Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարտին Յորգանցը տպավորված է սեպտեմբերի 23-ին Էջմիածնի հրապարակում կայացած համերգից. «Ինձ երկու անգամ «Ճկույթիկ» երգցուցին,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա,- անչափ երջանիկ եմ ու շնորհակալ, որ համերգը լավ անցավ, այնքան շատ մարդ կար, այնքան ջերմ հանդիսատես: Ես միշտ զարմանում եմ, որ «Ճկույթիկը» 24 տարի շարունակ իր ուժը չի կորցնում: Փոքրիկների համար գրած երեսունից ավելի երգեր ունեմ, բայց այս մեկը յուրահատուկ համբավ ունի, որն ինձ համար շատ ուրախալի է»:
Նշենք, որ Էջմիածնում կազմակերպված համերգը նվիրված էր «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի ծննդյան տասնամյակին: Եվ ֆրանսահայ երգիչը համերգի հատուկ հյուրն էր. «Մենք որոշեցինք հենց Մ. Յորգանցին հրավիրել, որովհետև նրան և´ փոքրիկներն են սիրում, և´ երիտասարդները, որոնք մեծացել են նրա երգերի ներքո: Այդ սերը երևաց նաև այս համերգի ժամանակ: Երբ «Ճկույթիկը» հայտարարվեց, չեք պատկերացնի՝ ինչ մեծ աղմուկ բարձրացավ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ այն, ինչ սիրում ես, հարատև է»,- ասաց «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի հիմնադիր տնօրեն Անահիտ Մադոյանը և տեղեկացրեց, որ առաջիկայում Եվրոպայում, Կանադայում և այլուր հանդես գալու ծրագրեր ունեն. «Հուսով եմ՝ այս համերգը հետագա համագործակցության համար ամուր հիմքեր կստեղծի, և էլի առիթներ կունենանք համատեղ հանդես գալու Մ. Յորգանցի հետ»,- նշեց Ա. Մադոյանը:
Իսկ Մ. Յորգանցը երջանիկ է Հայաստանում գտնվելու համար. «Ես Հայաստանը շատ եմ սիրում, և սքանչելի են անցնում օրերս այստեղ: Դա ինչ-որ տեղ նաև հայ փոքրիկների ու երիտասարդների ժպտերեսության ու գեղեցիկ խոսքերի շնորհիվ է,- ասում է կոմպոզիտորը,- այստեղ տաղանդավոր երեխաներն ու պատանիները շատ են: Հայաստանը հանքեր, ծովեզերքներ ու էլի նման բաներ չունի, բայց փոխարենը մարդկային մեծ ռեսուրսներ ունի, որը, կարծում եմ, ավելի գնահատելի է»:
Ֆրանսահայ երգիչն ասում է, որ միշտ մեծ սիրով է գալիս հայրենիք և գալիս է հենց որ հնարավոր է լինում. «Աշխատում եմ տարվա մեջ գոնե մեկ անգամ լինել հայրենիքում, միայն անցած տարի չկարողացա գալ»,- ասաց նա՝ հիշելով, որ 1988 թվականից ի վեր միայն Հայաստանում 139 համերգ է ունեցել:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ