր կա, կոչվում է Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի նշանակում: Մարդու, որը Սյունիքը ֆեոդալացրել է: Այդպիսի պաշտոնական դիրքորոշում ենք այսօր տեսնում, այսինքն, իշխանությունները ցույց են տալիս, որ հասարակական կարծիքի, մեր ցանկությունների՝ երկրում փոփոխությունները լինելու եւ մեր ազատության վրա թքած ունեն: Ուրիշ ճանապարհ չունենք, քան արմատական իշխանափոխությունն ու համակարգային բարեփոխումները»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Հետո դիմեց ոստիկաններին, ասաց՝ այս շարժումը նաեւ նրանց ու նրանց երեխաների համար է լինելու, «Հակառակ դեպքում վաղը չի լինելու քաղաքացին, որը հարկ է վճարելու ու դուք աշխատավարձ եք ստանալու, չի լինելու այն քաղաքացին, ում կյանքի անվտանգությունը , ազատությունը երդվել եք պաշտպանել, դուք երդվել եք պաշտպանել ժողովրդին եւ ոչ երբեք կեղծված ընտրությունները»:
Նա համաձայնեց պարոն Օսկանյանի հետ, թե արդեն անիմաստ է արմատական փոփոխությունների համար պահանջել կառավարության կամ վարչապետի հրաժարականը. «Ի սկզբանե համոզված էի, որ այս կառավարությունը ոչինչ չի կարողանալու անել, որովհետեւ հենց իր իշխանության վերարտադրած կառավարությունն է, եթե կառավարության հրաժարական պահանջենք ու ասենք թե Հովիկ Աբրահամյանին հանեցին, ո՞ւմ պետք է բերեն, պետք է բերեն Գալուստ Սահակյանին: Դրանով փոփոխոթյուններ կլինե՞ն երկրում, իհարկե՝ ոչ»:
Կարդացեք նաև
Պարոն Մարտիրոսյանի խոսքով, իշխանությունները բազմաթիվ անգամներ և՛ շանս և՛ աջակցությունն են ունեցել քաղաքական ուժերից, որ իրական բարեփոխումներ իրականացնեն. «Բայց իրենց ամեն հաջորդ քայլը ցույց է տվել, որ հակառակը՝ իրենք փորձելու են ժողովրդին մինչև վերջ ժողովրդական լեզվով ասած կոպեկահան անել, փորձելու են մեր երկիրը դատարկեն, որպեսզի իրենք հավերժ իշխանավորեն»:
Նա նաեւ ասաց, որ հիմա պատմական եզակի շանս է Հայաստանում. «Հայաստանի 1991թ․անկախացումից ի վեր երբևիցե չի եղել, որ իշխանությունը լինի մեկ կուսակցության ձեռքում։ Եղել են տարբեր դաշինքներ, կոալիցիաներ, համագործակցություններ, բայց չի եղել, որ մի կուսակցություն միայնակ իշխի։ Բայց նաև չի եղել, որ համատարած ձևով ընդդիմությունը միասնական փորձի պայքարել։ Այդ շանսը այս անգամ տրված է: Այս պահին մենք մի խնդիր ունենք՝ երկիրը փրկելու խնդիր ունենք, որովհետև այն արյունը, որ թափվեց մեր ազատամարտիկների կողմից, այն արյունը, որով հնարավոր եղավ ազատագրել հայրենիքի մի մասը՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի, այդ արյունը չպետք է ջուր դառնա։ Այդ արյունը պետք է նպատակին ծառայի՝ նաև հզորացնելով Հայաստանը»։
Նա նաեւ կոչ արեց անպայման մասնակցել հոկտեմբերի տասի հանրահավաքին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ