Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն չի ընկրկում, սա ցույց տվեց Սուրեն Խաչատրյանի նշանակումով»

Սեպտեմբեր 25,2014 17:32

«Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելով՜ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ հասարակության հետ իշխանությունների հարաբերվելու ամենաընդունելի ձեւը «լիսկայությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանն` այսօր Սուրեն Խաչատրյանին  Սյունիքի մարզպետ վերանշանակելու առնչությամբ: Տիկին Խառատյանի դիտարկմամբ` ««Լիսկան», որպես այդպիսին բացառիկ չէ»:

Hranush-Xaratyan

Հրանուշ Խառատյանի խոսքերով` այս վերանշանակումով, նախեւառաջ, ՀՀԿ-ն ցույց տվեց, որ ինքը չի ընկրկում, անկախ, թե հասարակական կարծիքն ու փաստերն ինչպիսին են. « ՀՀԿ-ն, եթե արժեւորում է, ուրեմն` ինքը շարունակում է արժեւորել եւ վերարժեւորել, եւ այսպիսի նշանակումներով փորձում է պահել իր ամրությունը, հասկանալի դարձնել, թե հասարակական կարծիքով չէ, որ պետք է առաջնորդվի: Եվ ես կասեի, որ փաստացի արժեքներով չէ, կամ հակառակը՝ փաստացի արժեքներով է, որ պետք է առաջնորդվի: Լիսկայի փաստացի արժեքը, դա «լիսկայությունն է», դա ռեսուրսներ վերցնելն է, մարդկային ռեսուրսների` իր ցանկացած եւ իր ճաշակով վերադասավորումն է, դա վախի եւ բռնության մթնոլորտի ձեւավորումն է, դա «լիսկայություն է», որը իշխանության պահպանության հիմքերից մեկն է: «Լիսկայի» վերանշանակումը հենց «լիսկայության» վերահաստատումն է, այսինքն` արդեն իսկ առկա երեւույթի վերահաստատումն է իշխանության կողմից»:

Aravot.am-ի հարցին, արդյոք ՀՀԿ-ն այլ թեկնածու չունե՞ր Սյունիքի մարզի համար, որը Սուրեն Խաչատրյանի պես կկարողանար ծառայել իշխանությանն ու ձայներ ապահովել իշխանության համար, տիկին Խառատյանը նկատեց. «ՀՀԿ-ի իշխանության խնդիրը չէ, ՀՀԿ-ի դավանած արժեքները հասարակությանը պարտադրելն է: Մեկ ուրիշը «Լիսկայի» չափ, գուցե, դեռ հրապարակի վրա ցույց չի տվել իր դավանած արժեքները, իսկ նա փայլուն ցույց է տվել: Այդ արժեքները վերահաստատելու խնդիրն է»:

Մեր այն հարցին էլ՝ վերջերս սյունեցիները Խաչատրյանի հավանական նշանակման մասին լուրերից հետո, ընդդիմացել էին, դեմ էին արտահայտվել, արդյոք այս վերանշանակումը կբոյկոտե՞ն մարզի բնակիչները, թե՞ վախից կհաշտվեն, տիկին Խառատյանն ասաց, որ այս խնդիրը միայն սյունեցիներինը չէ, եւ չպետք է միայն սյունեցիներով դիտարկել. «Սյունեցիներն արդեն իսկ ընդվզում էին, ինչ-որ ձեւով փորձում էին ցույց տալ իրենց վերաբերմունքը: Բայց, ախր մեր հասարակությունը սյունեցի չի, շիրակցի չի, Հայաստանի ամբողջ հանրության համար է խնդիրը: Եվ սյունեցիների վրա փաթաթելով խնդիրը` մենք մեծ սխալ ենք թույլ տալիս, եթե մենք սպասենք, որ սյունեցին պիտի ընդվզի, այսինքն, մենք ինքներս այդ նույն հատվածային, տեղայնական մոտեցում ենք ցուցաբերում, ինչ-որ իշխանությունները` մեր նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի անվան  հետ կապված, ու նաեւ իր մասնակցությամբ մի շարք հանցագործությունների մասին բազմիցս հրապարակումներ են եղել:
Իսկ անցյալ տարի հունիսին նախագահը ստորագրեց Սուրեն Խաչատրյանի հրաժարականի դիմումը, մինչ այդ Գորիսի իր առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի  արդյունքում սպանվեց գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր՝ բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը փրկվեց հրաշքով, իսկ Խաչատրյանի տղան ու թիկնապահը մարդասպանությունից հետո արդարացվեցին ինքնապաշտպանության հիմնավորումով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Հհկ տեռորիստական խմբավորման ,,գաղափարական,, հենքը լիսկայականությունն է…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930