Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհների համար անորակ բիտում ու էժան ցեմենտ են օգտագործել. Վերահսկիչ պալատի բացահայտումը

Սեպտեմբեր 25,2014 17:50

Այսօր Վերահսկիչ պալատը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց տրանսպորտի ոլորտում 2013-ին ստուգումների արդյունքները:

Ըստ հաշվետվության, ստուգումներ են կատարվել տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կատարված ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման հետ կապված: Պարզվել է, որ խորհրդատվական ծառայություններ մատուցող Սաֆեջ Էս. Ա. (Safege (Ֆրանսիա) և Էպտիսա (Eptisa (Իսպանիա) համատեղ ձեռնարկության կողմից չեն կատարվել պայմանագրային պարտականությունները, նրանց կատարած աշխատանքը չի համապատասխանել ստանդարտներին ու որակական չափանիշներին, ժամանակի առումով էլ խախտում էր կատարվել, այսինքն, չէին հասցրել ժամկետում ավարտել աշխատանքը: Ենթահիմքի կառուցման համար օգտագործված նյութն իր հատիկաչափական կազմով չի համապատասխանել տեխնիկական պահանջներին: Ցեմենտբետոնյա ծածկում առաջին տեսակի ցեմենտի փոխարեն օգտագործել են երկրորդ տեսակի ցեմենտ, որն ավելի էժան է եւ մի շարք այլ խախտումներ արել:

Խախտումներ են կատարվել նաեւ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ժամանակ: Օրինակ, շինարարական եւ հիմնանորոգման աշխատանքների կատարողական ակտերում 12 մլն դրամի աշխատանք ավելի շատ են հաշվել՝ փաստացի կատարված աշխատանքից:

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային եւ ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարողականներում ավելի է հաշվարկվել 15 մլն դրամ։ Աշխատանքներն իրականացնելիս օգտագործված բիտումը չի ունեցել ծագման ու որակի հավաստագիր: Որոշ դեպքերում ասֆալտբետոնի խառնուրդում բիտումի եւ հանքային փոշու չափաբաժինը չի համապատասխանել սահմանված նորմերին:

Իշխան Զաքարյանը նշեց, որ Հայաստանում, ցավոք, բիտումի որակը ստուգող լաբորատորիա չկա եւ չեն կարող ասել, թե հստակ ինչ որակի բիտում են օգտագործում մեր ճանապարհների շինարարության համար: Այն թերությունները, ինչ հայտնաբերել են, գտել են զուտ փաստաթղթերով՝ սահմանված նորմերի անհամապատասխանությամբ:
Այսքան խախտումները լսելուց հետո հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եզրակացրեց. «Ոնց որ հասկացանք, ձեր ասելով ամեն ինչ արտակարգ է»:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ ասաց, որ ինչ խախտումների մասին այսօր ասաց Վերահսկիչ պալատը, արդեն առաջընթաց կա եւ պետք է դա էլ արձանագրել. «Նշեք այդ մասին: Երբ քննարկման եք գնում, կոնկրետ թերություններ եք մատնանշում, մարդկանց մոտ տպավորություն է, որ անցած տարվա խնդիրները չեն վերացել, էլի ունենք: Եկեք արձանագրենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի բոլոր որակական հարցերը լուծված են, աշխատանքներն ընթանում են համաչափ, կավարտվեն ժամանակին»:

Ինչ վերաբերում է էժան ցեմենտ օգտագործելուն, նախարարը բացատրեց, որ դա արել են, որպեսզի մեր հայկական արտադրանքը կարողանան օգտագործել ու թույլ չեն տվել շինարարին ներմուծել ցեմենտ. «Դա արել ենք, որպեսզի 3000-ից ավելի մարդիկ կարողանան աշխատել, եւ դա չի ազդում մեր ճանապարհի որակի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930