«Ձեզ պարզ չէ՞, որ Սերժ Սարգսյանը այդ օլիգարխիայի նախագահն է, չի երևո՞ւմ: Ինքն է աճեցրել այդ օլիգարխներին`Վազգեն Սարգսյանի հետ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կգնահատի Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքը, երբ նա օրինակ` ասել է` «բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն», այսպես պատասխանեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` նշելով, որ ծանոթ չէ այդ դեպքի մանրամասներին:
Հիշեցնենք, որ Պրահայում` Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ, երբ դեսպանության դահլիճից տեսաձայնագրող սարքերը դուրս էին բերվել, թույլատրվել էր միայն նախագահի անձնական օպերատորին նկարահանումներ կատարել, Սերժ Սարգսյանը բավականին անկեղծ զրույց է ունեցել: Օրինակ` Շարլ Ազնավուրի հայտնած այն կարծիքին, թե «Շատ չի անցնի, եւ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակներին, մի քանի մաֆիոզի՞», Սերժ Սարգսյանն արձագանքել էր. «Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը»:
Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում ծավալվեց օլիգարխիայի թեմայով և որոշ դրվագներ ներկայացրեց Սերժ Սարգսյանի անցյալից: Նա մասնավորապես ասաց. «1996-ի խորհրդարանական ընտրություններն էին, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը շրջաններն իրար մեջ էին բաժանել: Ես իմ թեկնածությունն էի առաջադրել Դաշնակցությունից, ինձ մի անգամ մեր բարեկամի տղան, որ իբր ուզում էր տեսնել` օգնի՞ ինձ, թե` ոչ, հարցրեց` դաբրո ունե՞ս»:
Պարոն Շիրինյանը կարծում է, որ մեր երկրին բռնակալ է պետք, և մեկ գիշերում բանակը կբերի մարտական պատրաստության և օլիգարխների «հարցերը կլուծի»:
Քաղաքագետի համար օլիգարխիայի դեմն առնելու տարբերակ է նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը դուրս գան իրար դեմ, բախվեն ու չափավորվեն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ